ՊՆ-ն ինտենսիվ աշխատում է քննչական մարմինների հետ զինծառայողների անհետացման դեպքերը բացահայտելու համար․ Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետամուտ է լինելու, որպեսզի զինծառայողների անհետացման դեպքերի առնչությամբ մանրամասն քննություն անցկացվի, այժմ ինտենսիվ աշխատանքներ են ընթանում քննչական մարմինների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարարը՝ պատասխանելով Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։

Պատգամավորը հայտարարեց, որ 2021 թվականի մայիսի 18-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանն անհետացել է մարտական դիրքերից:

«2021 թվականի մայիսի 24-ին Ռազմական ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ, հայտարարվել է միջպետական հետախուզում: Մինչև այս պահը Նորիկ Մկրտչյանը չի հայտնաբերվել, ընտանիքի հետ կապ չկա, ինչը փաստում է նրա մոր նամակներն՝ ուղղված Պաշտպանության նախարարությանը»,-ասաց պատգամավորը:

Աբրահամյանը ևս մեկ օրինակ բերեց. 2021 թվականի նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի մարտական հենակետերից մեկում կորել է պայմանագրային զինծառայող. այս պահի դրությամբ նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա:

 Աբրահամյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է հայտնի ՊՆ-ին զինծառայողների անհետացման հանգամանքների մասին, արդյոք ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները գործի հանգամանքները բացահայտելու ու զինծառայողներին հայտնաբերելու համար: Աբրահամյանը Պապիկյանին խնդրեց պարզաբանել նաև, թե ինչու երկրորդ դեպքով պաշտոնական հաղորդագրություն չի եղել: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, որ ՊՆ-ն Աբրահամյանի գրավոր հարցմանն ի պատասխան արձագանքել է, որ բոլոր գործերը քննվում են Քննչական կոմիտեում ու ուղղորդել էին Քննչական կոմիտե:

 «Ավելի մանրամասն դեպքերի առնչությամբ պատրաստ եմ քննարկել ձեզ հետ հանդիպման ժամանակ, այլ նորություններ կամ այստեղից բարձրաձայնելու նոր բան չեմ կարող ասել, մնացածը Քննչական կոմիտեի շրջանակում կարող եք ստանալ»,-ասաց ՊՆ-ն:

Ի պատասխան, Աբրահամյանը ասաց, որ ստացել է Քննչական կոմիտեի պատասխանը, որտեղ կա միայն հաստատում, որ զինծառայողը անհետացել է:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ քա՞նի ոչ մարտական կորուստ է Հայաստանն ունեցել 2021 թվականի ընթացքում, ՊՆ-ն ունի արդյոք ուսումնասիրություն ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացած զինծառայողների դեպքերի, դրդապատճառների մասին ու եթե կա պատճառահետևանքային կապի մասին վերջնական վերլուծություն, ապա ի՞նչ ուղղություններով են աշխատում ՝կանխելու նման միջադեպերը:

Պաշտպանության նախարարը իր հերթին ասաց, որ հիմա պատրաստ չէ ներկայացնել ցուցանիշներ:

«Այո, կան մտահոգիչ բազմաթիվ հանգամանքներ ու դեպքեր, որոնք տեղի են ունեցել 2021 թվականի ընթացքում, ավելին` ասեմ, դուք խոսեցիք մի շրջանի մասին, որն իմ՝ նախարար լինելու ժամանակաշրջանին չի վերաբերվում, բայց իմ պատասխանատվության տիրույթում է: Ես հետամուտ եմ յուրաքանչյուր դեպքի առնչությամբ , որ մանրամասն քննություն իրականացվի , ինտենսիվ աշխատում ենք քննչական մարմինների հետ: Այսինքն՝ չկա հարց, որ պետք է ծածկել, չկա հարց, որի մասին չպետք է խոսել, բայց պետք է խոսել այն դեպքում, երբ կան պարզված հանգամանքներ»,-նշեց Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ վերլուծություն նաև կա, բայց այն դեռ չի հաստատվել իր կողմից, քանի որ չի բավարարել իրեն:

«Պատճառահետևանքային խնդիրները բազմաթիվ են՝ սկսած հոգեբանական խնդիրներից , հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված, պայմանավորված բանակի առնչությամբ բաց հրապարակումներից, ի դեպ, որին շատ ջերմ նպաստում է մամուլը, մեր ընդդիմադիր գործիչները, այսինքն՝ այն խնդիրները, որոնք կարելի է համատեղ լուծել, դրանք դառնում են բոլորի սեփականությունը, այդ թվում, նաև հակառակորդի»,-ասաց Պապիկյանը։

Պաշպանության նախարարը կոչ արեց բանակի մասին տեղեկություններ կիսվելիս ցուցաբերել զգուշավորություն:

«Ձեր անզգույշ փոքրիկ քայլը կարող է ճակատագրական հետևանք ունենալ երկրի համար»,-հավելեց Պապիկյանը: