Պաշտպանը Այրվածքաբանության կենտրոնում զինծառայողների վնասվածքների ուսումնասիրությունից քիմիական զենքի օգտագորման վերաբերյալ ձեռք է բերել նոր ապացույցներ

Այսօր մեր աշխատակազմի բժշկի ու իրավաբանների հետ այցելել ենք Այրվածքաբանության ազգային կենտրոն և տեղում ձեռք բերել նոր ապացույցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա ներկայացմամբ, ուսումնասիրությունները կատարվել են հատուկ սարքերի օգնությամբ:

«Արձանագրված փաստերը հիմնավոր են դարձնում այդ ենթադրությունը: Բժիշկների եզրակացությամբ՝ զինծառայողների վնասվածքները, այտուցները (հատկապես վերին վերջույթներում) պահպանվում են տևական ժամանակ, այրվածքներից առաջացած վերքերը տեղ-տեղ խորն են, մոխրացած եզրերով, մերթընդմերթ՝ արյունահոսող, բուժմանը՝ դժվար ենթարկվող:

Արյան մեջ նկատվում է կալցիումի և հեմոգլոբինի ցածր մակարդակ (հիպոկալցեմիա), դիտվում է լյարդի և փայծաղի չափերի մեծացում (հեպատոսպլենոմեգալիա): Ըստ մասնագետ բժիշկների՝ կիրառված զինատեսակներից արտանետված նյութերը շնչուղիներով օրգանիզմ ներթափանցելու դեպքում առաջանում է ներքին օրգանների ախտահարում, ինչը կարող է հանգեցնել առողջության երկարատև քայքայման, ընդհուպ՝ մահվան:

Ըստ բժիշկների՝ պատերազմի առաջին օրերից տարբեր աստիճանի այրվածքներ ստացած անձանց մեծ մասի մոտ դրանք տարբերվել են մինչ այդ իրենց պրակտիկայում հանդիպած դեպքերից: Այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ բուժանձնակազմի հետ, առանձնազրույցներ վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ:

Վերը նշված և բոլոր մյուս փաստերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում, կկատարվեն լրացուցիչ մասնագիտական ուսումնասիրություններ ու ըստ արդյունքների՝ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:

Այս արձանագրումները հնարավոր են եղել նաև Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժանձնակազմի բարձր որակի պրոֆեսիոնալ նմուշառման ու բարեխիղճ փաստագրման շնորհիվ: Կենտրոնի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ մեր համատեղ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ», -գրել է Թաթոյանը: