«Մեռած եմ, թաղած չեմ». նստացույցի դուրս եկած ազատամարտիկները արժանավայել կյանք են ուզում սեփական երկրում

«Մեռած եմ, թաղած չեմ». նստացույցի դուրս եկած ազատամարտիկները արժանավայել կյանք են ուզում սեփական երկրում
«Մեռած եմ, թաղած չեմ». նստացույցի դուրս եկած ազատամարտիկները արժանավայել կյանք են ուզում սեփական երկրում

«Մեռած եմ, թաղած չեմ»,- այսպես է նկարագրում իր վիճակը Երևանի Նոր Նորքի առաջին զանգվածի բնակիչ 63-ամյա ազատամարտիկ Էդվարդ Ներսեսյանը: 

Ղարաբաղյան պատերազմի տարիներին նա անձնուրաց  ծառայել է հայրենիքին, պատերազմի ամբողջ ընթացքում եղել է ռազմի դաշտում, ինչպես ինքն է ասում՝ վիրավորվել, ապաքինվել ու նորից գնացել է կռիվ:

Պետությունը, սակայն, Էդվարդ Ներսեսյանի խոսքով, այսօր անտեսում է իր խնդիրները: Առողջական ու սոցիալական խնդիրների պատճառով նա կորցրել է հույսը, ասում է՝ հոգսերն այնքան շատ են, որ չի կարողանում ամուսնացնել երեք չափահաս որդիներին:

«Էսօր որ ինվալիդ եմ դարձել, թող իրանք էլ մի քիչ ֆայմ ունենան, մի բան անեն: Մենք էս երկրի կողմից անտեսված ենք, բայց չգիտեմ, թե մենք իրանց ի՛նչ ենք արել: Մենք ենք արել, որ իրանք դարձան պրեզիդենտ, նախարար ու եսիմ ինչ պաշտոններ գրավեցին: Իսկ էսօր իրանք մեր մահն են ուզում, իրանք գենոցիդ են անում, Ալիևի զինվորներն են, շակալներ»,- «Մեդիալաբին» ասում է Էդվարդ Ներսեսյանը:

Նրան պատկան մարմիները հորդորել են հերթի մեջ սպասել, մինչև կբարելավեն բնակարանային խնդիրները:

«Ես եթե հերթին սպասեմ, կդառնամ 90 քանի տարեկան, որ նոր ինձ բարելավում տան, իմ տղերքն էլ կդառնան 60 տարեկան: Բայց իմ երեխեքն արդեն 30-ն անց են, չեն կարող սպասել, էսօր չենք կարողանում մենք երեխա պսակենք»:

Էդվարդ Ներսեսյանն ասում է, որ հիվանդանոց դիմելիս որևէ արտոնություն չունի, ոչ ոքի չի էլ հետաքրքրում, որ ինքն ազատամարտիկ է:

«Իրանք ասում են՝ փողը կտաս՝ կտաս, չես տա՝ պարտադիր պտի տաս: Չտաս՝ կտանեն, ես շատ գիտեմ, ընենց սենյակ կգցեն, որ սիրտդ կխառնի»,- ասում է նա:

Արցախյան պատերազմի մասնակիցներն Ազատության հրապարակում հունիսի 4-ից դարձյալ եռօրյա նստացույց են հայտարարել՝ պահանջելով, որ կառավարությունը բավարարի ազատամարտիկների՝ 6 կետից բաղկացած պահանջները. արժանապատիվ կյանք սեփական հայրենիքում:

Ասում են, որ  նախարարի հետ օրերս տեղի ունեցած հանդիպումից գոհ են:

«Իրար հետ զրուցել ենք, մեր պահանջները ներկայացրել ենք: Նախարարն էլ ցանկություն ունի, որ մեզ օգնի, բնական է, դրա համար էր հրավիրել նախարարություն: Վեց հոգանոց խմբով գնացել ենք, ասաց, որ կներկայացնի խնդիրները կառավարություն, և կաշխատեն լուծել: Հետո տղաներով հասկացանք, որ իր կողմից ուշադրություն կա, որ իրոք ուզում է օգնել մեզ»,- «Մեդիալաբին» ասում է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

Չնայած Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը՝ ազատամարտիկները որոշել են շարունակել իրենց նստացույցը, որպեսզի, իրենց խոսքով, զգոն պահեն կառավարությանը:

Ազատամարտիկների վեց կետից բաղկացած պահանջներն են՝ նախ՝ կամավոր ազատամարտիկների կարգավիճակի վերաբերյալ օրենքի ընդունում: Ազատամարտիկները նաև պահանջում են իրենց հատկացնել անժամկետ հավելյալ թոշակ՝ նվազագույն զամբյուղի չափով:

Պահանջներից մեկն էլ այն է, որ պատերազմին մասնակցած և վիրավորված ազատամարտիկների հաշմանդամության թոշակը կրկնակի բարձրանա:

Ազատամարտիկները պահանջում են նաև, որ իրենց ընտանիքների, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների համար սահմանվեն անվճար վիրահատություն, բուժօգնություն, ուսման և կոմունալ վճարների մասով զեղչեր: Պահանջում են նաև Արցախյան պատերազմին մասնակցած, ժամկետային զինվորական ծառայություն անցած և պահեստազորում գտնվող ազատամարտիներին նշանակել արժանապատիվ թոշակ:

Ավետիսյանն ասում է, որ, թեև պահեստազորի գնդապետ է, սակայն ամսական 85 հազար դրամ թոշակ է ստանում, որից 5000 դրամը Արցախյան ազատամարտին մասնակցելու գումարն է: «Ովքեր չեն ծառայել, էդ 5000 դրամն էլ չեն ստանում, դրա համար մենք պահանջում ենք հավելյալ թոշակ՝ սննդի զամբյուղի հավելյալ չափով»,- ասում է նա:

Քելբաջարի և Ֆիզուլիի ազատագրման մարտերին և Շահումյանի շրջանի պաշտպանությանը մասնակցած Վանաձորի բնակիչ Մերուժան Հարությունյանն ասում է, որ պաշտպանության նախարարությունից փաստաթուղթ ունի, որը փաստում է, որ ինքը Լաչինի շրջանում վիրավորվել է ու կոնտուզիա ստացել:

«Բայց թոշակ չեն տալիս, ասում են՝ հիվանդանոց չես պառկել: Ինձ հասանելիքն էլ չեն տալիս, ի՞նչ ուզես էս պետությունից: Պետությունը մերն է, բայց ղեկավարությունն այսօր զավթել է իշխանությունը: Սա մեր հողն է, չեմ զղջում, որ պաշտպանել եմ, մերն է, ոչ թե Սերժի, Լֆիկի, Մկան կամ Նեմեցի»,- «Մեդիալաբին» ասում է նա: Ազատամարտիկը նշում է, որ թոռնիկներ ունի, սակայն չի կարողանում ոչինչ գնել նրանց համար, ինչը մեծ ցավ է պատճառում իրեն: 55-ամյա Հարությունյանը շատ է փորձել, բայց չի կարողանում աշխատանք գտնել և, իր խոսքով, ողորմություն անելով է ապրում: Բայց չի կորցրել հպարտությունը. «Էս կառավարությունից մեզ հասանելիքն ենք ուզում, ոչ թե ողորմություն»:

Ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը (Ռեմբո) ասում է, որ նախկինում Սթրես կենտրոնում էին իրենց բուժումն ստանում պետպատվերի շրջանակներում, սակայն ոչ բոլորին էին անվճար բուժում, անտեղյակներից գումար էին վերցնում:

Իսկ հիմա, կենտրոնի վաճառքից հետո, նրանք չգիտեն՝ որտե՛ղ դիմել բուժօգնություն ստանալու համար: Ստեփանյանը երրորդ խմբի հաշմանդամ է, ասում է, որ ստանում է ընդամենը 46 հազար դրամ թոշակ:

«Ինձ՝ մի հատ սիգարետ, մեկին՝ մի հատ պեչենի, դատարկ գալիս եմ տուն, էդ ի՞նչ փող ա: Տերովներին տերն ա տարել, անտերներին գելն ա տարել»,- հավելում է Ռեմբոն:

Ազատամարտիկ Սամվել Սիմոնյանն էլ ապրում է Կոտայքի մարզում՝ վթարային տան մեջ:

«Ժամանակին 250 հազար ռուբլի վճարել եմ իմ պետությանը՝ զենք գնելու համար, մասնակցել եմ Շուշիի ազատագրմանը, բայց այսօրվա դրությամբ ոչ մի ուշադրություն ինձ չեն դարձնում: Այդ գումարով ես 4 հատ կսարքեի»,- ասում է նա՝ երկրի ղեկավարությունից խնդրելով լուծել իր բնակարանային հարցերը: Սիմոնյանն այսօր ստանում է ընդամենը 23 հազար դրամ թոշակ:

Առաջիկա հինգշաբթի՝ կառավարության նիստի օրը, ազատամարտիկները պատրաստվում են Ազատության հրապարակից երթով գնալու դեպի կառավարության շենք: Նրանք նշում են, որ մտադիր են նստացույցը դադարեցնել հինգշաբթի երեկոյան:

Մարի Ներսեսյան

© Medialab.am