Ալիևը պատերազմը դադարեցնելու համար պարտադիր պայման էր դրել փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի քաղաք, բայց Փաշինյանը չհամաձայնեց․ Պուտին

«Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է բանակցային գործընթացում Շուշիի հետ կապված նրբությունների մասին հարցին․

 «Շուշի քաղաքն Ադրբեջանին փոխանցելու հարցը երբեք չի դրվել, այն ծագել է այս հակամարտության ժամանակ։ Հոկտեմբերի 19-20-ին հեռախոսազրույցներ էի ունեցել Ալիևի ու Փաշինյանի հետ, այն ժամանակ Ադրբեջանը վերահսկողության տակ էր վերցրել Ղարաբաղի հարավային աննշան հատվածը։ Ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի քաղաք։

Փաշինյանն ինձ ուղիղ ասաց, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի ու Ղարաբաղի շահերին։ Իհարկե, ես չհասկացա՝ ինչ պատճառով նա այդպես ասաց, բայց չէ՞ որ քաղաքացիներ էին գալու և ոչ թե զինվորականներ»։