Հայաստանն ու Հունաստանը խորացնում են կապերը․ ԱԳ նախարարները հանդիպել են

Հայաստանն ու Հունաստանը խորացնում են կապերը․ ԱԳ նախարարները հանդիպել են
Հայաստանն ու Հունաստանը խորացնում են կապերը․ ԱԳ նախարարները հանդիպել են

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 4-ին Աթենքում հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Յորգոս Կատրուգալոսի հետ։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Զոհրաբ Մնացականյանը և Յորգոս Կատրուգալոսը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարարները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը առկա մեծ ներուժի հիման վրա խորացնելու ավանդական կապերը և համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Արտգործնախարարներ Մնացականյանը և Կատրուգալոսը  գոհունակությամբ ընդգծել են, որ համագործակցության նոր՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակը քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում հարաբերությունների արդյունավետ զարգացման և խորացման նոր հեռանկարներ է բացում։

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ որպես ԵՄ կառույցի և անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ամուր իրավական հենքի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակում համագործակցության հեռանկարների շուրջ՝ ուղղված տվյալ ձևաչափերի ընձեռած հնարավորությունների լավագույնս օգտագործմանը:

Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային մի շարք օրակարգային հարցերի։