«Թուրքիայի երկրաշարժի ուժգնությունն ավելի էր, քան Սպիտակինը, բայց Սպիտակում ավերածությունները շատ էին». սեյսմոլոգ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, խնդրում եմ ներկայացրեք Թուրքիայում և Սիրիայում երկրաշաժերի մասին և խնդրում եմ ասեք՝ որքանո՞վ է մասնավորապես Թուրքիայի երկրաշարժը առնչվում Հայաստանին:

– Թուրքրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումները շարունակվում են Իրանի հյուսիսարևմտյան հատվածում՝ Խոյի օջախում: Մենք հիմա ունենք երկու օջախների ակտիվացում. մեկը՝ հարավային և հարավարևմտյան Թուրքիայում գտնվող սեյսմիկ օջախն է ակտիվացել, որի հետևանքները տեսանք՝ ինչպիսին էին: Մինչ այդ ակտիվացել էր Իրանի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Խոյի օջախը, որը նույնպես հայտնի օջախ է, Խոյ քաղաքից ոչ հեռու:

Թուրքիայի երկրաշարժի փունջը գտնվում է Միջերկրական ծովից ոչ հեռու՝ այդ երկրի հարավային ու հարավարևմտյան հատվածում, Թուրքիա-Սիրիա սահմանային գոտուց ոչ հեռու:

Իսկ Խոյի երկրաշարժերի խումբը՝ Իրան-Թուրքիա սահմանային գոտու մոտ: Խոյի երկրաշարժերի էպիկենտրոնը, այսինքն՝ հիմնական ցնցման կենտրոնը, հեռու է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքից մոտ 120 կմ, իսկ Երևանից՝ 190 կմ, ուղիղ գծով իհարկե: Դրա համար էլ Սյունիքում Խոյի երկրաշարժի ցնցումն զգում ենք 4-5 բալ ուժգնությամբ, Երևանում՝ շատ ավելի թույլ:

Թուրքիայի երկրաշարժը գտնվում է մեզնից մեծ հեռավորության վրա և մեզ անմիջական որևէ վտանգ չի սպառնում այդ երկրաշարժից:

Թուրքիայի տարածքով քարտեզագրված է երկու խոշոր, առաջին կարգի սեյսմոտեկտոնական խզվածք՝ հյուսիսանատոլիականը և արևելաանատոլիականը (հարավանատոլիական): Սրանք Թուրքիայի արևելյան հատվածում կարծես միանում են միմյանց, բայց հեռու են Հայաստանի տարածքից: Մեր խզվածքները որևէ ուղիղ համակցում չունեն Թուրքիայի այս երկու խզվածքի հետ, հետևաբար անմիջական որևէ վտանգ մենք չենք տեսնում թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի կամ Խոյի երկրաշարժերից:

– Իսկ, պարո՛ն Պետրոսյան, Թուրքիայի երկրաշարժը ուժգնությամբ համեմատելի՞ է Սպիտակում 1988-ին տեղի ունեցած երկրաշարժի հետ:

– Ո՛չ, Սպիտակի երկրաշարժի ուժը կամ մագնիտուդը ըստ Ռիխտերի սանդղակի եղել է 7, իսկ այս երկրաշարժերից առաջինն ու ամենաուժգինը եղել է 7.8, նույն օրը ցերեկը՝ 7.5: Երկուսն էլ ավելի ուժեղ են, քան Սպիտակի երկրաշարժը: Բայց Սպիտակում մենք ունեցանք 25 հազար զոհ, իսկ Թուրքիայի դեպքում վերջին տվյալով զոհերի թիվը հասնում է 2000-ի: Հիմա դուք տեսեք՝ ինչ տարբերություն է:

Սպիտակի երկրաշարժի ուժգնությունը կամ ինտենսիվությունը էպիկենտրոնային գոտում հասել է 10 բալի, իսկ Թուրքիայի պարագայում՝ 11 բալի: Այնպես որ, թե՛ ուժի առումով, այսինքն՝ ըստ Ռիխտերի սանդղակի մագնիտուդը և թե՛ ուժգնության առումով ինտենսիվությունը Թուրքիայի վերջին երկրաշարժերը գերազանցում են Սպիտակի երկրաշարժին: Տեսնում եք՝ զոհերը Թուրքիայում անհամեմատ քիչ են, քան Սպիտակի երկրաշարժի ժամանակ:

– Ներկայացրեք խնդրում եմ, ինչո՞վ է դա պայմանավորված:

– Ես, անկեղծ ասած, Սպիտակի երկրաշարժի ու դրա հետևանքների մասին բազմիցս խոսել եմ, բայց չեմ հոգնի դարձյալ ասելուց՝ պատճառները մի քանիսն են, բայց ես ասեմ հիմնականները:

Առաջինն այն է, որ Խորհրդային Միության տարիներին Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա տարածքը հաշվարկված էր 7 բալ ուժգնության համար, այսինքն՝ հնարավոր սեյսմիկ ցնցումները կամ երկարաժամկետ սեյսմիկ վտանգի աստիճանը որոշված էր 7 բալ: Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ մեզ մոտ կարող է լինել 10 բալանոց երկրաշարժ, հետևաբար խորհրդային տարիներին շենքերն ու շինությունները կառուցվել են 7-8 բալ ազդեցության համար:

Այսինքն՝ 2-3 բալ արհեստականորեն իջեցված է եղել, քանի որ պլանային տնտեսության սկզբունքների համաձայն՝ պետք էր կառուցել ինչքան հնարավոր է շատ շենքեր, մարդկանց նկուղներից ու «կոմունալկաներից» տեղափոխել բնակելի շենքեր, ու այդպես կառուցեցին շատ արագ: Մոսկվայում էլ կան այդպիսի շենքեր, դրանք խրուշչովկաներն են, որոնք Երևանում ևս կան:

Երկրորդ պատճառը՝ Հայաստանի տարբեր քաղաքներում տարբեր նախագծերի շենքեր են կառուցվել, և փորձը ցույց տվեց, որ դրանց մի մասը չփլուզվեց, դիմացավ ցնցումներին, իսկ մեկ այլ նախագծերով կառուցված շենքերը ոչնչացան: Արդյունքում՝ այդ նախագծերով շենքերի կառուցումն արգելվեց:

Երրորդ պատճառը՝ օգտագործվել է անորակ շինանյութ, ցեմենտ, ավազ, գաջ, բոլորը ցածր որակի են ուղարկվել այդ շենքերը կառուցելու համար:

Չորրորդ պատճառը՝ մեր ժողովրդի մի մասը իրեն համարում է հանճարեղ ճարտարապետներ, հանճարեղ շինարարներ, ձևախեղում են շենքը՝ կրող պատը երկու քարով շարված, մի մասը հանում էր, դարձնում զգեստապահարան, ինչի արդյունքում թուլացնում էր շենքի կայունությունը, փորում էր նկուղներ՝ կոմպոտի բանկա դնելու համար և այլն:

Ձեր նշած խրուշչովկաները Երևանում էլ կան, ի դեպ…

– Այո, այդ խրուշչովկաները ըստ վթարայնության դասակարգված են 1-4-րդ կարգերի, Երևանի քաղաքապետարանը տեղյակ է այդ մասին, կան վթարային շենքերի հատուկ ցուցակներ: Թե՛ պետության, թե՛ Երևանի բյուջեի միջոցներով և ֆինանսական հնարավորությունների սահմաններում շենքերի մի մասը քանդվում է, նորն են կառուցում, մի մասն ամրացնում են: Ըստ ֆինանսական հնարավորության՝ պետությունը և համայնքը փորձում են լուծել վթարայնության խնդիրը:

– Լավ, իսկ ակտիվ շինարարության պարագայում հիմա Երևանը որքանո՞վ է ապահովագրված 8-10 բալանոց երկրաշարժից:

Այն շենքերը, որոնք կառուցվել են Խորհրդային Միության փլուզումից հետո, որակյալ են, սեյսմակայուն են, որովհետև կառուցված են Երևան քաղաքում 9 բալ ազդեցության համար՝ նախկին 7 բալի փոխարեն:

Հետխորհրդային Հայաստանը, այսինքն՝ մեր անկախ Հայաստանը մշակեց սեյսմակայունության իր նորմերը, որոնք մի քանի անգամ թարմացվել են, արդիականացվել, և նոր շինարարությունը տարվում է համաձայն նոր նորմերի: Երևանի ամբողջ տարածքը համարվում է 9 բալ ազդեցության երկրաշարժի գոտի, և շինություններն էլ համապատասխան կառուցվում են:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am