Ո՞ւր է ցեղասպան Ադրբեջանի վրա միջազգային հանրության ճնշումը. Երևանում հավաք է՝ ի աջակցություն շրջափակված Արցախի

Ի աջակցություն Ադրբեջանի կողմից արդեն շուրջ 7 ամիս շրջափակված Արցախի Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի հրապարակում հավաք է անցկացվում, մասնակիցները հանդես են գալիս ինչպես ամբողջ աշխարհի հայերին ուղղված միասնության կոչով, այնպես էլ կոչեր ուղղում միջազգային հանրությանը՝ անտարբեր չլինելու ու Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հավաքի մասնակիցները բարձրացրել են «Մենք Արցախն ենք», «Փրկեք Արցախը», «Բացեք կյանքի ճանապարհը» գրություններով պաստառներ: Հավաքը սկսվեց տերունական աղոթքով և հոգևորականի խոսքով: Հավաքի մասնակիցները երգեցին Արցախի Հանրապետության պետական օրհներգը

«Դու մենակ չես Արցախ: Այսօր քո կողքին ենք հազարավոր մարդիկ, ովքեր հավաքվում են՝ աշխարհին ցույց տալու, որ Արցախը միայնակ չէ:Մեր նախաձեռնության նպատակն է նախևառաջ խուլ ու համր աշխարհին ապացուցել, որ Արցախը զուտ 120 հազար չէ: Արցախը բռնի տեղահանված և ժամանակավոր Հայաստանում ու այլուր ապաստանած հայերն են, 90-ականների պատերազմի պատճառով Արցախից տարագիր դարձած հայերն են, Արցախը Հայաստանում ու սփյուռքում ապրող՝ Արցախի ցավին կարեկից հայերն են և վերջապես Արցախը ավելի քան 7 ամիս տևող շրջափակման պատճառով ճանապարհի այս կողմում հայտնված ու այստեղ մնացած հազարավոր արցախցիներն են, ում ընտանիքները կիսատ են, նրանք այսօր գտնվում են այստեղ՝ սպասելով, թե երբ կապաշրջափակվի այդ ճանապարհը»,-ասաց հավաքի մասնակիցներից մեկը:

Քարվաճառում ապրած ու մեծացած Կոլյա Շահգելդյանն էլ շեշտեց. «Հիմա ես չեմ կարողանում Արցախ գնալ, չեմ կարող անցնել այդ անցակետով, տեսնել որդիներիս, որոնք արդեն 8 ամիս է շրջափակման մեջ զրկանքներ են կրում: 30 հազար երեխա Արցախում օր օրի ավելի ու ավելի ծանր խնդիրների է բախվում»:

Նա բոլոր հայերին միասնության կոչ արեց, հորդորեց ամեն օր բարձրաձայնել, խոսել Արցախում տիրող իրավիճակի, ճգնաժամի մասին, մահերի մասին: «Բացեք իմ հայրենիք տանող ճանապարհը: Վերջ տվեք զրկանքների ու տանջանքների ենթարկել իմ հայրենակիցներին: Ես ուզում եմ իմ հայրենիք գնալու համար այլերկրացուն շնոհակալություն չասել, որ ինձ ներս թողեց»,-ասաց Շահգելդյանը:

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ ընդգծեց, որ ոչ մի միջազգային սուբյեկտ՝ լինի ՄԱԿ-ը, ԵՄ-ն, թե առանձին պետություններ, իրավունք չունի 120 հազար հայության մատնել մարդասպան, ցեղասպան Ադրբեջանի քաղաքականությանը : «Ամբողջ միջազգային իրավունքը խոսում է նրա մասին՝ անկախ նրանից, թե որտեղ է մարդն ապրում՝ ճանաչված, թե չճանաչված պետությունում, որ սրբություն է մարդու իրավունքների պաշտպանությունը: Մենք ՄԱԿ-ից, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրից պահանջում ենք բոլոր իրենց հայտնի մեթոդներով ապահովել Արցախում ապրող բնակիչների պարենային ապահովումը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա հորդորեց Արցախի իշխանություններին ուղղակի կերպով դիմել համապատասխան միջազգային մարմիններին. «Բարձացնել մեկ հարց՝ ո՞ւր է միջազգային հանրության ճնշումը՝ ցեղասպան Ադրբեջանի վրա, որ չի կատարում Հաագայի դատարանի որոշումը: Պահանջում ենք, որ ԱԽ-ն հատուկ որոշումով հստակեցնի, պահանջի Ադրբեջանից կատարել իր պարտականությունը՝ բացել կյանքի ճանապարհը»:

Դիմելով անտարբեր միջազգային կառույցներին, հանրությանը՝ հավաքի մասնակիցներն մեկն էլ ասաց. «Ո՞ւր են ձեր նշած մարդու իրավունքները, ո՞ւր են երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ձեր կեղծ օրակարգերը, երբ Արցախում ամեն օր չծնված մանկան կյանք է ընդհատվում… Ո՞ւմ կամ ինչի՞ համար են ձեր կառույցները, ինչպե՞ս եք մանկասպան երկրին հանդուրժում ձեր կառույքում»:

Տեղահանված հադրութցի երեխաներից մեկը՝ Արմանը ևս իր խոսքն ուղղեց միջազգային հանրությանը, անտարբեր մարդկանց: «Դուք չեք հարգում Արցախի երեխաների իրավունքները: Ուրեմն դուք իրավունք չունեք խոսել իրավունքներից»,-ասաց հադրութցի երեխան:

Սփյուռքի հայրենակիցներին ևս կոչ ուղղվեց՝ դուրս գալ փողոց, կաթվածահար անել Ադրբեջանի դեսպանատների աշխատանքները, արգելափակել մուտքերն ու ելքերը, որ նրանք սեփական մաշկի վրա զգան, թե ինչ է շրջափակված լինելը: