Հայաստանի բանկային համակարգը կայուն է, որևէ խնդիր չկա. Արթուր Ջավադյան

Հայաստանի ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է բանկային գործառույթների սահուն և բնականոն ընթացքը կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ կառավարության արտահերթ նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միևնույն ժամանակ, կենտրոնական բանկը անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգին պատրաստ է տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ Հայաստանում բանկային համակարգի հետ կապված որևէ խնդիր չկա: Ըստ նրա՝ դրա մասին նաև փաստերն են խոսում: «Մի քիչ սկզբում տարբեր հայտարարությունների ներքո ունեցանք որոշ վայրիվերումներ, շուկայում ունեցանք անկայուն վիճակ, սակայն հիմա վիճակն ամբողջությամբ վերահսկվում է և կայուն է»,-ասաց Արթուր Ջավադյանը: