«Բոլորի ուշադրությունը ռազմական գործողություններն են, մինչդեռ ոչ պակաս վտանգավոր վիրուսը մեր կողքին է»․ Գայանե Սահակյան

«Մեդիալաբի» հարցազրույցը ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ

– Տիկի՛ն Սահակյան, արդեն երկու օր կորոնավիրուսի հաստատված դեպքերը ռեկորդային են՝ 1300-1400, գարնանը՝ ամենաթեժ օրերին նույնիսկ, նման թիվ չի գրանցվել։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

– Միանշանակ ճիշտ եք, իսկապես, ռեկորդային թվեր են գրանցվում։ Նույնիսկ հուլիսի սկզբներին, երբ մեզ մոտ հիվանդացությունը ամենաբարձր ցուցանիշն ուներ, նման պատկեր չունեինք։ 1000-ից ավելին, իրոք, մեզ համար ռեկորդային թվեր են։ Եվ եթե այս միտումները շարունակվեն, եթե ժողովուրդը ինքնագիտակցության դրսևորում չցուցաբերի, այդ թվերն ավելի կբարձրանան։

Այս ամենի պատճառը մեկն է՝ սանիտարահամաճարակային կանոններին չհետևելը և բնակչության զգոնության թուլացումը, որովհետև բոլորի ուշադրությունը սևեռված է ռազմական գործողությունների վրա, բոլորը առաջնահերթությունը տալիս են ռազմաճակատից եկող լուրերին, հոգեպես կարծես մասնակցեն նաև այդ իրադարձություններին, և արդյունքում ոչ մեկին չի հետաքրքրում այս ճակատը։

Մինչդեռ վիրուսը դեռ կա, չի նահանջում, մենք վիրուսի կողքին ապրում ենք, ու այն պակաս վտանգավոր չէ։

Մարդիկ այս պահին փորձում են ով ինչով կարող է օգտակար լինել պատերազմին մասնակից զինծառայողներին, խմբվում են, կուտակումներ են առաջացնում՝ չհետևելով համաճարակային կանոններին։ Հանրային տրանսպորտն է ակտիվ ու լեփ-լեցուն աշխատում, փոխադրումներ իրականացնում։

Այս պայմաններում առնվազն սոցիալական հեռավորությունը և մյուս կանոնները պահպանելու մասին խոսք լինել չի կարող։ Այսինքն՝ սերտ շփումները շատացել են, ինչն էլ ազդել է վարակի տարածման վրա։

– Դուք ասում եք՝ մարդիկ զգոնությունը թուլացրել են, բայց նաև տեսնում ենք, որ այդ զգոնությունը պահպանելու համար վերահսկող մարմինները գրեթե չեն աշխատում՝ ոստիկանություն, տեսչական մարմիններ և այլն, ինչպես նախկինում էր։ Չե՞ք կարծում, որ վերահսկողությունը թուլացել է։

– Այո՛, երբ ես ասում եմ, որ բնակչության զգոնությունը թուլացել է, նկատի ունեմ նաև, որ վերահսկողությունը թույլ է։ Ըստ կարգի, այդ գործառույթը իրականացնում էին ոստիկանությունը և տեսչական մարմինները։ Ես կարող եմ մի եզրակացություն անել, որ ռազմական դրության պայմաններում իրենց գործառույթների շրջանակում նրանք էլ են ներգրավված գործընթացին։

Ես չեմ կարող մեղադրել այդ կառույցներին։ Ինչպես մենք ենք ներգրավված այդ գործընթացներին ու մեր հնարավորության սահմաններում փորձում ենք օգտակար լինել մեր բանակին, հնարավոր է՝ նույնը նրանց մոտ է։

Այսօր մեր միակ հույսը այն է, որ բնակչությունն ինքը իր ներդրումն ունենա, որ իր գիտակցությունը այնքան բարձր դրսևորի, որ հասկանա՝ եթե մենք այսօր առողջ թիկունք չապահովենք, չենք կարող օգնել նաև մեր ճակատի զինվորներին։ Սա է՝ ինքնագիտակցության բարձրացում։ 

– Կես տարուց ավելի է՝ մասնագետները խոսում են COVID-19-ի վտանգավորության մասին, բայց հանրությունը կարծես դարձյալ անլրջություն է ցուցաբերում։ Ինչո՞ւ, փորձե՞լ եք ուսումնասիրել։

– Հստակ չեմ կարող ասել, բայց այն, որ դեռ կան մարդիկ, որ չեն հավատում, հաստատ է։ Նույնիսկ այս օրերին, երբ ամենաշատ դեպքերն են հաստատվում, երբ մահեր են գրանցվում, չեն հավատում վիրուսի գոյությանը, չեն հավատում, որ այն կարող է որոշ մարդկանց համար ճակատագրական ելք ունենալ։

Կան այդպիսի մարդիկ։ Ցավոք, մենք ընդհանուր պատկերացում ունենում ենք այդ մարդկանց մասին, երբ արտահայտվում են, իսկ կան նաև չարտահայտվողներ։ Ես չեմ ասի, թե սա բնորոշ է միայն Հայաստանին, եթե միջազգային լրահոսին հետևում եք, նույն պատկերը նաև ամբողջ աշխարհում է։ 

– Կա՞ ուսումնասիրություն՝ հիվանդացության այս դեպքերը արդյոք դպրոց-մանկապարտեզները բացելո՞ւ հետևանք էին, թե՞ Արցախում պատերազմական գործողությունների։

– Ո՛չ, ես չէի ասի, որ կա որոշակի խումբ, որն ավելի շատ է խոցվում վիրուսից։ Միտումը նույնն է, օրինաչափությունը նույնն է՝ առավել շատ հիվանդանում են տարեցները։ Բայց կոնկրետ դպրոցների հետ կապել այս իրավիճակը՝ ճիշտ չէ։ Մենք այսպիսի իրավիճակ կարող է չունենայինք։ Բայց հիվանդացության աճ նկատելի էր դեռ օգոստոսի վերջից, և մենք ունեինք մտահոգություն, քանի որ կար նաև սուր շնչառական հիվանդությունների ու գրիպի աշխուժացման փուլ։

Կրթական հաստատությունների բացումը իհարկե նպաստեց, որ շփումը մեծանա, և ինչ-որ չափով վարակի դեպքերի ավելացում լինի, բայց միանշանակ պնդել, թե դեպքերի շեշտակի աճի պատճառը դա է, չի կարելի։

Դրա հետ կարելի է կապել ռազմական դրությունը, որովհետև, իրոք, բնակչությունը իր ամբողջ ուշադրությունը սևեռել է բանակին՝ կամավորներ են հավաքագրվում, կազմակերպվում են բարեգործական ակցիաներ, մարդկանց խմբվածությունը, կուտակումները շատ են։

– Ի՞նչ նորություններ կարող եք հայտնել պատվաստանյութի մասին։ Վերջերս հայտարարվեց, որ Ռուսաստանում արդեն օգտագործում են իրենց ստեղծած պատվաստանյութը։ 

– Աշխարհում դեռ չկա այնպիսի մի պատվաստանյութ, որը լիցենզավորված լինի։ Հայտնի է տասը պատվաստանյութ, որոնք երրորդ փուլում են, բայց դեռ չեն հասել այն փուլ, որ լիցենզավորվեն և զանգվածային կիրառման թույլտվություն ստանան։ Ռուսաստանում, այո՛, նրանք կիրառում են այդ պատվաստանյութը կորոնավիրուսային հիվանդության դեմ, բայց դարձյալ զանգվածային կիրառություն չունի։

Հայաստանում մեր օրենսդրությունը թույլ չի տալիս, որ եթե դեղամիջոցը չի անցել կլինիկական փորձարկումների այդ ամբողջ շրջանը, չի գրանցվել, չի լիցենզավորվել, կարող է օգտագործվել։ Մենք պետք է ունենանք տվյալ պատվաստանյութի վերաբերյալ ամբողջ դոսիեն, որի հիման վրա երկիրը որոշում կայացնի՝ կարո՞ղ է թույլ տալ պատվաստումներ արվեն, թե՞ ոչ։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am