Կանադան շատ կարճ ժամանակում 2 դիտորդ կուղարկի Հայաստան, որոնք կմիանան ԵՄ դիտորդական առաքելությանը

Կանադան շատ կարճ ժամանակահատվածում երկու դիտորդների կուղարկի Հայաստան, որոնք կմիանան Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ամփոփելով Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի այցը Հայաստան։

«Կանադայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը ցանկություն է հայտնել դիտորդներ ուղարկել Հայաստան, և 2 դիտորդ կարճ ժամանակահատվածում ժամանելու են Հայաստան։ Հույս ունենք, որ Կանադան հետագայում նաև կընդլայնի իր այս ներդրումը»,- ասաց Հովհաննիսյանը։

Փոխնախարարը նշեց, որ Կանադայի ԱԳ նախարարի այցը բավականին հագեցած էր․ նախ բացվեց Հայաստանում Կանադայի դեսպանատունը, ինչը Կանադայի կողմից Հայաստանի նկատմամբ հատուկ ուշադրության նշան է։

«Այցի ընթացքում նախարարն անդրադարձավ հումանիտար աջակցության հարցերին, Կանադան եռապատկեց իր աջակցությունը, նախանշվեցին համագործակցության խորացման բոլոր ճանապարհները։ Կանադան հետաքրքրված է Հայաստանում, ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտների բարեփոխումներին  աջակցությունն  ավելացնելու հեռանկարով, այս առումով  քննարկվեցին բազմաթիվ ծրագրեր։  Քաղաքական առումով նախարարը բազմիցս շեշտեց, որ Կանադայի համար կարևոր են Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը»,- մանրամասնեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝  Կանադայի ԱԳ նախարարի այցը Ջերմուկ նույնպես սիմվոլիկ էր․ «Նախարարը դիտարկեց իրավիճակը տեղում, այժմ հանդիպում է Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ, իսկ մինչ այդ դիտարկեց ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, որը տեղի էր ունեցել 2022 թվականի սեպտեմբերին։ Գաղտնիք չէ, որ Կանադան ծանրակշիռ երկիր է, որի ձայնը միջազգային կազմակերպություններում բավականին ազդեցիկ է»,- ասաց Պարույր Հովհաննիսյանը՝ կարծիք հայտնելով, որ այս այցով Հայաստանի և Կանադայի համագործակցությունը խորացնելու համար շատ լավ նախադրյալներ ստեղծվեցին։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հոկտեմբերի 26-ին այցելել է Ջերմուկ։ Ջերմուկ այցը Կանադայի ԱԳ նախարարը սկսել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անդամների հետ հանդիպմամբ, այնուհետև մարտական դիրքեր է այցելել ու ծանոթացել  հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակին։ Կանադայի ԱԳ նախարարի այցը եզրափակվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ հանդիպմամբ։