Հանրությունը պատկերացնում է, թե Իրանը գալու է ու մեր փոխարեն կռվի, այս առումով խնդիր ունենք. Իրանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, Տեղ գյուղում իրականացրած սադրանքից հետո ադրբեջանական կողմը սկսեց կեղծ լուրեր շրջանառել, թե հայկական կողմն օգտագործել է իրանական ԱԹՍ-ներ ու հնդկական զինտեխնիկա։ Ի՞նչ նպատակով է Ադրբեջանը հակաիրանական տրամադրություններ գեներացնում։

– Հակաիրանական քարոզչությունն Ադրբեջանում առհասարակ նորություն չէ, այն հատկապես ուժգնացել է վերջին տարիներին ու մասնավորապես վերջին ամիսներին։ Այս ընթացքում ադրբեջանցիները տարբեր քարոզչական թեզեր էին դաշտ նետում Իրանի ու Հայաստանի հետ կապված, օրինակ՝ այն, որ Իրանն իբրև թե ահաբեկիչներ է տեղափոխում Հայաստան ու Արցախ, կամ զինվորականներ են գալիս հայերին հրահանգավորումներ տալու և այլն, այսինք՝ քարոզչական այս թեզերի պատմությունը սկսվել է դեռ ավելի շուտ, քան Տեղ գյուղի վրա հարձակման օրը։ 

Հարձակման ժամանակ սկսեցին շրջանառել ինֆորմացիա իրանական ԱԹՍ-ների մասին, նախկինում էլ շրջանառել էին զինտեխնիկայի տրամադրման մասին ինֆորմացիա։ Ենթադրաբար այս ամենը նպատակ է հետապնդում դրսի աչքին, մասնավորապես Արևմուտքի մոտ զոհի կերպար խաղալ։ 

Այս համատեքստում տեղին է հիշել ԱՄՆ-ի այն հայտարարությունը, որ իրենք ռազմական օգնություն են տրամադրում Ադրբեջանին, որովհետև վերջինս սահմանակցում է Իրանին ու պետք է պաշտպանել Ադրբեջանին։ Այսինքն՝ Արևմուտքն Իրանին ընկալում է որպես ագրեսոր, տարածաշրջանն անկայունացնող գործոն ու նաև ահաբեկչությունը հովանավորող երկիր, իսկ այդ նույն թեզերը վերջին ամիսներին առաջ է տանում նաև Ադրբեջանը, նա ևս միացել է այդ քարոզչությանը ու նաև այդ ֆոնին և այդ համատեքստում փորձում է իր շուրջը աջակցություն գեներացնել։ Տեղ գյուղի վրա հարձակման պարագայում ևս նույն նպատակն էր հետապնդում, որպեսզի Հայաստանին ու Իրանին ներկայացնեն իբրև ագրեսոր, ու այդտեղ Ադրբեջանն ընդամենը զոհ է։

– Իրանն ինչպե՞ս է արձագանքում ադրբեջանական նմանատիպ հայտարարություններին։

– Իրանում կոնկրետ այս հայտարարությանը որևէ տեսակի արձագանք չի եղել, առհասարակ իրանցիների պրակտիկան այնպիսին է, որ իրենք ոչ միշտ են արձագանքում Ադրբեջանից հնչող հայտարարություններին, քանի որ ադրբեջանական կողմը ժամը մեկ հակաիրանական ինչ-որ հայտարարություն է դաշտ նետում։ 

Վերջին ամսվա կտրվածքով եթե նայենք, ապա այս ընթացքում Ադրբեջանը բոլոր հնարավոր ձևերով, անգամ վիրավորական կերպով խոսել է Իրանի մասին, բայց Իրանը դրանց ոչ բոլորին է պատասխանել, օրինակ՝ բողոքի նոտա եղավ ընդամենը նախորդ շաբաթ, երբ արդեն Իսրայելում դեսպանատան բացման ֆոնին Իրանի հոգևոր առաջնորդին ծաղրող ինչ-որ լուսանկարներ էին ադրբեջանական մամուլում հրապարակում և այլն, այսինքն՝ իրանցիները, իրենց իսկ խոսքով, ռազմավարական համբերություն են դրսևորում և չեն արձագանքում Ադրբեջանից հնչող ամեն մի հակաիրանական հայտարարությունների։ 

Իրանում ավելի շատ միտված են երկխոսության, դիվանագիտական խողովակներով իրավիճակը հարթելուն, բայց անկախ իրանական այս մոտեցումից, Ադրբեջանն արդեն որդեգրել է հստակ հակաիրանական ուղեգիծ, ու եթե անգամ այնպես ստացվի, որ ինչ-որ փուլում թուլացնեն այդ հակաիրանական քարոզչությունը, միևնույն է, իրենք արդեն իսկ հատել են բոլոր կարմիր գծերը ու հետագա քարոզչությունը շարունակելու են հենց այդ կարմիր գծերը հատած վիճակում։ 

– Տիկի՛ն Վարդանյան, համակարծի՞ք եք հնչող տեսակետներին, որ Ադրբեջանը նաև Իսրայելի դրդմամբ ամեն ինչ անում է, որ Իրանին ներքաշի հնարավոր նոր պատերազմի մեջ։

– Իրականում այդ վտանգը միշտ է եղել, համենայնդեպս, գոնե վերջին 30-40 տարիների ընթացքում, բայց Իրանը կարողացել է իր գործողություններով դա թույլ չտալ, իրանական քաղաքականությունը հենց դրան է միտված, որ հնարավորինս խուսափի պատերազմից, այսինքն՝ Իրանը որևէ կերպ նախահարձակ չի լինելու, այլ հարց է, երբ Իրանի դեմ ինչ-որ գործողություններ ձեռնարկվեն, որոնց Իրանը ստիպված կլինի պատասխանել, բայց այդ մասին դեռ վաղ է խոսել։

– Եթե թուրք-ադրբեջանական տանդեմը, այնուամենայնիվ, որոշի, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի անգամ ռազմական ճանապարհով, այդ ժամանակ Իրանը կմիջամտի՞, թե՞ ոչ։

– Շատ դժվար հարց եք տալիս, որովհետև դրա հստակ պատասխանը երևի գիտեն միայն Իրանի իշխանությունները, ես միայն կարող եմ ասել, որ մենք պետք է հասկանանք, թե իրականում ինչ է նշանակում Իրանի միջամտություն։ 

Եթե Իրանը միջամտի, նախ դրա համար պետք է ունենա հայկական կողմից պաշտոնական առաջարկ, ինչ-որ պայմանագիր և այլն, այսինքն՝ Իրանը հենց այնպես չի կարող միջամտել, որովհետև դա այլ կերպ կդիտարկվի։ Ու մյուս կողմից, արդեն ասացի, որ Իրանը խուսափում է պատերազմից, ու դժվար է պատկերացնել, որ Իրանն իր նախաձեռնությամբ պատերազմական գործողությունների մեջ մտնի, բայց թե գործողություններն ինչ սցենարով կզարգանան, շատ դժվար է ասել։

– Վստահաբար քաջածանոթ եք ներհայաստանյան քննարկումներին, վերլուծություններին Իրանի դերակատարման մասով։ Մեզանում չափազանցվա՞ծ է Իրանի դերակատարումն այս գործընթացներում, թե՞ առկա սպասելիքներն արդարացված են։

– Մեր հանրության մեջ սխալ պատկերացում կա Իրանի դերակատարման հետ կապված, այն առումով, որ հանրությունը պատկերացնում է, թե Իրանը գալու է ու մեր փոխարեն կռվի։ Այսինքն՝ Իրանի կողմից վերջին 2-3 տարիներին հնչող պաշտոնական հայտարարությունը, որ իրենք դեմ են «միջանցքին», Սյունիքը կարմիր գիծ է և այլն, մեր հանրությունը ընկալել է, թե Իրանը մեր փոխարեն կռվելու է։ 

Հասարակությանը պետք է մատուցվի, որ առաջինը մենք ենք մեր անվտանգության երաշխավորը ու առաջինը մենք պետք է կռվենք մեր իսկ տարածքների համար ու ոչ թե Իրանը, որովհետև եթե ինչ-որ պետություն կռվում է քո տարածքի համար, դա արդեն քոնը չի լինում։ 

Դերակատարման մասով․ իսկապես Իրանը բավական ակտիվ է եղել, հստակ ինֆորմացիա թերևս չկա, բայց այն, ինչ եղել է մամուլում ու հայտարարվել է Հայաստանի փոխարտգործնախարարի կողմից, որ նախորդ տարվա սեպտեմբերյան հարձակումն ավելի չի ծավալվել Իրանի գործողությունների, նախազգուշացումների շնորհիվ, արդեն իսկ բավական է հասկանալու, որ Իրանը, այնուամենայնիվ, դերակատարում ունեցել է: 

Եթե նկատենք՝ Իրանն ադրբեջանական ցանկացած հարձակման ժամանակ ակտիվանում է, նախ նշում են, որ իրենք զորքը բերել են մարտական պատրաստվածության ամենաբարձր աստիճանի, այսինքն՝ իրենք քարոզչական դաշտում են նաև ակտիվանում, ու, այո՛ կախված իրավիճակից, նաև պաշտոնյաներն են ակտիվանում, սկսում են հիշեցնել կարմիր գծերի մասին։ 

Իրանը փորձում է նախազգուշացումներով իսկապես թույլ չտալ, որ սահմանի փոփոխություն, «միջանցքի» ստեղծում, Սյունիքի օկուպացիա, իրենց համար վատթարագույնը լինեն, իսկ թե դրանից այն կողմ Իրանն ինչի՛ է պատրաստ, արդեն գալիս ենք նախորդ հարցին տրված իմ պատասխանին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am