Արա Այվազյանը երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել է. Վանեցյանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպումից հետո

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը այսօր հանդիպել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Հանդիպումից դուրս գալուց հետո Վանեցյանը հայտարարել է, որ ԱԳ նախարարի պաշտոնակատարը երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել է։

«Երեկ մենք հանդիպում էինք խնդրել ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ: Այսօր հանդիպման ընթացքում բարձրացրեցինք մեզ հուզող հարցերը, այն է՝ ինչ է կատարվում իրականում մեր երկրի արտաքին սահմանների հետ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել այս իշխանություններն ադրբեջանական կողմի հետ, ի վերջո ինչ են պատրաստվում զիջել կամ ինչ քայլեր են իրականացնում, որը կբերի Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի թուլացմանը»,- նշել է Վանեցյանը:

Նրա խոսքով, պատասխանները շատ տարաբնույթ էին, իսկ փաստաթղթի վերաբերյալ ԱԳ նախարարի պաշտոնակատարի պատասխանը եղել է այն, որ ստորագրվելիք փաստաթուղթը միայն հրապարակվածն է, այլ փաստաթուղթ գոյություն չունի:

«Այն փաստաթուղթը, որը հրապարակվել է, որը հայատարարվել է, որ կստորագրվի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ըստ ԱԳ նախարարի պաշտոնակատարի՝ այն, ինչ հրապարակվել է, բացառապես այդ փաստաթուղթն է, որեւէ այլ հավելված գոյություն չունի։ Բայց դա մեզ հիմք չի տալիս հանգստանալու եւ ասելու, որ նման փաստաթուղթ չկա, որովհետեւ մենք տեսանք՝ շատ դեպքերում պաշտոնական հայտարարությունները հետագայում հերքվում են», -ասել է Վանեցյանը: