ԱԳՆ-ն ստում է Թուրքիայի` ԵԱՏՄ-ին միանալու հնարավորության մասին

ԱԳՆ-ն ստում է Թուրքիայի` ԵԱՏՄ-ին միանալու հնարավորության մասին
ԱԳՆ-ն ստում է Թուրքիայի` ԵԱՏՄ-ին միանալու հնարավորության մասին

Օգոստոսի 18-ին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ:

«Մենք առաջարկ ունենք, որպեսզի Թուրքիան մաքսային համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բանակցություններ սկսի Եվրասիական տնտեսական միության հետ՝ չխախտելով համապատասխան համաձայնությունները Եվրամիության հետ: Թուրքիան ցանկանում է նաև այլ համագործակցություն հարթել ԵԱՏՄ-ի հետ», – «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Զեյբեկչին:

Թեև, սա թուրք պաշտոնյայի առաջին հայտարարությունը չէր Թուրքիայի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության նման ձևաչափի ստեղծման հնարավորության վերաբերյալ, և դեռևս ընթացիկ տարվա մայիսին Սոչիում կայացած Էրդողան-Պուտին հանդիպումիցհետո նախարարը հույս էր հայտնել, որ այն կնպաստի Թուրքիա-ԵԱՏՄ հարաբերությունների ավելի արագ զարգացմանը, սակայն Զեյբեկչիի վերջին հայտարարությունը դժգոհության հերթական ալիքը բարձրացրեց Հայաստանում:

Հայտարարությունից մեկ օր անց հայկական լրատվական գործակալություններից մեկին տված մեկնաբանության մեջ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «զավեշտալի» էր որակել Թուրքիայի նման մտադրությունը:

«Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև», – ասել էր Քոչարյանը: Այս հայտարարությունն օգտագործեցին նաև մյուս բոլոր ԶԼՄ-ները, այդ թվում Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականը՝ շեշտելով, թե «Թուրքիան չի կարող միանալ ԵԱՏՄ-ին»:

Սակայն ոչ պակաս «զավեշտալի» է Քոչարյանի այս հայտարարությունը, որը ակնհայտ ապատեղեկատվություն է պարունակում: ԵԱՏՄ պայմանագիրը ոչ միայն նախատեսում է այդ միության և երրորդ երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը՝ նույն, այսպես կոչված, մաքսային համաձայնագրի ստորագրումը («Եվրասիական տնտեսական միության մասին» պայամանգրի 35-րդ հոդվածով), այլև արդեն գոյություն ունի երկիր, որի հետ ԵԱՏՄ-ն ստորագրել է համապատասխան համաձայնագիրը:

2016 թվականի հոկտեմբերի 5-ին ուժի մեջ մտավ ազատ առևտրի մասին ԵԱՏՄ-Վիետնամ համաձայնագիրը, որով Վիետնամն արտոնյալ մուտք ստացավ ԵԱՏՄ անդամ 5 երկրների ընդհանուր շուկա: Ընդ որում, շուտով նմանատիպ խորհրդակցություններ կսկսվեն նաև Եգիպտոսի հետ: Օրեր առաջ Մոսկվայում Եգիպտոսի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել որ այդ խորհրդակցություններին կհաջորդեն «լիարժեք բանակցությունները»: Նույն տրամաբանությամբ, համապատասխան համաձայնության ձեռքբերման դեպքում այս միության հետ ազատ առևտրի գոտի կարող է ունենալ ցանկացած այլ երկիր՝ այդ թվում Թուրքիան, եթե դրան հավանություն տան ԵԱՏՄ անդամ երկրների խորհրդարանները:

Հետևաբար, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, փորձելով իբր կոշտ դիրքորոշում արտահայտել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածել ԵԱՏՄ պայմանագրի մասին: Միգուցե պաշտոնական Երևանը չստորագրի կամ չվավերացնի Թուրքիա-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը, սակայն ԵԱՏՄ պայմանագիրը, ի հեճուկս Քոչարյանի հայտարարության՝ նախատեսում է նմանօրինակ համաձայնագրերի ստորագրում:

Աղբյուրը՝ sut.am