«Իրանի և Թուրքիայի միջև կա մրցակցություն, որտեղ Հայաստանը Իրանի համար այլընտրանքային տարածք է»․ իրանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Գարիկ Միսակյանը

– Պարո՛ն Միսակյան, Փաշինյանի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն ինչպե՞ս եք գնահատում, ինչպե՞ս ընդունվեց այն, և այդ այցի կապակցությամբ ի՞նչ արձագանքներ են եղել հարևան երկրում։

– Փաշինյանի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն շատ լավ է ընդունվել հարևան երկրում։ Նախ` վարչապետը հանդիպել է Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, որի ընթացքում բավականին հետաքրքիր խնդիրներ, հարցեր են քննարկվել։ Իրանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ` երկուստեք տնտեսական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր են քննարկվել` Մեղրիի ազատ տնտեսական գոտու, Հյուսիս-հարավի, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանային խաղաղության, կայունության պահպանման վերաբերյալ հարցեր են քննարկվել։

Իրանի կողմից հնչել է առաջարկ տարածաշրջանային խաղաղության պահպանմանն օժանդակելու առնչությամբ։ Խաղաղության հաստատման վերաբերյալ վերջին հայտարարությունը կարելի է մեկնաբանել այն տեսանկյունից, որ Իրանում բավական լուրջ անհանգստություններ կան` պատերազմի վերսկսման հետ կապված և դրանում վտանգ են տեսնում։ Այդ պատճառով կողմ են տարածաշրջանային խաղաղությանը։

Նաև բավական դրական կարելի է գնահատել կողմերի պատրաստակամությունը տնտեսական հարաբերությունների զարգացման, նաև՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու վերջապես գործարկման հետ կապված, ինչը կարող է և՛ տնտեսապես, և՛ աշխարհաքաղաքական առումով ձեռնտու լինել Հայաստանին։

Տնտեսական առումով սա կարևոր ծրագիր է, քանի որ կարող է ապահովել Իրանի համար ցամաքային մուտք դեպի ԵԱՏՄ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը Իրանի միակ սահմանակից պետությունն է, որը ԵԱՏՄ անդամ է։

Իսկ աշխարհաքաղաքական առումով, եթե գործարկվի Հյուսիս-հարավ ճանապարհը Սյունիքում, և Իրանի համար ստեղծվի հյուսիսում տարանցման հավելյալ ուղի, որը այլընտրանք կլինի թուրքական պետություններին, ապա սա կարող է նշանակալիորեն բարձրացնել Սյունիքի կարևորությունը թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ նաև Իրանի համար։

Եթե խոսենք ընդհանուր Հայաստանի վարչապետի այցելության արձագանքների մասին, ապա պաշտոնական հաղորդագրություններում ու պետական լրատվամիջոցներում վարչապետի այցը բավականին դրական գնահատվեց։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ իրանական կողմը հետաքրքրվածություն է ցուցաբերել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի շուրջ։ Խնդրում եմ, կմանրամասնե՞ք՝ ինչպես է արտահայտվում այդ հետաքրքրվածությունը, ի՞նչ է դա նշանակում։

– Ընդհանուր առմամբ, Արցախյան պատերազմից հետո Իրանում ձևավորվել է կարծիք, որ Իրանը Հարավային Կովկասում իր աշխարհաքաղաքական դիրքերը զիջել է Թուրքիային, հետևաբար Իրանում փորձ է արվում տնտեսապես մեծացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Հայաստանի տարածքը Իրանի համար կարևորվում է նաև նրանով, որ դա ելք է դեպի Սև ծով, ռուսական շուկա, ինչու ոչ, նաև՝ Եվրոպա, որն անցնում է ոչ թուրքական պետությունների տարածքով։

Մենք գիտենք, որ ինչքան էլ թուրքական պետությունների հետ Իրանի հարաբերությունները հայտարարվեն բարեկամական կամ հարևանական, այնուամենայնիվ, գոյություն ունի մրցակցություն Թուրքիայի և Իրանի միջև, որտեղ Իրանը իր համար միշտ էլ այլընտրանքային ուղիներ է փնտրում, որը կարող է լինել Հայաստանը։

– Պատերազմից հետո շրջանառվում էր տեսակետ, որ Հայաստան-Իրան հարաբերություններում որոշակի սառնություն կա։ Ի՞նչ եք կարծում, արդյոք այս այցելությունը կոտրեց այդ սառույցը։

– Իրավացի եք, կար որոշակի սառնություն` նաև Հայաստանում Իսրայելի դեսպանատան բացման հետ կապված։ Իսկ Արցախյան պատերազմի ընթացքում բավական ակնհայտ երևաց Իրանի ցամաքային սահմանի կարևորությունը Հայաստանի համար։ Իսկ հետպատերազմյան շրջանում կարծես թե երկու կողմերում էլ հարաբերությունների ընդլայնման ցանկություն կա։

– Պարո՛ն Միսակյան, զուգահեռ` նաև Իրանի դեսպանն էր այցելել սահման, ինչը ադրբեջանցիները բավական ծանր էին ընդունել։ Ի՞նչ էր ուզում ասել հարևան երկիրը դեսպանի այդ այցելությամբ։

– Բավական հետաքրքիր այց էր։ Պետք է նկատել, որ Իրանի դեսպանը սահման էր այցելել դեսպանատան ռազմական կցորդի ուղեկցությամբ։ Սա, կարելի է ասել` նաև ուղերձ էր տարածաշրջանային պետություններին, մասնավորապես՝ Ադրբեջանին, այն մասին, որ իրանական կողմը հետևում է զարգացումներին ու վերահաստատում է իր այն հայտարարությունը, որ իրանական կողմը միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության կողմնակից է ու դեմ է տարածաշրջանում պատերազմական գործողությունների։

Սա նշանակում է, որ իրանական կողմը բավական ուշադիր հետևում է սահմանային լարվածությանը և, կարելի է ասել` տարածաշրջանում նոր ռազմական գործողությունների դեմ է հանդես գալիս։

Դեսպանի այցին Ադրբեջանի արձագանքը բնական էր, քանի որ ադրբեջանական քարոզչամեքենան բավական խանդով է վերաբերվում ցանկացած պետության հետ Հայաստանի դրական հարաբերություններին և փորձում է դրանք խաթարել։ Այսինքն՝ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից մշտապես կարելի է սպասել ոչ այնքան հայամետ գործողություններ։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am