ՀՀ ՄԻՊ-ը 28-ամյա երիտասարդի սպանության առնչությամբ իրականացնում է սոցցանցերում ատելության խոսքի տարածման մշտադիտարկում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն՝Արմավիրի մարզի 28-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ, որի մասին նախօրեին մամուլում լուրեր են տարածվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններին՝ դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։

«Հաշվի առնելով այն, որ, ըստ մամուլի տեղեկությունների, սպանվածը տրանս կին է՝ Պաշտպանն ընդգծում է. իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք սպանությունը տեղի է ունեցել տուժողի գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության շարժառիթով։ Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերում տարածվում է ատելության խոսք, արդարացվում է սպանությունը՝ հաշվի առնելով տուժողի տրանս կին լինելու հանգամանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խիստ դատապարտելի է ցանկացած հիմքով ատելության խոսքի և բռնության կոչերի տարածումը, որը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից և կարող է հանգեցնել ատելության հիմքով հանցանքների կատարմանը։

Նշվում է՝ պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները երաշխավորում են բոլորի հավասարությունն օրենքի առջև և բոլոր քաղաքացիների պաշտպանությունը ցանկացած տեսակի բռնությունից կամ դրա սպառնալիքից։