Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել և մերժել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները՝ դրանք որակելով որպես «անհիմն»։
Բաքուն դժգոհություն է հայտնել Ֆրանսիայի դիրքորոշումից՝ կապված «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի աջակցության», «հայ կալանավորվածների ճակատագրի», նրանց ազատ արձակման, ինչպես նաև հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցերի հետ։
Նշվում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Էլիզա Մարտենը գրավոր հարց է ուղղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը՝ հետաքրքրվելով, թե ինչ քայլեր է նախատեսում Փարիզը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների պաշտպանության, վերադարձի իրավունքի ապահովման, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ-ի գնահատմամբ՝ Ֆրանսիայի խորհրդարանի կայքում հրապարակված պատասխանները վկայում են «կողմնակալ մոտեցման» մասին։
Բաքուն նաև պնդում է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցությունը, ինչպես նաև ԵՄ դիտորդական առաքելության աջակցությունը, վկայում են, որ Փարիզը չի պահպանում չեզոքություն տարածաշրջանում։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ նման քաղաքականությունը վնասում է ինչպես տարածաշրջանային խաղաղության գործընթացին, այնպես էլ Ֆրանսիայի հեղինակությանը։



















