«Բոլորս էինք այդ պահին հուզված, ոչ մեկն իր կյանքում նման սեպտեմբերի 1 չի ունեցել». Գեղարքունիքի մարզում հնչել է առաջին զանգը

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում նոր ուսումնական տարվա դպրոց կանչող զանգը հնչել է դատարկ դպրոցում։ 

«Շատ-շատ տխուր էր, ես առավոտյան ժամը 9-ին եկել եմ, դպրոցի զանգը հնչեցրել, բայց դպրոցում չկային երեխաները, որոնք սովորաբար ամեն տարի այս օրը ուրախ վազվզում էին, աղմկում»,-«Մեդիալաբին» ասում է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նունե Ավետիսյանը։

Նշում է՝ դպրոցի ուսուցիչները հուզվել են, հավաքվել են ուսուցչանոցում, հիշել նախորդ սեպտեմբերի 1-երը։

«Բոլորս էինք այդ պահին հուզված, ոչ մեկն իր կյանքում նման սեպտեմբերի 1 չի ունեցել,- նշում է տնօրենը ու անմիջապես մխիթարում ինքն իրեն,- բայց, դե, ինչ արած, աշխարհում է այս վիճակը, միայն Հայաստանում չէ»։

Սեպտեմբերի 1-ն այս ու Հայաստանի այլ դպրոցներում կլինի սեպտեմբերի 14-15-ին։ Ըստ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սահմանած և պարետատան հաստատած ուղեցույցի՝ առաջին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ին՝ ծնողներից մեկի ուղեկցությամբ, իսկ բարձր դասարանցիները՝ սեպտեմբերի 15-ին։

Կարճաղբյուրում առաջին դասարանցիները 23-ն են, բայց նրանք նույնպես կիսվելու են, քանի որ պահանջվում է 54 քմ տարածքում պարապել մինչև 20 երեխայի հետ։ Կիսված առաջինները դպրոց կգնան օրը մեջ՝ շաբաթը 3 օր։ 

«Հարգում ենք մեր պարետի որոշումը, ընդունում ենք, որ իսկապես բարդ իրավիճակ է, աշխատում ենք կատարել բոլոր հրամանները, որպեսզի պահպանվեն կանոնները, վարակը չտարածվի, երեխաներն առողջ մնան»,- ասում է Նունե Ավետիսյանը։

Տնօրենի ներկայացմամբ՝ օգոստոսի 19-ից ուսուցիչները գալիս են աշխատանքի, դասասենյակները արդեն 99 տոկոսով կահավորված են։ Նրա խոսքով՝ խոստացել են ալկոգել ու դիմակներ էլ բաժանել։ 

«Դիմակը հիմա ուսուցիչներն են կրում, և ինչպես մեզ խոստացել են, դիմակներով ու ալկոգելով կապահովեն։ Հրահանգներն ստացել ենք, ամեն ինչ լավ է լինելու»,- հույս ունի տնօրենը:

Դիմակ դնելու համար բողոքներ իր ականջին, ասում է, հասել են՝ հիմնականում առաջին դասարանցիների ծնողներից։ Բայց միևնույն է, ըստ տնօրենի՝ ծնողները նախընտրում են երեխաներին այդպես ուղարկել դպրոց, քան երեխաները մնան տանը։

 «Ավելի շատ լսում եմ՝ ծնողները ուրախ են, որ իրենց երեխաները՝ թեկուզ դիմակով, դպրոց են գնալու։ Քաղաքում ուրիշ է, այստեղ՝ գյուղում, կարանտին չի եղել, երեխաները մեկուսացված չեն եղել, նույն փողոցներում են եղել։ Ծնողներն ասում են՝ ավելի լավ է դպրոց գնան օրը մեջ, քան մնան տանը, թափառեն փողոցներում»,- ներկայացնում է Նունե Ավետիսյանը։ 

«6 տարեկան երեխան ո՞նց դիմակ կրի»,- ԿԳՄՍՆ ուղեցույցի տարօրինակ կետն է մատնանշում Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը։ Նրա խոսքով՝ ծնողներն ունեն դժգոհություններ և մտածում են, թե ժամանակի ընթացքում գուցե այս որոշումը վերանայվի, բայց չեն պատրաստվում բոյկոտել այդ պահանջը։ 

Այս դպրոցի համար անիրագործելի է սանհանգույցում արմնկային ծորակներ ու տաք ջուր ունենալու պահանջը, որը դարձյալ սահմանված է ԿԳՄՍՆ ուղեցույցով։ «Մշտական սառը ջուր ունենք, մնացած ախտահանիչ նյութերով կապահովենք, դիմակներ կունենանք, մնում է գործնականում կիրառենք»,- նշում է Կարինե Հարությունյանը։ Այս գյուղի դպրոցում ընդհանուր կա 18 դասարան, որոնցից 9-ը կիսվելու են, ու դպրոց հաճախելու են երեք օրը մեկ։ 

 «Արդեն 10 տարի է՝ աշխատում եմ, ու նման դեպք երբեք չի եղել։ Շատ անսովոր, տխուր մթնոլորտ էր այսօր դպրոցում, եռուզեռ չկար, երեխաները չկային, միջոցառում չկար», – նշում է դպրոցի տնօրենը։

Նույն մարզի Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցում անձնակազմի մի մասը սեպտեմբերի 1-ին եկել է աշխատանքի, շնորհավորել միմյանց։ «Անգամ ծաղիկներ եմ ստացել։ Շատ հուզիչ էր, հաճելի, բայց այն շուքը, փայլը չկա։ Բայց իրավիճակն է այդպիսին, ի՞նչ արած»,- ժպտում է տնօրեն Աննա Դանիելյանը՝ հանրապետության իր բոլոր գործընկերներին ցանկանալով անցնցում ուսումնական տարի։ 

Այս գյուղի դպրոցում ևս ԿԳՄՍՆ ուղեցույցը անգիր են արել։ «Ուսումնական տարին սկսում ենք ըստ ուղեցույցի պահանջների։ Իհարկե, կան կետեր, որոնք չեն համապատասխանում մեր դպրոցի հնարավորություններին, բայց հարմարեցնում ենք կամ բաց ենք թողնում»,- «Մեդիալաբին» ասում է Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Աննա Դանիելյանը։

Այս դպրոցում ամենածանրաբեռնված դասարանը 14 աշակերտ ունի, և դեռ մտածում են՝ հնարավոր է՝ երկհերթ աշխատեն։ Դպրոցն ունենալու է երկու մուտք, շենք մտնելիս կուտակումներ չեն լինի։ 

«Բացօթյա ծնողական ժողովներ ենք անում, բացատրում ծնողներին, որպեսզի նրանք ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենան գործընթացին։ Նրանք ամբողջությամբ հասկանում են ստեղծված իրավիճակը»,- ասում է Աննա Դանիելյանը։

Գյուղի առաջին դասարանցիները 11-ն են, և տնօրենն ասում է, որ առաջին դասարանի երեխաների ծնողները մտահոգ են ու առաջարկում են, որ երեխաները դիմակ չկրեն։ «Բայց եթե պահանջ կա, ի՞նչ արած, պետք է կրեն»,- նշում է տնօրենը։

Գեղարքունիքի մարզի երեք գյուղերի դպրոցների տնօրենները, որոնք խոսել են «Մեդիալաբի» հետ, ասել են, որ ուսումնական տարվան ընդառաջ իրենց ներկայացված է թեստավորվելու պահանջ, և որևէ ուսուցիչ չի հրաժարվել թեստավորումից։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am