Ալեն Սիմոնյանի ո՞ր հայտարարությանը վստահենք, որ ասում էր՝ Աղդամն իմ հայրենի՞քն է, թե՞ որ ասում է՝ Արցախը հայկական չէ.  Քրիստինե Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը 

– Տիկի՛ն Վարդանյան, Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Ես չգիտեմ՝ իրենք ինչի՛ հետ են ծանոթացել, երևի կարդացել են, չեն հասկացել կամ հատուկ են դա անում, բայց պայմանագրում որևիցե կետ չկա, որտեղ նախատեսված է մի կողմի գործողություն»: Քանի որ դուք այն պատգամավորներից եք, որոնք ծանոթացել են խաղաղության պայմանագրին, ձեր գնահատականն եմ խնդրում այս հայտարարության մասով։

– Նկատենք, որ Ալեն Սիմոնյանը չի պատասխանել լրագրողների այն հարցին, որ ընդդիմադիր պատգամավորներն այդ փաստաթղթում վտանգներ են տեսել: Ալեն Սիմոնյանն ասում է, որ այնտեղ չկան միակողմանի գործողություններ, ես էլ եմ վերահաստատում, այնտեղ միակողմանի գործողություններ չկան, այնտեղ կա հետևյալը՝ Հայաստանը զիջում է, Ադրբեջանն ամրապնդում է դիրքերը, միակողմանի չէ, բայց տուժող կողմը մենք ենք։ Կարևոր եմ համարում արձանագրել, որ Ալեն Սիմոնյանն էլ չի հերքել, որ կան վտանգներ, ու դրանք Հայաստանի համար են: 

Ինչ վերաբերում է մեր՝ հայերենին տիրապետել-չտիրապետելուն, ցանկացած ՔՊ-ական, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանը, թող վերցնի ու կոնկրետ ասի՝ մենք այդ պայմանագրով ի՛նչ ենք ստանում, կոնկրետ ու երաշխավորված՝ ի՞նչ ենք ստանում: Ես շարունակում եմ պնդել, որ ոչինչ երաշխավորված չէ, ու մենք ոչինչ չենք ստանում։ 

Այս կարևորագույն թեմային այսպիսի էժանագին մանիպուլյացիայով անդրադառնալը շատ վատ հնարք է։ Կրկնում եմ, որ խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը վտանգները չի հերքում, միայն ասում է, որ այնտեղ երկկողմ են գործողությունները, այո՛, ես էլ եմ հաստատում, որ Հայաստանը զիջում է, Ադրբեջանն ամրապնդում է դիրքերը։ 

– Այնուամենայնիվ, զիջումների մասով, ստացվում է, որ միակողմանի գործողության հե՞տ գործ ունենք։

– Թող իրենք ասեն՝ ի՞նչ է զիջում Ադրբեջանը, ամբողջ ՔՊ-ից մեկը այդ հարցին կարո՞ղ է պատասխանել, բայց ես կարող եմ ասել, թե Հայաստանն ինչ է զիջում․ Ադրբեջանն ամրապնդում է ուժով ձեռք բերածը, Հայաստանն արդեն պատրաստակամություն է հայտնել 8 գյուղ զիջելու, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել տրամադրել ճանապարհ, որի վերահսկողության հարցը դեռ բաց է մնում, թե ի՛նչ ռեժիմ պետք է գործի, ու ո՛վ պետք է վերահսկի այն, իսկ սրա փոխարեն Ադրբեջանն ի՞նչ է զիջում: Եթե որևէ մեկը կասի, որ Ադրբեջանը խոստանում է չհարձակվել, դա նշանակում է, որ մենք Ադրբեջանին վերածում ենք Հայաստանի անվտանգության երաշխավորի, այլ հարց է, թե Ադրբեջանի խոսքին կարելի՞ է վստահել, թե՞ չէ։

– Տիկի՛ն Վարդանյան, այդ ճանապարհը «Զանգեզուրի միջա՞նցքն» է։

– Չեմ ուզում ադրբեջանական տերմիններով խոսել, բայց ակնհայտ է, որ գործող իշխանությունների կողմից կա պատրաստակամություն՝ տրամադրել ճանապարհը, ու իրենք մինչև այս պահը չեն բացատրում, թե այդտեղ ի՛նչ խստության վերահսկողություն պետք է լինի, ու արդյոք դա լինելու է նույնանմա՞ն, ինչ ՀՀ մյուս ճանապարհներին է, թե՞ այլ ռեժիմ է լինելու։

– «Չէ՞ որ մենք միշտ ասում էինք՝ սրանք մեր պատմական տարածքներն են և այլն։ Ալիևը խոսում է մի բանի մասին, որպեսզի հակակշիռ ստեղծի այն նարատիվներին, որ մենք 30 տարվա ընթացքում ստեղծել ենք։ Մենք ասել ենք՝ Նախիջևանը Հայաստան է, ասել ենք՝ Ղարաբաղը Հայաստան է, ասել ենք՝ գնալու ենք Բաքվում թեյ խմենք, մի խոսքով՝ այդ բառապաշարի մեջ ենք մտել։ Բայց գործընթաց կա, որ պայմանագիրը կողմերին հավասարաչափ է վերաբերում»,- ի պատասխան Ալիևի՝ «Էրիվանը Ադրբեջան է» պնդմանն արձագանքել է Ալեն  Սիմոնյանը։ Տեղի՞ն է արված այս համեմատությունը։

– Ո՞ր Ալեն Սիմոնյանի հայտարարությանը վստահենք, էն որ ասում էր՝ Աղդամն իմ հայրենի՞քն է, թե՞ որ հիմա ասում է՝ Արցախը հայկական չէ։ Լավ, պաթոլոգիական ստախոս լինելուն էլ չափ կա, ո՞նց կարող է պետական պաշտոնյան տարբեր հայտարարություններ անել նույն բանի մասին։ 

Բնականաբար, համեմատությունը տեղին չէ, Արցախը հազարամյակներով բնակեցված է եղել հայերով, ինչի՞ մասին է խոսքը,  եթե այդ տրամաբանությամբ են հակադարձում Ալիևին, ապա Երևանն էլ կհանձնեն Ալիևին, ինչպես Ստեփանակերտը։ Հայկական շահերով առաջնորդվող ղեկավարները կոշտ արձագանք կտային, ինչն էլ կազդեր բանակցային գործընթացի վրա, այս ձևով չեն բանակցում։  

– Ընդդիմությունը կկարողանա՞ կանխել այդ պայմանագրի ստորագրումը, թե՞ չէ։

– Մենք պայմանագրի կետերին ծանոթացել ենք, որպեսզի ավելի հիմնավոր ու ավելի ինտենսիվ մեր հանրությանը տեղեկացնենք դրա վտանգների մասին: Ընդհանրապես, եթե նկատեցիք, այս ակտիվ դիսկուրսը սկսվեց մեր հայտարարություններից հետո, մենք շատ կարևորում ենք հանրային արձագանքը, միայն հայ հանրությունը կարող է այս մասշտաբի խնդիրը լուծել, բայց դրա համար նա պետք է տեղեկացված լինի, պետք է պատկերացում կազմի՝ ի՛նչ գործընթացի մասին է խոսքը։ 

Մենք մեր ուժերի սահմաններում  ու գործիքակազմերում ամեն ինչ անելու ենք, վտանգները բացատրելու ու մարդկանց այս պրոցեսին ներգրավելու համար, որովհետև մեկ մարդը, մեկ քաղաքական թիմը  չեն կարող որոշել մի ամբողջ ժողովրդի ճակատագիր: Այս պայմանագիրը, այո՛, կարող է շրջադարձային դառնալ մեզ համար, իհարկե դեռևս պետք է հստակեցվի, թե վերջնական ինչ տեսք է լինելու, բայց այն տեսքը, որ մենք ենք տեսել, իրոք կարող է շրջադարձային լինել, եթե մեր հանրությանը չկարողանանք բացատրել դրա վտանգների մասին, ու դա դառնա իրողություն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am