Որոշվել է քաղաքական նշանակում կատարել. Սիմոնյանը՝ Մակունցին դեսպան նշանակելու մտադրության մասին

Հեղինակ MediaLab

ՀՀ իշխանությունը որոշել է ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար քաղաքական նշանակում անել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահ  Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով դեսպանի պաշտոնում Լիլիթ Մակունցի թեկնածության վերաբերյալ քննարկումներին:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Մակունցը դիվանագիտական աշխատանքի փորձ չունի՝ Սիմոնյանն ասաց. «Նշանակումները լինում են քաղաքական և դիվանագիտական: Այս փուլում իշխանությունը ճիշտ է գտնում, որ կարող է քննարկել Լիլիթ Մակունցի թեկնածությունը: Ես վստահ եմ, որ ում թեկնածությունն էլ առաջադրեինք, միևնույն է, ինչ-որ բան ասվելու էր, ինչ որ պատճառ բերվելու էր»:

Նրա խոսքով՝ այս դեպքում որոշում է կայացվել քաղաքական նշանակում կատարել:

 «Այն մարդկանց մեծ մասը, որոնք այսօր շատ բուռն քննարկում են Մակունցի թեկնածությունը, նույնիսկ չեն կարող ասել այսօրվա դեսպանի անուն ազգանունը»,- նշեց ԱԺ փոխնախագահն ու հավելեց, որ իրենց քաղաքական ուժի շրջանակում Մակունցի թեկնածության հարցով փոքրիկ քննարկում է եղել:

Սիմոնյանն անկեղծացավ՝ Մակունցն իրեն ավելի շատ դուր է գալիս որպես խմբակցության ղեկավար ԱԺ-ում: «Ես տիկին Մակունցի հետ աշխատել եմ նաև նախարար եղած ժամանակ, բայց ինձ ավելի շատ դուր է եկել աշխատանքը խորհրդարանում: Խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում ես տեսել եմ իր աշխատանքը: Ես տեսել եմ իր կապերը»,-ասաց նա:

Սիմոնյանը նշեց ԱՄՆ գործընկերների հետ Մակունցի կապերի մասին: «Ես տեսել եմ, որ այդտեղ կա հնարավորություն՝ ունենալու մի մարդ, որը կարողանում է «նույն դիվանագիտական, քաղաքական լեզվով» խոսել մեր գործընկերների հետ»,- ասաց ԱԺ փոխնախագահը: