Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է

Ապրիլի 7-ը  Առողջության համաշխարհային օրն է
Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է
Հեղինակ MediaLab

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով կառույցի հիմնադրումը:

Այս օրը նշելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր է առողջությունը, և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակը բարելավելու համար:

Ամեն տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահական որևէ խնդրի` տարբեր կարգախոսներով և նշանաբաններով, կենտրոնացնելով հանրության ուշադրությունը առողջապահական գլոբալ միտումների և առանձին խնդրի շուրջ:

Այս տարի օրվա թեման է. «Համընդհանուր առողջապահական ծածկույթ. բոլորին և ամենուրեք», կարգախոսը. «Առողջություն բոլորի համար», ինչը կոչ է միջազգային ջանքերն ուղղելու «առողջապահությունը բոլորին հասանելի դարձնելու» նպատակին, որ յորաքանչյուր ոք, առանց ֆինանսական դժվարության, կարողանա ստանալ բարձրորակ առողջապահական ծառայություններ, երբ և որտեղ դրա կարիքն ունենա:

«Առողջություն բոլորի համար» կարգախոսն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է, որ բարձրորակ առողջապահական ծառայությունները հասանելի լինեն անհատների և համայնքների համար, որպեսզի վերջիններս իրենց և իրենց ընտանիքների առողջական կարիքները հոգան, հմուտ բժշկական անձնակազմը բարձրորակ, մարդակենտրոն բժշկական սպասարկում իրականացնի, քաղաքականություն մշակողները պարտավորվեն առողջության առաջնային պահպանման օղակում ներդրումներ իրականացնել:

Առողջապահության նախարարությունը ևս իրականացնում է միջոցառումներ` համընդհանուր առողջապահական ծածկույթին հասնելու նպատակով. համապարփակ բժշկական ապահովագրություն, որակյալ բուժծառայության ապահովում, մարզային հիվանդանոցների որակի բարելավում և այլն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հաղորդագրությունը։