Հատուկ միջոցառում Արարատի մարզում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք. Տեսանյութ

Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները հունվարի 31-ին հատուկ միջոցառում են իրականացրել Արարատի մարզում։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և քրեական ենթամշակույթին հարող անձինք։

Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են հրազեն ու դանակներ, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։

Հատուկ միջոցառման ընթացքում արձանագրվել են ապօրինի պահվող «Կալաշնիկով» ինքնաձիգների, թմբուկավոր ատրճանակի, հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության միջոցառումներն ամենօրյա են։ Քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակական անվտանգության։

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։