«Հարսանիքներն ու խնջույքներն ակտիվացել են․ մարդիկ սպասում էին Տրնդեզին, որ կրակն այրեր նախորդ վատ հիշողությունները»․ Ավագ Հարությունյան

Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամից ու պատերազմից հետո նկատվում է հետաձգված հարսանիքների ու խնջույքների իրականացում։

«Մարդիկ սպասում էին ամսի 13-ին, մտածում էին՝ Տրնդեզի կրակը կայրի նախորդ բոլոր հիշողություններն ու վատ բաները։ Իմ շրջապատը այդպես էր մտածում, մարդիկ մտածում էին՝ մինչև կրակ չպետք է ուրախանանք։ Հիմա կրակն այրեց, մաքրեց, և մարդիկ կրակից հետո ակտիվանում են»,- «Մեդիալաբին» ասում է Ավագ Հարությունյանը։

Այսինքն, ըստ մասնագետի, մարդիկ վերադառնում են բնականոն կյանք, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև բիզնեսի վրա։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այս տարվա փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով՝ հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազարով ավելի գործարք: Իսկ դրամաշրջանառությունը նույն ժամանակահատվածում աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31․4 մլրդ դրամով։ 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ աճը հիմնականում այն բանի հաշվին է, որ ակտիվացել են հարսանիք ու այլ խնջույք անողները, ռեստորաններում արդեն միջոցառումներ են անցկացվում։

«Շատ հարսանիքներ, միջոցառումներ հետաձգված են եղել, և հիմա կուտակված պարտքերն են մարվում»,- նշել էր նախարարը։

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը ևս փաստում է՝ այս շրջանում նկատվում է հետաձգված հարսանիքների ու միջոցառումների անցկացում: 

2020 թվականին, պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում օղու արտադրության ծավալները նվազել են 13,5 տոկոսով։ Տարվա ընթացքում գինու արտադրության ծավալները նվազել են 13,1, իսկ կոնյակի արտադրության ծավալները՝ 9,9 տոկոսով։

Ավագ Հարությունյանն ասում է՝ նախորդ տարի կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների, այնուհետև պատերազմի հետևանքով, երբ խնջույքներ ու հարսանիքներ չէին լինում, գինու ու կոնյակի իրացման ծավալները նվազել էին առնվազն 30-40 տոկոսով։

«Մարդիկ եթե խմում էին, գերադասում էին գնալ տուն, նստել ու խմել։ Ո՛չ տրամադրություն կար, ո՛չ հարսանիք կար»,- հավելում է նա։

Ռեստորանային միջոցառումների ժամանակ հիմնականում սպառվում է գնային միջին սեգմենտի արտադրանքը։ Հայկական արտադրության թանկ գինիների ու կոնյակի սպառողը սփյուռքահայերն ու զբոսաշրջիկներն են։ 

«Կտրուկ նվազել է հայկական թանկ գինիների վաճառքի ծավալը։ Թանկ ապրանքը գնում էին զբոսաշրջիկներն ու սփյուռքահայերը։ Հիմա նրանք չկան, փոխարենը տեղը զբաղեցրել է ներմուծված թանկ գինիների սեգմենտը։ Ներմուծված թանկ գինիներ խմում են Հայաստանի միջին շերտը և օլիգարխիան, նրանք երբեք չեն խմում հայկական թանկ գինի։ Թանկ գինի իրենց համար նշանակում է դրսի գինի»,- ասում է Հարությունյանը։

Ըստ նրա՝ այս զարգացումների ֆոնին ակտիվացել էր օղու սպառումը, հիմա օղին հետին պլան է մղվում, սկսվում է միջին գին ունեցող գինու վաճառքի ակտիվացումը։

«Ավելի շատ տուժել էր բարձր գին ունեցող արտադրանքը, հետո՝ միջին գին ունեցողը։ Եվ շատ քիչ էր տուժել ցածր արժեք ունեցող ապրանքը։ Ցածրարժեքն ավելի շատ արտահանվեց, քան արտահանվում էր։ Եվ այդ պատճառով դրա նկատմամբ իրադրության պրեսինգը չզգացինք, շատ լուրջ պրեսինգ կար բարձրաժեք գինիների նկատմամբ»,- հավելում է նա։

Հարսանիքների, այլ միջոցառումների ակտիվացման ֆոնին այսօր, Հարությունյանի խոսքով, միջին արժեք ունեցող գինու իրացման ծավալներն ավելանում են, իսկ բարձրարժեքինը՝ ոչ, քանի որ դեռ զբոսաշրջիկների հոսք չկա երկիր։ Հետևաբար, ըստ նրա, ծավալի առումով հույս կա, որ 30-40 տոկոս նվազումը կվերականգնվի։ Բայց արժեքի առումով դեռ վերականգնում չի լինի։

«Որպեսզի արժեքի առումով վերականգնում լինի, պետք է սպասենք զբոսաշրջիկին»,- նշում է Ավագ Հարությունյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am