«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանը
-Պարո՛ն Գորգիսյան, ԿԸՀ-ն մերժեց ձեր կուսակցության դիմումը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և Դանիել Իոաննիսյանին դիտորդական մանդատից զրկելու վերաբերյալ։ Ձեզ համար այս որոշումը սպասելի՞ էր, և ինչպե՞ս եք գնահատում դրա հիմնավորումները։
– Չէի ասի, թե ամբողջությամբ դժգոհ ենք որոշումից, բայց կարելի էր նաև ինչ-որ պատժամիջոց կիրառել: Եթե անդրադառնամ որոշման բովանդակությանը՝ ստացվեց հետևյալը. քննության ամբողջ ընթացքում ու որոշման եզրափակիչ տեքստում ԿԸՀ-ն արձանագրել էր, որ Դանիել Իոաննիսյանի իրականացրածը հակաքարոզչություն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նկատմամբ, ուղղակի մեր պահանջը նրանք խիստ համարեցին: Բայց, այնուամենայնիվ, կարելի էր որևէ պատժամիջոց կիրառել, օրինակ՝ Դանիել Իոաննիսյանին անձամբ զրկել դիտորդի կարգավիճակից, որը կբերեր սթափության ու այն անպատժելիության իրավիճակի փոփոխմանը, որը հիմա գործում է կոնկրետ Դանիել Իոաննիսյանի դեպքում:
Մարդը հստակ քաղաքական հակաքարոզչություն է իրականացնում ու դա անում է կոնկրետ մեր դեմ ու դա անում է ադրբեջանական աղբյուրների հիման վրա, փաստացի պաշտպանելով ադրբեջանական թեզերը, այդ ամենը մտցնելով Հայաստանի քաղաքական ընտրապայքարի մեջ:
– Այս դեպքը որքանո՞վ է ազդելու հանրության վստահության մակարդակի վրա՝ որևէ դիտորդական կազմակերպության կատարած աշխատանքի նկատմամբ:
– Կարծում եմ, կոնկրետ Դանիել Իոաննիսյանի դեպքում բոլորը վաղուց գիտեն, որ նա բացարձակ անաչառ չէ ու իշխանության հերթական պրոպագանդիստն է, բայց գոնե այս փուլում, երբ նա հանդես էր գալիս որպես դիտորդ, օրենքով պարտավոր էր պահպանել քաղաքական չեզոքությունը ու զսպվածությունը, ինչը չի անում ու, այո՛, խաթարում է վստահությունը գործընթացների նկատմամբ ու կոնկետ այս պարագայում մեզ պատճառում է քաղաքական վնաս:
– Պարո՛ն Գորգիսյան, եթե ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է խնդիրը, բայց պատժամիջոց չի կիրառել, ապա ինչո՞վ եք բացատրում նման մոտեցումը։
– Դա իրենք թող բացատրեն, ես միայն կարող եմ ասել, որ որևէ պատժամիջոց չկիրառելը ճիշտ չէր, ու միայն այն, որ Իոաննիսյանը պետք է ջնջի այդ գրառումներն ու տեսանյութը՝ որպես այդպիսին հորդորի տեսք ունեին, դա պահանջ ու պատժամիջոց չէր իրականում: Իոաննիսյանն էլ, արձագանքելով դրան, ջնջել է միայն գրառումը, բայց տեսանյութը դեռևս իր էջում է:
– Այս ընտրական գործընթացում հաճախ խոսվում է ոչ միայն առանձին խախտումների, այլև իշխանության վերարտադրության մեխանիզմների մասին։ 2018-ին Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իշխանության շարունակության դեմ պայքարը հիմնավորում էր նաև նրանով, որ Սարգսյանը խախտել է իր խոստումը և գնում է երրորդ ժամկետում պաշտոնավարելու։ Հիմա նույն Փաշինյանն է պայքարում երրորդ ժամկետում իշխանությունը պահպանելու համար։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է փոխվել։
– Մենք ամեն օր փաստում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ուզում էր համակարգային փոփոխություններ երկրում, այլ ուզում էր այն վատ ու արատավոր երևույթներն անել, ինչն անում էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը. հագնել այն կոստյումը, որը կարվել էր Սերժ Սարգսյանի համար, վայելել չսանձազերծված ու բացարձակ իշխանության պտուղները, հետապնդել քաղաքական հակառակորդներին, բանտարկել նրանց: Փաշինյանը ոչ մի խոչընդոտ չի տեսնում անել այն, ինչի դեմ ինքը իրականացնում էր հեղափոխություն, իսկ դա երրորդ ժամկետում պաշտոնավարելն էր:
Գրեթե բոլոր երկրների սահմանադրություններում կա ժամկետի սահմանափակման մասին դրույթ, որովհետև իշխանությունը երկար ժամանակ մնալով փչանում է ու պատրաստ է լինում զոհել ամեն բան հանուն իշխանության: Մեր դեպքում զոհվում է ոչ միայն ժողովրդավարությունը, այլ նաև հանձնվում են տարածքներ Ադրբեջանին, վերջինիս պահանջներին տուրք տալը, ու այս ամենն արվում է իշխանության մնալու համար, իսկ դա գալիս է նրանից, որ մեր Սահմանադրությամբ թույլատրվում է, որ մեկ ուժը, մեկ անձը հավերժ մնա իշխանության: Նիկոլ Փաշինյանին այս Սահմանադրությունը շատ դուր է եկել ու ձեռնտու է:
– Նիկոլ Փաշինյանի երրորդ ժամկետում պաշտոնավարումը ի՞նչ ռիսկեր կարող է ունենալ պետության համար:
– «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շարունակում է պնդել, որ որևէ ուժ չպետք է բացարձակ իշխանություն ունենա, ու մենք առաջարկում ենք ընտրողներին ձայն տալով մեզ, Ազգային ժողովում ունենալ քաղաքական ուժ, որը կներկայացնի իրենց ու պետության շահերը, որովհետև մենք կաշկանդված չենք ոչ մի բանով, որ կարողանան մեզ ճնշելով խոցելի դարձնեն:
Լինելով խորհրդարանում՝ մենք կկարողանանք նպատել, որ ընդդիմությունը համախմբվի կոմպրոմիսային վարչապետի շուրջ, ու նրան էլ ընտրի խորհրդարանը: Այդ անձը հաշվետու կլինի խորհրդարանի բոլոր խմբակցություններին, չի կարողանա միանձնյա որոշում կայացնել՝ այդ կերպ կունենա նաև անվտանգության բարձիկ արտաքին ճնշումների նկատմամբ, այսինքն՝ եթե միջազգային հարթակներում որևէ բան ստիպեն, նա կասի, որ ինքը հաշվետու է խորհրդարանին ու չի կարող միանձնյա որոշում կայացնել: Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, ապա խորհրդարանում նրա ընդդիմությունը լինելու է այն երեք ուժը, որոնց նա այս ընթացքում «կզացնում է, սատկացնում է» և այլն, իսկ այս պարագայում մենք ունենալու ենք ավելի վատ խորհրդարան, քան հիմա է: Մենք ունենալու ենք բացարձակ ապաքաղաքական խորհրդարան, ու երկրի առաջ ծառացած խնդիրները մնալու են Նիկոլ Փաշինյանի լուծմանը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















