«Առողջության ապահովագրությունը հնարավորություն կտա հարևանից պարտք չվերցնել և վճարել բուժման համար». Դավիթ Մելիք-Նուբարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը

– Պարոն Մելիք-Նուբարյան, այսօր Կառավարությունը հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, ինչը ենթադրում է, որ Հայաստանում առողջության ապահովագրության համակարգ է ներդրվում: Ի՞նչ է ենթադրում այս համակարգը, և ի՞նչ եք կարծում՝ արդյոք հասարակությունը պատրա՞ստ է այս համակարգի ներդրմանը:

– Եթե անկեղծ լինենք, սա իրոք մեծ քայլ առաջ էր, և վաղուց ժամանակն է, որ Հայաստանում ներդրվի առողջության ապահովագրության համակարգ: Մի հետազոտության արդյունքների համաձայն՝ հանրության զգալի տոկոսը բժշկական ծառայությունների համար ստիպված է լինում վճարել իր ընտանիքի բյուջեից, և այն մարդիկ, որոնք իրենց ընտանիքի բյուջեից են վճարում հետազոտությունների համար, նրանց 30 տոկոսը ամբողջությամբ փոխում է ընտանիքի կենսակերպը: Սա նշանակում է, որ բուժման համար վճարելու դեպքում մի ծախս կրճատում է, օրինակ՝ երեխայի ուսման վարձը չի կարողանում տալ կամ գույքն է վաճառում: Այսինքն՝ ծանր հետևանքների է հանգեցնում, և մասնագիտական գրականության մեջ այդ երևույթը կոչվում է՝ բախվում են ֆինանսական աղետի: Ծախսերի այդ ազդեցությունը համադրելի է տարերային աղետի հետևանքով թողած ազդեցությանը:

Ազգային ժողովի կողմից պատվիրվել էր հետազոտություն, որը մենք կատարեցինք, և պարզվեց, որ հարցվածների 1/3-րդը կանոնավոր դեղօգտագործող է: Եվ այդ դեղ օգտագործողների մեծ մասը փող չունենալու պատճառով այդ դեղ խմելը հաճախ բաց է թողնում, ինչն էլ, հասկանալի է, հանգեցնում է առողջապահական լուրջ խնդիրների:

Մեզ մոտ, Հայաստանում ծառայություների հասանելիության խնդիր կա, որի լուծման առավել հարմար, ռացիոնալ համակարգը պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումն է:

– Ի՞նչ կտա մեզ այդ համակարգը:

– Այս համակարգը հնարավորություն կտա, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ստանա այն բժշկական օգնությունը, որն իրեն պետք է, երբ իրեն պետք է, իրեն հարմար վայրում և, ամենակարևորը՝ հարևանից պարտք վերցնելով չվճարի դրա համար: Մատչելիության հարցը լուծվելու է: Սա է մեզ տալու:

Այս հայեցակարգում նախատեսվում է համակարգի փուլային ներդրում, և շուրջ 5 տարվա ընթացքում համակարգը Հայաստանում արդեն ներդրված կլինի: Այդ տարիների ընթացքում հանրությունն ամբողջությամբ կունենա առողջության համապարփակ ապահովագրություն:

– Համակարգը նաև 100 տոկոսով չի ծածկում բոլոր բժշկական ծառայությունները:

– Այո՛, դա շատ կարևոր դիտարկում է, և այս պարագայում պետք է ընդունենք, որ 100 տոկոսանոց ծառայություններ ոչ մի երկրում չեն ապահովվում: Այսինքն՝ կլինեն ինչ-որ ծառայություններ, որ դուրս կմնան: Բայց դրանք չեն լինելու մարդու առողջության համար կարևոր ծառայություններ:

Որպես կանոն՝ դուրս են մնալու պլաստիկ, կոսմետիկ և նման այլ ծառայություններ, բայց առողջության ու կյանքի համար կարևոր բժշկական ծառայությունները իհարկե ծածկվելու են:

– Պարո՛ն Մելիք-Նուբարյան, հարկ վճարողները, հարկատու քաղաքացիները որոշ մտահոգություններ ունեին՝ նշելով, թե հերթական հարկային բեռն է դրվում իրենց ուսերին: Ի՞նչ կասեք այս առումով:

– Ես որքան գիտեմ, հայեցակարգով նախատեսվում է ոչ թե հարկ, այլ՝ հաստատագրված վճար: Դա ֆինանսական հարց է, որի նրբություններին այնքան էլ չեմ տիրապետում, բայց կոնցեպտը հետևյալն է. այսպես թե այնպես՝ հարկ ենք վճարում՝ ես, դուք ու շատերը, բայց այդ հարկի դիմաց այսօր բուժվում են հաշմանդամություն ունեցող անձինք, մինչդեռ ես ինքս չունեմ դրանից օգտվելու իրավունք: Այս համակարգի ներդրման պարագայում ես էլ կունենամ այդ իրավունքը:

Մեր հարկատուները հիմա մոռանում են, որ այսպես թե այնպես մենք այսօր վճարում ենք մոտավորապես 1.5 մլն մարդու համար, որ անվճար բուժվեն, բայց մենք չենք օգտվում դրանից:

Եթե մենք ապրում ենք սոցիալական համերաշխության գաղափարի շուրջ միավորված հասարակությունում, պետք է մտահոգվենք անապահով խավի համար, օրինակ՝ ինձ համար խնդիր չէ, ես կարծում եմ, որ ես պետք է վճարեմ հաշմանդամություն ունեցող մարդու համար, ես պետք է վճարեմ երեխայի համար, թոշակառուի համար, այն մարդու համար, որ կյանքի ինչ-որ փուլում այսօր հայտնվել է խնդիրների մեջ, գործազուրկ է և այլն:

– Հանրությունը նաև առողջապահական ծառայությունների որակի հետ կապված ունի վերապահումներ, ինչ եք կարծում՝ այս համակարգի ներդրումը կօգնի՞ բարելավելու բուժծառայության որակը:

– Ճիշտ հարց եք բարձրացնում, և մտավախությունը օբյեկտիվ է ու տեղին: Ապահովագրության համակարգի ներդրումը չի ենթադրում ֆինանսավորման մեխանիկական գործընթաց փոխել, ամենևին: Խոսքը համակարգի գործունեության գաղափարախոսության փոփոխության մասին է, իսկ այդ գաղափարախոսության հիմքում հենց որակն է ընկած լինելու: Այսինքն՝ տրամաբանությունն այն է, որ ապահովագրության համակարգի պայմաններում ծառայություն գնող ապահովադիրը՝ հիմնադրամ թե մասնավոր ապահովագրական ծառայություններ, այդ ծառայությունը գնելու է այն բուժհաստատություններից, որոնք առավելագույն որակ են ապահովում: Կարճ ասած՝ ապահովագրված մարդը ստանալու է ամենաորակյալ բուժօգնությունը, որովհետև գնորդը այն գնելու է նրանից, որը համապատասխանելու է սահմանված որակի չափանիշներին:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am