Զինդատախազի պաշտոնակատարի կողմից Ի. Վահանյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել. Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նկատի ունենալով որոշակի շահարկումները՝ հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը:

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել և առանձին վարույթում առանձնացվել է քրեական գործ: 2021 թվականի մարտի 16-ին այս գործով ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Ի. Վահանյանին:

Նույն օրը վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը 2021 թվականի մարտի 18-ին բավարարվել է:

Առաջին ատյանի դատարանի այս որոշման դեմ բողոք է ներկայացվել մեղադրյալի պաշտպանի կողմից, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021թ. ապրիլի 9-ի որոշմամբ բավարարվել է, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021թ. մարտի 18-ի որոշումը բեկանվել է և մեղադրյալ Ի. Վահանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:

Կտրականապես համաձայն չլինելով ՀՀ վերանքնիչ դատարանի որոշման և դրա հիմքում դրված պատճառաբանությունների հետ՝ 2021թ. դեռևս մայիսի 6-ին ՀՀ զինվորական դատախազի պաշտոնակատարի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք: