«Միակ պահանջը վարչապետի հրաժարականն է, բայց 17 կուսակցություններով չեն կարողանում գոնե 17 հազար հոգի հավաքել». Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը

Պարո՛ն Զորիկյան, ընդդիմադիրները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են անում։ Ինչո՞ւ են ակցիաները սակավամարդ, ինչո՞ւ հասարակությունը դուրս չի գալիս փողոց։

– Ժողովրդի դուրս չգալը որպես փաստ պետք է արձանագրենք։ Առայժմ 17 կուսակցությունով կարողանում են ընդամենը 500 մարդու ներկայացնել, առայժմ ավելին չեն կարողանում. սա է փաստը։ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ցույցեր էին լինում, երբ տասնապատիկ ավելի մարդ էր փողոց դուրս գալիս, բայց իշխանափոխություն չէր լինում։

Պատճառն այն է, որ այդ կուսակցությունները հնի հե՞տ են ասոցացվում։

– Հանրահավաքն ինչի՞ համար է, որ ժողովրդին ասելիքդ, անելիքդ ներկայացնես և անցնես գործի։ Նման բան չենք տեսնում։

Միակ պահանջը վարչապետի հրաժարականն է, բայց 17 կուսակցություններով չեն կարողանում գոնե 17 հազար հոգի հավաքել։ Լավագույն դեպքում մարդիկ տանը նստած հեռուստատեսությամբ հետևում են, բայց դուրս չեն գալիս։

Պատճառը, այս պարագայում, արդեն էական չէ։ Գուցե ա՞յն չեն պահանջում։

Նրանք մարդկանց հասցեին վիրավորական արտահայտություններ են անում, օրինակ՝ ժեխ են անվանում նրանց, ովքեր Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են կամ փողոց դուրս չեն գալիս։ Ինչո՞ւ է քննարկումն այս մակարդակի։

– Երբ է մարդն անցնում հայհոյանքի, երբ ասելիքն ավարտվում է, բայց գործողություն չի հետևում։ Ցավալի է, որ 17 կուսակցությունների կողմից գործողությունների համոզիչ որևէ ծրագիր չի ներկայացվում։ 

Համոզեք ժողովրդին ոչ թե Նիկոլին հեռացնել, այլ ձե՛զ ընտրել, ձեր գործողությունների ծրագիրը, որովհետև եթե ձեզ ընտրեց, Նիկոլն ինքնըստինքյան կհեռանա։ 

– Ի՞նչ եք նկատում՝ մարդիկ անտարբե՞ր են, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի սահմաններին։

– Իհարկե կան հուսահատություն, ինքնապարփակում։ Ինչպես նախկինում ասում էինք՝ այդպիսի ընտանիք չկա, որ ցեղասպանության հետ առնչություն չունենա, այնպես էլ հիմա պատերազմի հետևանքներն իրենց վրա զգում են գրեթե բոլոր ընտանիքները։ Գուցե սա է պատճառը քաղաքական և քաղաքացիական որոշակի պասիվության։ 

Նույն սահմանների հարցում մարդկանց պետք է գործողությունների ծրագիր ներկայացնել։

Քաղաքական ընդդիմադիր կուսակցությունները, քաղաքական այդ «էլիտան» մարդիկ են, որոնք 30 տարի այսպես թե այնպես եղել են քաղաքականության մեջ կամ իշխանության մաս են կազմել։

Այս առումով նրանք հսկայական փորձ պիտի որ ունենային։ Եթե նույնիսկ իրենք չգիտեն ինչ ասել ժողովրդին, ինչի շուրջ ժողովել ու դուրս բերել փողոց, ուրեմն այս ամենը բոլորովին ուրիշ բան է, մի բան, ինչը ժողովուրդը վաղուց տեսել է, հոգնել, նույնիսկ մերժել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am