Իրկուտսկում ժանտախտի կասկածով մի շարք բուժհաստատություններ կարանտինի են անցել՝ հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհու մահից հետո։ Տեղական իշխանությունները, սակայն, հայտնել են, որ մահացածի մոտ նրա մասնագիտական գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ չեն հայտնաբերվել։
Այս մասին հայտնում է DW-ն՝ հղում անելով «Люди Байкала» պարբերականին։ Ըստ աղբյուրի՝ կարանտին է սահմանվել Իրկուտսկի թիվ 1, 3 և 10 քաղաքային կլինիկական հիվանդանոցներում, ծննդատանը և Իվանո-Մատրենինյան մանկական կլինիկական հիվանդանոցում։ Շելեխովի Իրկուտսկի ալյումինի գործարանում ևս դիմակային ռեժիմ է սահմանվել։ Նշվում է նաև, որ քաղաքի դեղատներում բնակիչները զանգվածաբար հակաբիոտիկներ են գնել։
Հոկտեմբերի 2-ի գիշերը մահացել է Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա լաբորանտ Դարյա Շիպիլովան։ Նրա մահվան պատճառը պաշտոնապես չի հրապարակվել։ Ռոսպոտրեբնադզորը պետական լրատվամիջոցներին հայտնել է, որ կնոջ մոտ եղել է «անհայտ ծագման թոքաբորբ»։
Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևի խոսքով՝ իրականացվում է հակահամաճարակային միջոցառումների ամբողջական համալիր, իսկ մահացածի հետ շփված բոլոր անձինք վերցվել են բժշկական հսկողության տակ։
Միևնույն ժամանակ հարևան Բուրյաթիայի ղեկավար Ալեքսեյ Ցիդենովն ավելի վաղ գրել էր, որ կնոջ մահվան պատճառը ժանտախտն է։ Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։



















