Ջրի սակագինը կբարձրանա. ՀԾԿՀ-ն հաստատեց սակագները

Հայաստանում խմելու ջրի սակագինը  2023 թվականի հունվարից կբարձրանա մոտ 9 դրամով, սակայն կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար, այսպիսով՝ սպառողների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 29-ի նիստում սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները:

Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,42 դրամ: «Վեոլիա Ջուր»-ը իր հայտում հանձնաժողովին առաջարկել էր խմելու ջրի սակագինը սահմանել 209 դրամ: 

Միևնույն ժամանակ, հանձնաժողովից հիշեցրել են, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Արդյունքում,  2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա։

2022 թվականի օգոստոսի 8-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձնաժողով էր ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ: Հանձնաժողովը ծառայությունների սակագների հաշվարկներում  ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը նախաձեռնել էր մոնիթորինգ, արդյունքում հաշվարկված լրացուցիչ մանրածախ ջրամատակարարման ծավալը կազմել էր 1 847 160,3 խորանարդ մետր, որն իր դրական ազդեցությունն է ունեցել սահմանվող սակագնի վրա: