Ադրբեջանի իշխանություններն իրենց ուշադրությունը սեւեռում են Եվրատեսիլը «խափանողների» վրա

Ադրբեջանի իշխանություններն իրենց ուշադրությունը սեւեռում են Եվրատեսիլը «խափանողների» վրա
Ադրբեջանի իշխանություններն իրենց ուշադրությունը սեւեռում են Եվրատեսիլը «խափանողների» վրա

Ադրբեջանցի ֆոտոլրագրող Մեհման Հուսեյնովի դեմ առաջադրված մեղադրանքներն ամրապնդում են այն մտահոգությունները, որ Եվրատեսիլից հետո երկրում կսկսեն հալածել ընդդիմադիր հայացքների տեր ակտիվիստներին:
Հունիսի 12-ին Հուսեյնովի դեմ, որն աշխատում է Ադրբեջանի լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտում (IRFS), մեղադրանք է առաջադրվել մայիսի 21-ին կայացած բողոքի ցույցը լուսաբանելու ընթացքում ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու կապակցությամբ, որի դեպքում առավելագույնը 5 տարվա ազատազրկում է նախատեսված:

 

Բաքվում տեղի ունեցած այս ցույցը կազմակերպվել էր անմիջապես Եվրատեսիլի կիսաեզրափակիչների նախօրեին:

«Մեղադրանքներն աբսուրդ են: Ես ցույցին գնացել եմ որպես լրագրող եւ իմ աշխատանքն եմ կատարել: Ես ոչ ոքի որեւէ դիմադրություն ցույց չեմ տվել: Ընդհակառակը, ոստիկանության աշխատակիցներն էին խիստ կոպիտ վարվում ակցիայի մասնակիցների եւ այն լուսաբանող լրագրողների հետ», – ասաց Հուսեյնովը IWPR-ին:

Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը (CPJ), որը լրատվամիջոցների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություն է, պահանջեց, որպեսզի մեղադրանքներն անմիջապես հանվեն Հուսեյնովի վրայից:

Վերջինիս եղբայրը`Էմին Հուսեյնովը, որը ղեկավարում է Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտը, նշում է, որ ձերբակալության հրահանգը հաստատապես տրվել է վերեւից, ինչը նշանակում է, որ իշխանություններն այսպիսով փորձում են արմատախիլ անել այլախոհությունը, որը նրանք ստիպված էին հանդուրժել Եվրատեսիլի ժամանակ, երբ աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին գտնվում:

«Սա քաղաքական հրահանգ էր: Մեհմանը կարող է համարվել Եվրատեսիլի կապակցությամբ ձերբակալված առաջին անձը: Մենք ամենասկզբից էլ կասկածում էինք, որ մրցույթից հետո կսկսեն հալածել այն ակտիվիստներին ու լրագրողներին, ովքեր հանդես էին գալիս ժողովրդավարական արժեքների, խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության օգտին: Գործընթացը սկսվել է, եւ վախենում եմ`Մեհմանը միակը չի լինելու», – մտահոգվում է նա:

Ֆոտոլրագրողի գործընկերները խոստացել են պայքարել նրան ազատ արձակելու համար:

«Եթե Մեհմանը դատապարտվեց, նա անպայման քաղբանտարկյալ է լինելու: Միաժամանակ, նա կհամարվի նաեւ եվրատեսիլյան առաջին բանտարկյալը: Եթե նման բան պատահի, թող ոչ ոք չկասկածի, որ Եվրատեսիլի հաջորդ եզրափակիչը կուղեկցվի Մեհմանի լուսանկարներով եւ նրան ազատ արձակելու կարգախոսներով», – ասում է «Gundelik Azerbaijan» թերթի գլխավոր խմբագիր Շահվալադ Չոբանօղլուն:

Նույն կարծիքին է նաեւ լրագրող Խադիջա Իսմայիլովան, որին վերջերս փորձել էին շանտաժի ենթարկել նրա իսկ տանը գաղտնի նկարահանված տեսագրության միջոցով: Այս ամենի պատճառը նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի գործարար շահերի վերաբերյալ Իսմայիլովայի պատրաստած ռեպորտաժն էր, որը խիստ շփոթեցրել էր իշխանություններին: Լրագրողն անտեսել էր սպառնալիքները, եւ վերջինիս ու նրա ընկերոջը պատկերող տեսագրությունը հայտնվել էր համացանցում:

«Եվրատեսիլը… գովազդային արշավ էր, որը կազմակերպվել էր իշխանությունների կողմից ողջ աշխարհի համար: Նրանք պետք է վստահ լինեին, որ ոչ ոք այն չի խափանի: Մեհման Հուսեյնովը եւ այլ լրագրողները ցույց տվեցին աշխարհին այս ամենի հակառակ կողմը`քանդված շենքերը եւ մարդկանց հարկադրված տեղահանումը», – ասում է Իսմայիլովան:

«Իհարկե, Մեհմանի նկարահանած տեսանյութերն ու լուսանկարները զայրացրել են իշխանություններին: Այնպիսի տպավորություն էր, թե նա մյուս լրագրողների հետ միասին որոշել էր կեղտոտ լվացք փռել`խայտառակելով ընտանիքը»:

Եվրատեսիլից ի վեր, շուրջ տասնյակ ակտիվիստներ եւ լրագրողներ արդեն իսկ հարցաքննության են ենթարկվել ոստիկանությունում: Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Ջամիլ Հաջիեւը նշում է, որ հունիսի 13-ին իր կազմակերպության 8 ներկայացուցիչների արդեն իսկ ստիպել են ներկայանալ ոստիկանություն:

«Նրանց բոլորին հարցաքննել են Եվրատեսիլի ընթացքում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասին: Այնուհետեւ նրանց խորհուրդ են տվել ողջամիտ լինել եւ մոռանալ բոլոր այս ընդդիմադիր տրամադրությունները», – ասում է նա:

Հունիսի 13-ին ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր ստացած լրագրողներից էր նաեւ «Azadliq» թերթի թղթակից եւ «Ժողովրդական ճակատ» կուսակցության մամլո խոսնակ Նաթիգ Ադիլովը:

Ոստիկանություն ներկայանալու ծանուցագրում նշվում էր, որ Ադիլովը մասնակցել է մայիսի 24-ին Հանրային հեռուստաընկերության շենքի առջեւ կայացած բողոքի ցույցին:

«Այս կապակցությամբ ես պետք է նախնական քննարկման մասնակցեի եւ վկայություն տայի», – պատմում է լրագրողը:

«Իհարկե, ես ներկայացա ոստիկանության բաժանմունք: Իմ վկայության մեջ գրեցի, որ բողոքի ցույցին մասնակցել եմ որպես լրագրող`այն լուսաբանելու համար: Ոստիկանությունում ինձ երկար ժամանակ բացատրում էին, որ ես պետք է այսուհետեւ պաշտպանեմ պետության անվտանգության շահերը եւ փոխեմ իմ ծայրահեղ ընդդիմադիր հայացքները», – ասում է նա:

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության մամլո խոսնակը հայտարարել է, որ հունիսի 14-ին ակտիվիստներից մեկին ձերբակալել են թմրանյութեր պահելու մեղադրանքով:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամլո քարտուղար Օրհան Մանսուրզադեն իր հերթին հավաստիացրել է, որ ոստիկանություն ներկայանալը սովորական գործընթաց է եւ պետք չէ դրան մեծ ուշադրություն դարձնել:

«Եթե որեւէ մեկը կարծում է, որ այս ամենն արվում է վերեւից եկած հրահանգով, ապա դա նրա սուբյեկտիվ կարծիքն է, եւ նա չարաչար սխալվում է: Եթե որեւէ մեկին ստիպում են ներկայանալ ոստիկանություն, ապա դա արվում է նրան ապօրինի գործողություններ կատարելուց պաշտպանելու նպատակով»:

Սակայն այս հայտարարությունները համոզիչ չեն թվում Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի պես միջազգային կազմակերպություններին:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հանել Մեհման Հուսեյնովի դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները եւ թույլ տալ նրան կատարել իր աշխատանքն առանց հալածանքներից վախենալու: Մամուլի եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ այս դաժան ճնշումը պետք է դադարեցվի», – հայտարարել է Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Նինա Օգնիանովան:

Ամերիկյան IREX կազմակերպության ադրբեջանական գրասենյակի իրավաբան Ալեսգար Մամեդլին այն կարծիքին է, որ լավ կլիներ, եթե իշխանությունները զբաղվեին լրագրողների նկատմամբ ոտնձգությունների դեպքերով, ոչ թե նրանց հարցաքննելով:

«Այս երկրում լրագրողներն արդեն սովորել են այս ամենին: Նրանց վիրավորում են, ծեծում, սպառնում կամ շանտաժի ենթարկում: Սակայն հենց լրագրողներն են մշտապես բանտում հայտնվում: Իշխանությունները ցույց են տալիս իրենց բռնատիրական էությունը, սակայն դրանով այդպես էլ չեն կարողանում ոչինչի հասնել: Այս ամենը չի վախեցնում ազնիվ լրագրողներին, եւ ժամանակն է, որպեսզի իշխանությունները գիտակցեն դա», – ասում է լրագրողական մրցանակի արժանացած Իդրակ Աբբասովը, որին ապրիլին ծեծի էին ենթարկել պետական նավթային ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցները:

Սամիրա Ահմեդբեյլին IWPR-ի թղթակիցն է Ադրբեջանում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)