ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե ընդդիմության որևէ գործողություն կարող է ժողովրդին շեղել հիմնական խնդիրներից, օրակարգերից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման համոզմունք հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, թե Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը բերվել է հանրության ուշադրությունը մի շարք խնդիրներից, այդ թվում՝ զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի դեպքից շեղելու նպատակով:
Սիմոնյանը նշեց, որ ցավով է մոտենում ընդդիմության այն արձագանքին:
«Չեմ կարծում, թե իրենց վերջին ակցիաներից հետո ընդդիմության որևէ գործողություն կարող է ՀՀ ժողովրդին որևիցե բանից շեղել: Իրենք գերագնահատում են իրենց դերը հայաստանյան քաղաքական դաշտում: Եվ իրենց քաղաքական գործունեությունը հենված է զուտ սահմանին տեղի ունեցող հարձակումների և թշնամու կողմից արված քայլերի վրա դիվիդենտներ և օրակարգեր ձևավորելու վրա: Կարող եմ իրենց հանգստացնել. եթե իրենց բոլորին էլ ձերբակալեն, հիմնական օրակարգերից, հիմնական խնդիրներից ՀՀ ժողովուրդը չի շեղվի, թող իրենց չգերագնահատեն»,-ասաց ԱԺ նախագահը:
Սիմոնյանը կարևորեց, որ մարդկանց մոտ տպավորություն չլինի, թե խորհրդարանում դատավարություն է տեղի ունենում: Ընդամենը ԱԺ-ն թույլ կտա (դեռ չգիտեմ), որ քրեական գործը շարունակվի»,-ասա ԱԺ նախագահը՝ հավելելով՝ չի համարում, թե այդ քայլը ներքին պառակտում է առաջացնում:
Սիմոնյանն ընդգծեց, որ իշխանությանն ավելի շատ մեղադրում են «երկաթե մանդատը» չիրագործելու, թավշյա լինելու մեջ:
«Սեյրան Օհանյանն այսօր չգալով և վաղեմության հետ կապված չստորագրելով՝ շատ ճիշտ քայլ է անում, ուզում է ցույց տալ, որ նույնիսկ դատավարության պարագայում կարող է ապացուցել, որ ինքն ազնիվ, արդար աշխատակից է եղել: Եվ, եթե այդ տրամաբանությամբ գնանք, մենք ոչ թե պառակտում ենք, այլ օգնում ենք պարոն Օհանյանին»,-ասաց ԱԺ նախագահը: