Իրանի ուղղությամբ Ադրբեջանում առկա սիոնիստական ռեժիմի հարձակման վտանգ կա. Արամ Փոլադյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը

– Պարո՛ն Փոլադյան Ադրբեջանում մեկնարկել են «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք 2023» զորավարժությունները, որոնք անց են կացվում հոկտեմբերի 23-25-ը տարբեր ուղղություններով, ներառյալ՝ Բաքուն, Նախիջևանն ու գրավյալ Արցախը: Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների նպատակը միայն ուժի ցուցադրությո՞ւնն է, թե՞ այլ նպատակ ևս կա:

– Շատ կարևոր է հստակ ֆիքսել, որ այս պահին առկա աշխարհաքաղաքական իրողությունները, մասնավորապես Մերձավոր Արևելքում տեղի ունեցողը, չափազանց արագ են զարգանում: Այն, ինչ այսօր կա հայ-ադրբեջանական սահմանին ու ընդհանուր տարածաշրջանում, պետք է դիտել այս համատեքստում, որովհետև արդեն Չինաստանն է նավեր ուղարկում Մերձավոր Արևելքի տարածք, Իրանից տարհանում են որոշակի թվով ամերիկացի դիվանագետների և այլն, այս ամենը, բնականաբար, էլ ավելի պայթյունավտանգ է դարձնում մեր տարածաշրջանը: 

Այս պարագայում մեր թշնամիները չեն վարանելու որևէ նոր ագրեսիա սկսել, ժամանակ չեն կորցնելու: Իրանն այսօր, բացի Հայաստանի հետ սահմանն անառիկ պահելուց, ավելի մեծ խնդիր ունի, քանի որ կա նաև Իրանի ուղղությամբ Ադրբեջանում առկա սիոնիստական ռեժիմի հարձակման վտանգ: Այս համատեքստում զորավարժությունները, որոնք անցկացվում են մասնավորապես Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, որը սահմանակից է ԻԻՀ-ին, կարծում եմ, որ մեր բարեկամ ժողովուրդը շատ լավ գիտակցում է, որ ամերիկյան F16-երի մուտքն Ադրբեջանի տարածք 1,5 տարվա մեջ արդեն երրորդ անգամ ու լայնածավալ զորավարժությունները՝ անխտիր բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ, ուղղված չեն առնվազն միայն Հայաստանի դեմ, եթե չասենք՝ առաջին հերթին ոչ միայն Հայաստանի դեմ: 

– Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, ըստ ադրբեջանական կողմի, պատմական հնարավորություն կա: Այդ խաղաղությունը հնարավոր համարո՞ւմ եք, և ո՞րն է Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը:

– Ի տարբերություն իրենց մեծ եղբայրների՝ թուրքերի, նրանք տևական ժամանակ է, ինչ փաստացի հրաժարվել են դիվանագիտական լեզվով հարաբերվելուց, որովհետև Ադրբեջանն իրականացնում է հակահումանիստական քայլեր, որոնք արձանագրվում են միջազգային քաղաքակիրթ հանրության կողմից: 

Խոսելով խաղաղությունից՝ փորձում են մեղմել իրավիճակը, բայց դրան զուգահեռ վերջին երեք տարիների ընթացքում Թուրքիայի հետ համատեղ եթե ոչ ամենամեծ, ապա ամենամեծ զորավարժություններից մեկն են անցկացնում: Հիշեցնեմ, որ դեռ օրեր առաջ շարունակվում էր զենքի մատակարարումը Իսրայելից դեպի Ադրբեջան, ինչը ոչ միայն Հայաստանի համար է սպառնալիք, այլ նաև Իրանի: 

Համատեղ անցկացվող այս լայնածավալ զորավարժությունը հերթական ահաբեկչական քայլն է երկու երկրների կողմից, որի գերնպատակների մասին շատ ենք խոսել: Այս համատեքստում խաղաղության մասին Ադրբեջանի խոսույթը ընդամենը երկու տարվա տապալված դիվանագիտական իրավիճակը մեղմելուն է միտված: Ադրբեջանին խաղաղությունը բնորոշ չէ, նրան բնորոշ են ցեղասպան քաղաքականություն մշակելն ու իրականացնելը: 

– Պարո՛ն Փոլադյան, այսինքն՝ չե՞ք բացառում, որ այս զորավարժությունները նաև հնարավոր ագրեսիայի գնալու նախապատրաստական աշխատանքներ են:

– Բնականաբար չեմ բացառում որևէ պարագայում, և մեր հասարակությունն էլ պետք է սա գիտակցի, որ բացառված չէ հերթական ագրեսիան ահաբեկիչ, թշնամի պետությունների կողմից: Դրան զուգահեռ պետք է իսպառ վերացնել պարտվողականությանը միտված մտքերն ու խուճապը, որովհետև թշնամու հաջողության թիվ մեկ գրավականը հենց տագնապն է հակառակորդի զորքի թիկունքում: Դժգոհելու ու վախենալու փոխարեն պետք է գիտակցել, որ ծայրահեղ վիճակում ենք, բայց կարող ենք յուրաքանչյուրս մեր ներդրումն ունենալ գոնե եղածը պահելու սրբազան գործում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am