Կյանքից հեռացել է հայտնի ռուս մոդելավորող Վալենտին Յուդաշկինը

59 տարեկանում մահացել է ռուս մոդելավորող Վալենտին Յուդաշկինը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ռուսական «Առաջին ալիքը»՝ վկայակոչելով մոդելավորողի կնոջը։ 2016 թվականին Յուդաշկինի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։

«Փայլուն մոդելավորող, համաշխարհային նորաձևության ճանաչված վարպետ: Նրա հանդերձանքները կրել են շոու-բիզնեսի, թատրոնի և կինոյի աստղերը, իսկ նրա ցուցադրությունները միշտ մեծ ուշադրություն են գրավել», – ասվում է «Առաջին ալիքի» հաղորդագրությունում:

Նշվում է, որ վերջին տարիներին Յուդաշկինը պայքարում էր ծանր հիվանդության դեմ։

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ 2016 թ.-ին Յուդաշկինի մոտ երիկամի քաղցկեղ էր ախտորոշվել, որից հետո նրա գլխում մետաստազներ են հայտնաբերվել։

Յուդաշկինը ծնվել է 1963 թ.-ին հոկտեմբերի 14-ին Մոսկվայի մարզում։ 1991 թ.-ին Փարիզում ներկայացվեց նրա առաջին հավաքածուն՝ «Faberge»-ն:

Յուդաշկինը եղել է Փարիզի Բարձր նորաձևության ասոցիացիայի թղթակից անդամ և դարձել է առաջին ռուս մոդելավորողը, որ ընդունվել է Ֆրանսիայի Բարձր նորաձևության պալատ:

Ապրիլի 30-ին մահացել է մեկ այլ հայտնի խորհրդային և ռուսաստանցի մոդելավորող՝ Վյաչեսլավ Զայցևը: Մեկնաբանելով նրա վախճանը՝ Յուդաշկինը նշել էր, որ Զայցևը մեծ մոդելավորող էր, նկարիչ և ստեղծագործող: