Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ուրուգվայի արտաքին գերատեսչությունների միջև

Օգոստոսի 19-ին Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։

Խորհրդակցությունների շրջանակներում տեղի է ունեցել առանձին հանդիպում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի միջև։

Քննարկվել են երկկողմ պատմական բարեկամական հարաբերությունները և դրանց հետագա զարգացման հեռանկարները: Կարևորվել է հայ-ուրուգվայական պարբերական քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական, միջխորհրդարանական և գիտաշմակութային կապերի զարգացումը։

Որպես հայ-ուրուգվայական բարեկամական կապերի լրացուցիչ ցուցիչ՝ գնահատվել է երկուստեք ռեզիդենտ դեսպանությունների բացումը։ ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը տեղեկացրել է Մոնտեվիդեոյում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության բացման մտադրության մասին, դրանով իսկ փոխադարձելով ուրուգվայական կողմի՝ դեռևս 2021թ. օգոստոսին ընդունված նույնօրինակ որոշմանը։

Կողմերը քննարկել են նաև փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին։

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը՝ ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման նպատակով:

Խորհրդակցությունների ավարտից հետո տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական, հյուպատոսական, վարչական և տեխնիկական անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի ստորագրումը՝ հանձինս ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ՈՒԱՀ ԱՀ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի։

Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալին ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Բեատրիս Արխիմոնը։ Քննարկվեցին երկկողմ բազմաբնույթ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։

Ուրուգվայ այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Օպե Պասկետը։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերին: Նշված հարցերը քննարկվել են նաև ՈՒԱՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ կայացած հանդիպմանը։

Ուրուգվայ այցի ընթացքում Պարույր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել նաև ուրուգվայահայ համայնքի ներկայացուցիչների հետ։