«Նման մոտեցումն ու գործելաոճը կարող է բերել հանրային լուրջ ընդվզման». «Դ!ԵՄ ԵՄ»

«Նման մոտեցումն ու գործելաոճը կարող է բերել հանրային լուրջ ընդվզման». «Դ!ԵՄ ԵՄ»
«Նման մոտեցումն ու գործելաոճը կարող է բերել հանրային լուրջ ընդվզման». «Դ!ԵՄ ԵՄ»

«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

«ՀՀԿ խորհրդրանական խմբակցությունը, անտեսելով հասարակության պահանջները, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը և ի վերջո, երկրի շահը, փորձում է ԱԺ արտահերթ նստաշրջանի շրջանակներում ընդունել ՀՀ կառավարության առաջարկած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

Օրինագիծը կազմվելիս գրեթե հաշվի չի առնվել ՍԴ 2 ապրիլի 2014թ. ՍԴՈ – 1142 որոշման հիմքում ընկած հիմնավորումները, մինչդեռ հենց այդ որոշմամբ էր պայմանավորված նշված օրինագիծը կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Ավելին՝ նոր նախագիծը նույնպես պարունակում է տարատեսակ այլ խնդրահարույց դրույթներ:

Հետաքրքիր է, որ հանրության համար նման կարևորագույն նշանակություն ունեցող և նախկինում մեծ աղմուկ առաջացրած օրենքի նոր նախագիծը չի քննարկվել հանրության հետ: Այն հրապարակվել է միայն արտահերթ նստաշրջանի առաջին նիստի օրը` դրանով խախտելով Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ ու կանոնակարգեր, փաստացի հնարավորություն չտալով ԱԺ պատգամավորներին ծանոթանալ նախագծին: Ընդ որում նախագծին ծանոթ չեն նաև ՀՀԿ-ական պատգամավորները, ովքեր պատրաստվում են քվեարկել այդ օրինագծի օգտին:

Գրեթե բոլոր հիմնավորումները, որոնք մենք բազմիցս բերել ենք արդեն իսկ հակասահմանադրական և անվավեր ճանաչված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հակասահմանադրական, հակասոցիալական, հակամարդկային և հակապետական դրույթների վերաբերյալ, հիմնականում հաշվի չեն առնվել, իսկ վիճահարույց կարգավորումները բովանդակային առումով նույնությամբ կիրառվել են նոր օրինագծում՝ այս անգամ արդեն նոր ձևակերպումներով, ինչը կրկին անգամ հաստատում է մեր համոզմունքը առ այն, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հիմնական նպատակը ոչ թէ սոցիալական դաշտի բարեփոխումներն են, այլ աշխատավոր քաղաքացիներից լրացուցիչ գումարներ կորզելու օրինական հիմքերի ստեղծումը:

«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է վարչակազմի՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նման մոտեցումն ու գործելաոճը, որը կարող է բերել հանրային լուրջ ընդվզման: Միաժամանակ կոչ է անում զերծ մնալ հակասոցիալական, հակասահմանադրական և հակամարդկային նոր օրենքի ընդունումից:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ»

© Medialab.am