«Թող մեզ չվախեցնի, եթե կարող է՝ թող գնա թուրքին վախեցնի» . Քաջարանի քաղաքապետը՝ Փաշինյանին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Քաջարան համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկված Մանվել Փարամազյանը

– Պարո՛ն Փարամազյան, այսօր Արագածոտնում Փաշինյանը հայտարարեց, թե ընտրություններից հետո լինելու են վենդետաներ համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին փորձում են հարկադրանքի ենթարկել: 

Նա, ըստ էության, ակնարկեց Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներին, որոնք «Հայաստան» դաշինքի կազմում մասնակցում են ընտրություններին: Նա, ամենայն հավանականությամբ, նկատի ունի նաև ձեզ։ Ինչպե՞ս եք արձագանքում։

– Նախ ասեմ, որ Սյունիքի համայնքապետերը բոլորս էլ ուժեղ տղաներ ենք։ Երկրորդ՝ այդ կործանիչը կազմալուծեց մեր պետությունը, բանակը, հիմա էլ փորձում է երկիրը տանել քաղաքացիական բախումների։ Դա ակնհայտ է։ 

Այդ վենդետաների գաղափարը մեզ համար նորություն չէ։ Իշխանության գալու հենց առաջին օրից նա հենց վենդետաներ է կիրառում ազգային, հայրենասեր ուժերի դեմ, որոնք չխոնարհվեցին իր առջև և որևէ ձևով գործիք չդարձան իր ձեռքին։ 

Եվ այստեղ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին ժողովրդի ջերմ, գրկաբաց ընդունելությունը ակնհայտորեն գլխավոր չարիքի վրա տպավորություն է թողել, որովհետև մենք գնում ենք մեր գործի արդարության, վստահության, հաղթանակի հավատով։ 

Ինչպես ասում են՝ «Գլխովը շատ ամպեր կանցնեն, սարը միշտ կա անսասան»: Իսկ եթե նա որոշել է անցնել «մարտեր առանց կանոնների», դրանով միայն իր վիճակն է բարդացնում, որովհետև բոլորը կանգնելու են դատաստանի առջև: Իսկ մոլորյալները թող մտածեն, թե հանուն ինչի՞ են վերցնում այդ մեղքի պատասխանատվությունը: Ժողովուրդը մեր արածը գնահատում է: Ես ժողովրդից չեմ կտրվել, ես ժողովրդի մի մասն եմ: Ու դուք կտեսնեք, թե ընտրություններին ժողովուրդն ինչ գնահատական է տալու:

– Խոսվում էր այն մասին, որ երեկ «Հայաստան» դաշինքի քարոզարշավին մարդիկ եք ստիպողաբար բերել:

– Դրա մասին ամոթ է խոսելը: Նախ ասեմ, որ ինքն է մարդկանց ստիպում, վարչական լծակներն ամբողջ թափով օգտագործում է: Թող ամաչի իր ստերից, որ այնքան է ստեր ասել, որ մոլորվել է այդ ստերի մեջ: Ինքը քարոզարշավ է անում հետևյալ սկզբունքով. «Ես քեզ խաբում եմ, բայց դու ինձ հավատա»: Տենց ո՞նց կլինի: Մենք արդեն իրենից ոչ մի դրական սպասելիք չունենք: 

Մենք գնում ենք կործանման: Տեսեք՝ այսօր էլի գերի վերցրին: Ընդհանրապես, ո՞վ է մեր տերը: Մի քանի օր առաջ թուրքերն առաջ եկան, գնացինք, քշեցինք, ո՞վ է դրա մասին բարձրաձայնել կամ ո՞վ գիտի մեր տեղը: Երկիրն ամբողջությամբ անտերության է մատնված: Այս անկայուն վիճակից մեր թշնամին է շահում, բայց մեր ներքին թշնամիները շատ են, և էս անկայուն վիճակը իրենց է ձեռք տալիս:

– Հանրության մի մեծ մասի մոտ հարց է ծագում՝ ումո՞վ ենք փոխում Փաշինյանին: Ռոբերտ Քոչարյանը ձեր մարզում վստահություն ունի՞: Շատերը հիշում են նրա իշխանության տարիներին եղած բռնությունները, սպանությունները:

– Դուք երեկ չտեսա՞ք հանդիպումը ժողովրդի հետ: Դուք մարդկանց հայացքներից կարող եք զգալ, թե ինչ տրամադրվածություն ունեն: Մարդիկ վերլուծում են, որ Քոչարյանի տարիներին ապրել են խաղաղ երկնքի տակ, տնտեսությունը զարգանում էր մեծ դինամիկայով: Ի՞նչ է արել այս երեք տարում այդ մարդը: Հերոսներին վերցրել, մտցրել է կարտոշկեքի մեշոկների մեջ, տարել պահել պադվալներում: 

– Քոչարյանի մասին էլ ասում են՝ օրը ցերեկով «Պապլավոկում» մարդ էր սպանում, հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի մասին են հիշատակում։ 

– Երեք տարի այս իշխանությունը հայտարարում է՝ նախկինները հանցագործ են և այլն: Այդ դեպքում ինչո՞ւ արդարացվեց Ռոբերտ Քոչարյանը: Էդ մարդուն անհիմն մեղադրում էին, ինչպես մնացածներին, ինչպես մեզ: Ինչ եկել են իշխանության, դատարաններում ենք:Սրանք չեն սիրում հերոսներին, հայրենասեր մարդկանց:

– Նիկոլ Փաշինյանի նշած վենդետայից չե՞ք վախենում:

– Ե՞ս պիտի վախենամ, ամոթ կլինի այն մարդուն, որ իրենից վախենա: Թող մեզ չվախեցնի, եթե կարող է՝ թող գնա թուրքին վախեցնի: Եկել ուզում ես հերոս տղաների՞ն վախեցնես, որոնք առաջին օրվանից կանգնեցինք երկրի անվտանգության համար: Մինչև հիմա էլ կռիվ ենք տալիս, սրա համա՞ր պիտի մեզ մեղադրել:

Մանե Հարությունյան

MediaLab.am