Բոբ Մենենդեսը մի շարք սենատորների հետ միասին «Հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ աջակցելու» օրինագիծ է ներկայացրել Սենատ. Factor

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը մի շարք սենատորների հետ միասին «Հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ աջակցելու» օրինագիծ է ներկայացրել Սենատ։Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Նշվում է, որ փաստաթուղթը պատասխան է Ադրբեջանի կառավարության գործողություններին՝ նպատակ ունենալով մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայերին, կանխել լրացուցիչ օգնությունը Ադրբեջանի կառավարությանը և կոչ անել պատասխանատվության ենթարկել հայերի դեմ կատարված ենթադրյալ վայրագությունների համար։

«Մասնավորապես, օրինագիծը չեղյալ կհայտարարի Ազատության աջակցության ակտի 907-րդ ենթաբաժնից հրաժարվելու լիազորությունը, որն արգելում է Ադրբեջանի կառավարությանը ցուցաբերվող օգնության մեծ մասը: Այն նաև թույլ կտա Հայաստանին արտաքին ռազմական ֆինանսավորում տրամադրել, ռազմավարություն մշակել՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, և պատժամիջոցներ կկիրառի Ալիևի վարչակարգի նկատմամբ՝ հայերի դեմ նրա գործողությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ։

«Նախագահ Ալիևը բազմիցս ցույց է տվել, որ ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու՝ Լեռնային Ղարաբաղում հայերին արմատախիլ անելու և իր հարևաններին սպառնալու համար»,- իր հերթին ասել է Մենենդեսը: Նա նշել է, որ երկկոուսակցական օրինագիծն «ամրապնդում է հավաքական աջակցությունը հայերին և հստակ ուղերձ է հղում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ Միացյալ Նահանգները ձեռքերը ծալած չի նստի՝ մինչ Ալիևի ռեժիմը սովի և ռազմական գործողությունների իր դաժան արշավներն իրականացնի»։