Յուրաքանչյուր ընտանիք մտնելիս պետք է հիշես՝ դու այն մարդն ես, որի վրա հույս են դրել բռնության ենթարկված անձինք. մայորը՝ Արգիշտի Բարբառյան

Ընտանեկան բռնության առաջին դեպքը, որին ականատես եղավ մայոր Բարբառյանը, ամենասարսափելին էր. ահազանգ ստացավ, որ որդին ծեծում է տարեց մորը։ Դեպքի վայր հասնելով՝ տեսավ բռնարարին, որն իր հասակակիցն էր, նստած լալիս էր, և մորը, որ հոգեկան առողջության սուր խնդիրներ ուներ և պարբերաբար ֆիզիկական բռնության էր ենթարկում թոռներին։ Թոռների հերթական ծեծին միջամտել էր որդին և բռնության ենթարկել մորը:

«Այս դեպքը տեղի ունեցավ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու օրը։ 

Հոգեբանորեն չափազանց ծանր դեպք էր, որովհետև հստակ հասկանում էի՝ այս ընտանիքում բոլորն օգնության կարիք ունեն։ Ի տարբերություն նախորդ տարիների, երբ մենք ուղղակի պետք է հաղորդում վերցնեինք, և գործն ընթացք կստանար միայն համապատասխան բողոքի առկայության դեպքում, այս ընտանիքը մեկ տարի մնաց մեր ուշադրության կենտրոնում. աշխատանք տարանք թե՛ որդու, թե՛ մոր հետ։ Բարեբախտաբար, բռնությունը չկրկնվեց»,– հիշում է Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման խմբի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Արգիշտի Բարբառյանը։

Ինչո՞ւ համայնքը չի օգնում ոստիկանին

Առաջին աշխատանքային փորձառությունը համայնքային ոստիկանությունում էր։ Հիմա խոստովանում է՝ համայնքային ոստիկանի աշխատանքը շատ հեռու էր մասնագիտության վերաբերյալ իր պատկերացումներից։ Հետո հասկացավ՝ հենց այս ծառայությունը և հատկապես անչափահասների հետ աշխատանքը բերեցին իրեն ընտանեկան բռնության կանխարգելման խումբ:

«Ընտանեկան բռնության կանխարգելման խմբի կազմում աշխատանքը շատ ավելի բարդ է, որովհետև հասկանում ես, որ գործ ունես խոցելի ընտանիքների հետ, որտեղ տուժողը միայն բռնության ենթարկվողը չէ, այլև ողջ ընտանիքը, որը բռնության ականատես է դառնում։ Յուրաքանչյուր ընտանիք մտնելիս պետք է հիշես՝ դու այն մարդն ես, որի վրա հույս են դրել բռնության ենթարկված անձինք։ Սա չափազանց մեծ պատասխանատվություն է, որը որքան ծանր, նույնքան սթափեցնող է. դու չես կարող տրվել հույզերիդ, որովհետև դա կարող է որևէ մեկի կյանքն արժենալ։ Անկախ իրավիճակից՝ ոստիկանի համար մեկնարկային կետը պետք է լինի՝ բռնություն գործադրողը բռնարար է»,– ասում է մայոր Բարբառյանը։

Համայնքային ոստիկանությունում աշխատելու տարիներին ևս առնչվել է ընտանեկան բռնության դեպքերի, սակայն այդ տարիներին տարբեր էին թե՛ ընկալումները, թե՛ իրավական մեխանիզմները։ 

Հիշում է՝ մինչև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ընդունումը բազմաթիվ են եղել դեպքերը, երբ ահազանգով գնացել են դեպքի վայր, ականատես եղել բռնության, արձանագրել այն, սակայն կինը, ինչ-ինչ պատճառներից դրդված, հետ է վերցրել բողոքը, և բռնարարն անպատիժ է մնացել:

«Մինչև օրենքի ընդունումը նման դեպքերը 90% էին լինում, և սա, իրոք, չափազանցություն չէ։ Ստացվում էր, որ կնոջ կողմից բողոքը հետ վերցնելուց հետո աշխատանքն այդ ընտանիքների հետ, մեծ հաշվով, ավարտվում էր։ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրավիճակը տեսանելիորեն փոխվել է։ Ավելացել են բռնության ենթարկված անձանց աջակցության ձևերը, բռնության կրկնության կանխարգելման մեխանիզմները, ինչպես նաև վստահությունը ոստիկանության նկատմամբ»,– ասում է մայոր Բարբառյանը։

Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, ոստիկանության մայորը սրտնեղում է՝ հասարակության մեծ մասը շարունակում է չընկալել ընտանեկան բռնությունը որպես մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում՝ չպատկերացնելով նաև դրա հետևանքները։ Մինչդեռ Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիան հստակ սահմանում է, որ պետությունները պարտավորվում են ստեղծել գործուն մեխանիզմներ՝ բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձի պաշտպանության և բռնարարների արդարացի պատիժն ապահովելու համար: 

«Ընտանեկան բռնության վերաբերյալ այս թյուր ընկալումները բերում են նրան, որ մենք շարունակում ենք գործ ունենալ արդեն կատարված բռնության հետ, մինչդեռ մեր հիմնական նպատակը դրա կանխարգելումն է։ Հասարակությունը, որը կարող է լինել բռնության կամ դրա վտանգի մասին ահազանգողը, հաճախ անտարբերություն է դրսևորում՝ համարելով, որ ընտանիքում առկա խնդիրները հասարակությանը չեն վերաբերում։ Մինչդեռ ինքս էլ կարող եմ փաստել, որ հասարակությունը առաջինն է տեսնում ընտանիքում, մասնավորապես՝ երեխայի նկատմամբ կիրառված բռնությունը, սակայն ստացվող ահազանգերը չնչին տոկոս են կազմում»,– ասում է մայոր Բարբառյանը։

Ըստ նրա՝ նաև միջազգային փորձն է ցույց տալիս, որ ընտանեկան բռնությունը հիմնականում տարիների նախապատմություն է ունենում, ինչը չի կարող վրիպել հարևանների, հարազատների աչքից, սակայն նրանք գերադասում են լռել։ Իսկ լռությունը հաճախ կյանքեր է արժենում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ գործեր են քննվել՝ ընտանեկան բռնության և պատասխանատուների անհամարժեք գործողությունների մասին։

Օրենքը լավն է, բայց պետք է կատարելագործել

Մայոր Բարբառյանը նշում է, որ օրենքի ընդունումից հետո սայլը տեղից շարժվում է, սակայն շատ դանդաղ։ Շարունակական բռնության ենթարկվող անձինք ևս հաճախ չեն բարձրաձայնում այդ մասին, քանի որ ծառայությունները, որոնք նախատեսված են օրենքով, դեռևս ամբողջությամբ չեն տրամադրվում:

«Օրենքի հիմնական բացերից մեկը հենց սոցիալական ծառայությունների տրամադրման հետ է կապված։ Նախատեսվում էր, որ ընտանեկան բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ցանցը պետք է ընդլայնվեր, սակայն այդ մասով դեռևս ոչ մի փոփոխություն չկա։ Հատկապես մարզերում կանայք շատ հաճախ հրաժարվում են տեղափոխվել ապաստարաններ, քանի որ կա երեխաների դպրոցի կամ մանկապարտեզի հարց, կամ իրենք են վախենում կորցնել աշխատանքը, քանի որ ստիպված են տեղափոխվել իրենց համայնքներից։

Այդ պատճառով էլ գերադասում են ժամանակավորապես ապաստանել հարազատների տներում կամ վարձով բնակարաններում, մինչդեռ մենք անընդհատ նրանց բացատրում ենք, որ միայն ապաստարանում է հնարավոր ապահովել նրանց անվտանգությունը»,– ասում է մայոր Բարբառյանը։

Ըստ նրա՝ օրենսդրական երկրորդ մեծ բացն այն է, որ չկան համապատասխան վերականգնողական ծառայություններ թե՛ բռնության ենթարկված անձի, թե՛ բռնարարի համար:

«Խնդիր է նաև բնակության վայրից հեռացված բռնարարի տեղավորումը, որը, ըստ էության, մնացել է անօթևան։ Ըստ օրենքի՝ ոստիկանը պետք է երկու ժամվա ընթացքում տվյալ բնակտարածքից հեռացնի բռնարարին՝ ապահովելու համար բռնության ենթարկվածի անվտանգությունը։ Բայց միևնույն ժամանակ նույն ոստիկանը ստիպված է լուծել անօթևան մնացած բռնարարի կեցության հարցը, իսկ մենք անօթևանների կացարանների հարցում մեծ ընտրություն չունենք։ Շատ են նաև բյուրոկրատական քաշքշուկները»,– ասում է մայոր Բարբառյանը։

Մյուս խնդիրը, որը մատնանշում է նա, պաշտպանական որոշումների արդյունավետությունն է:

«Ենթադրենք՝ բռնարարի նկատմամբ պաշտպանական որոշում է կայացվում, և նրան արգելվում է մոտենալ բռնության ենթարկվող անձին։ Նախորդ տարիներին այս որոշումների խախտման դեպքերը բազմաթիվ էին, քանի որ բռնարարը չուներ վախ, որ իրեն դրա համար կազատազրկեն։ Նախատեսված էր մինչև 6 ամիս ժամկետով կալանք, սակայն, որպես կանոն, պաշտպանական միջոցի խախտման դեպքում տուգանք էր նշանակվում։ Իմ փորձը ցույց է տալիս, որ տուգանքը բռնարարի համար հիմնավոր պատճառ չէ՝ դադարեցնելու բռնությունը։ Հիմա Քրեական օրենսգրքում որոշակի փոփոխություններ են կատարվել, և վստահ եմ, որ պատժաչափի խստացումը բռնության կանխարգելման հավելյալ լծակ կդառնա»,– ասում է նա։

Քանի դեռ երեխաներին վախեցնում են ոստիկաններով. կարծրատիպեր, որ ստեղծվում և կոտրվում են

Բռնության ենթարկված կնոջ կամ անչափահասի հետ աշխատանքը մի շարք առանձնահատկություններ ունի. սա ամենակարևոր բանն է, որ մայոր Բարբառյանը սովորել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած վերապատրաստման դասընթացների ժամանակ։ Դրանք մեկնարկել են 2021-ին և շարունակվում են նաև 2022-ին։ Ոստիկանների արդեն 5 խումբ է վերապատրաստվել՝ սպասարկելու ընտանեկան բռնության վերաբերյալ դեպքերը:

«Հատկապես սեռական բռնության ենթարկված կանանց և անչափահասների հետ աշխատանքը ծայրաստիճան զգուշավորություն է պահանջում։ Դասընթացների ժամանակ հասկացանք՝ ինչպես պետք է արձագանքել այս դեպքերին։ Օրինակ՝ սովորեցինք, որ երբ կինը դիմում է ոստիկանություն, որևէ մեկը չպետք է նրան միանգամից հարցեր տա։ Փոխարենը նրա հետ պետք է զրուցի միայն համապատասխան վերապատրաստված ծառայողը՝ կնոջ համար ապահով միջավայրում, վստահության մթնոլորտում՝ նրան կրկնակի սթրեսի չենթարկելու համար»,– ասում է նա։ 

Ըստ նրա՝ դասընթացների արդյունքում ձեռք բերված հմտությունները, ընտանիքների հետ աշխատանքի նոր մոտեցումները ավելացրել են համայնքում ոստիկանության նկատմամբ վստահությունը, բացի այդ, հասարակությունը ավելի իրազեկ և իրավագիտակից է դարձել։ Հիշում է՝ 2018-ին Արտաշատում բռնության շուրջ 20 դեպք է գրանցվել, 2021-ին՝ 67։ Արգիշտին ասում է՝ այս թվերը խոսում են ոչ այնքան դեպքերն ավելանալու, որքան այն մասին, որ դրանցով սկսել է զբաղվել ոստիկանությունը։ Ըստ նրա՝ հասարակությունը սկսել է ավելի շատ վստահել ոստիկաններին, սակայն կան կարծրատիպեր, որ մինչ օրս էլ խանգարում են ոստիկաններին:

«Մենք պետք է հիշենք, թե ինչ կարծրատիպերով են առաջնորդվում մարդիկ, ինչ են սովորեցնում իրենց երեխաներին։ Զարմանալի է, որ մինչ օրս գործում է խորհրդային տարիներից եկած այն սովորությունը, որ երեխաներին վախեցնում են ոստիկանով, իսկ ոստիկանություն զանգելը, բռնության կամ այլ հանցագործության մասին ահազանգելը համարում են արատավոր երևույթ։ Ինչպե՞ս կարող է ոստիկանին վստահել, նրա հետ հանգիստ խոսել երեխան, որի համար սարսափելի կերպար է համազգեստով մարդը։ Այս կարծրատիպերը շատ են խանգարում մեզ, բայց սրանք կոտրելը միայն ոստիկանության խնդիրը չէ»,– ասում է մայոր Բարբառյանը։

Ըստ նրա՝ կարծրատիպային վերաբերմունք կա նաև բռնության ենթարկված անձի նկատմամբ՝ հատկապես փոքր համայնքներում. մարդիկ չեն ուզում նույնացվել զոհի կերպարի հետ, հատկապես՝ սեռական բռնության ենթարկված կանայք։ Այս առումով մեծ է նաև լրատվամիջոցների դերը, որոնք կարող են մի կողմից վերարտադրել կարծրատիպեր, մյուս կողմից՝ կոտրել դրանք։ Եվրոպայի խորհուրդը լրատվամիջոցների աշխատակիցների համար հատուկ ուղեցույց է մշակել, որը թույլ կտա ճիշտ լուսաբանել ընտանեկան և գենդերային հիմքով բռնության դեպքերը։

Սոնա Մարտիրոսյան

Հոդվածը գրվել է Եվրոպայի խորհրդի ֆինանսական աջակցությամբ։ Սույն հոդվածում արտահայտված կարծիքները հեղինակինն են և կարող են չհամընկնել Եվրոպայի խորհրդի կարծիքի հետ։