«Այսօր մեր գերխնդիրը դեպի հոգևոր-բարոյական տիրույթները թափանցող պարտության ալիքը կասեցնելն է»․ Ժիրայր Սեֆիլյան

Ազգային ժողովրդական բևեռի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը․

Գոտեպնդվե՛լ, համախմբվե՛լ, պատրաստվե՛լ

«Սիրելի՛ հայրենակիցներ

Պարտության պատճառների մասին խոսել ենք և առաջիկայում ավելի հանգամանալից կերպով կանդրադառնանք դրանց։ Այսօր մեր առաջնահերթ գերխնդիրը դեպի հոգևոր֊բարոյական տիրույթները թափանցող պարտության ալիքը կասեցնելն է։ Մենք իրավունք չունենք հոգեպես ընկճվելու և հուսահատվելու։ Թշնամին սպասում է, թե երբ ենք մենք ներքուստ փշրվելու, որպեսզի մեր պարտությունը վերածի ազգային աղետի և ոչնչացնի մեր պետականությունն ու հայրենաբնակ հայությանը։

Շատ մտահոգ ենք գերության մեջ գտնվող և դեռևս թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից դուրս չեկած մեր զինվորների ու այլ հայրենակիցների ճակատագրի համար։ Տագնապած ենք մեր երկրի թույլ պաշտպանված սահմանների և, առհասարակ՝ մեր երկրի ապագայի համար։Վրդովված և զայրացած ենք դավաճանված լինելու համար։ Ոմանք նույնիսկ խոսում են, թե կյանքն այլևս անիմաստ է։Այո, իրականությունը դաժան է։ Բայց մենք հազարամյակների ընթացքում շատ ավելի դաժան փորձություններ ենք հաղթահարել։Այս մեկն էլ կհաղթահարենք։

Չմոռանա՛նք, որ Մեծ եղեռնից հետո Սարդարապատ եղավ, ցեղասպան թշնամին ջախջախվեց և մենք կարողացանք վերականգնել մեր պետականությունը։ Փառք Աստծո, հիմա շատ առումներով վիճակն ավելի բարվոք է։ Մենք առնվազն դե յուրե ինքնիշխան պետություն ունենք։ Մեր բանակը, թեկուզ վիրավոր, բայց պահպանված է և կանգուն։ Այլևս ժամանակն է ատամները սեղմելու և գործի լծվելու։ Դա է կյանքի օրենքը։ Կյանքն ու Հայրենիքը մեր նախնիներից փոխանցվել են մեզ, մենք էլ պետք է փոխանցենք մեր սերունդներին։Հակառակ պարագայում մենք իսկապես ապրելու իրավունք չենք ունենա։ Կտրորենք գերիների ու անհայտ կորած համարվող ողջերի հույսն ու հավատը։ Եվ այդ ժամանակ բոլոր ապրողներս կդառնանք դավաճաններ։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք, քան գոտեպնդվե՛լ, համախմբվե՛լ և պատրաստվե՛լ պատերազմի։

Մեր կյանքն անչափելիորեն մեծ իմաստ ունի։ Եվ մեր կյանքն իմաստավորելու համար յուրաքանչյուրս պարտավոր է իր մեջ ուժ գտնել, հայրենակցին ուժ տալ, ինքնամաքրվել, նաև հանրային միջավայրը մաքրել արատներից և ձեռնամուխ լինել ինքնիշխան ազգային պետություն կառուցելու, Ազգ֊բանակ դառնալու, գերված Հայրենիքն ազատագրելու և մեր տրորված արժանապատվությունը վերականգնելու գործին։ Ի գո՛րծ»։