«Սահմանադրական դատարանի սահմանադրական լիազորությունների ժամկետի կրճատումը գործող սամանադրությամբ հնարավոր է, բայց հանրաքվեով»․ Հովհաննես Քոչարյան

Հովհաննես Քոչարյանը (Արխիվային լուսանկար)

Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մի անմեղ բան ասեմ՝ սահմանադրական մարմինների, այդ թվում սահմանադրական դատարանի սահմանադրական լիազորությունների ժամկետի կրճատումը գործող սամանադրությամբ հնարավոր է, բայց հանրաքվեով /նկատի չունեմ սահմանադրական հանրաքվեն/։

Ընդ որում՝ հանրաքվեի դրվող իրավական ակտի նախագծի սահմանադրականության նախնական ստուգում սահմանդրական դատարանի կողմից չի պահանջվելու։ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն սահմանադրական դատարանը մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով: Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով Սահմանադրական դատարան է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը:

Այսինքն ՝ Սահմանադրությունը սահմանել է հարցերի այն շրջանակը, որոնց առիթով հանրաքվե նախաձեռնելու դեպքում անհրաժեշը է հանրաքվեի դրվելիք իրավական ակտի նախագծի սահմանադրականության նախնական ստուգումը։
Սահմանադրության 204-րդ հոդվածի 3-րդ մասը ամրագրում է, որ հանրաքվեի չեն կարող դրվել այն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են սահմանադրական օրենքների իրավակարգավորման առարկային, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարներին, համաներմանը, պետության պաշտպանությանը և անվտանգությանը, միջազգային պայմանագրերին, ինչպես նաև Հանրաքվեի մասին օրենքով սահմանված այլ հարցերի: «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով սահմանադրական մարմնի լիազորությունների ժամկետի կրճատման հարցը հանրաքվեի դնելու արգելք նախատեսված չէ ։ Ի դեպ՝ նույն օրենքի 2001թ խմբագրությամբ գործած տարբերակում այդպիսի արգելք սահմանված էր։

P.S Թերևս, խնդրի հանգուցալուծման այս տարբերակն է իմ կարծիքով իրավաբանորեն ճիշտ ու շահարկումներից պաշտպանված»։