Խորհրդարանական արտահերթ ընտրություններ․ ՀՀԿ-ի և դիտորդների կարծիքների տարբերությունը

Խորհրդարանական արտահերթ ընտրություններ․ ՀՀԿ-ի և դիտորդների կարծիքների տարբերությունը
Խորհրդարանական արտահերթ ընտրություններ․ ՀՀԿ-ի և դիտորդների կարծիքների տարբերությունը

Հանրապետական կուսակցության որոշ անդամներ՝ ինչպես նախընտրական քարոզարշավի ընթացքում, այնպես էլ ընտրության օրը հանդես են եկել մի շարք հայտարարություններով, որոնք նպատակ են ունեցել վարկաբեկելու ընտրական գործընթացը։ Անդրադառնանք նմանօրինակ հայտարարություններից մի քանիսին։

Հանրապետական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդել է, որ երկրում վախի մթնոլորտ է, և որոշ մարդիկ ուղղորդում են ընտրողներին։ ՀՀԿ համապետական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանն էլ ընտրությունները որակել է որպես Հայաստանի պատմության «ամենախայտառակը»։

Ըստ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արեց ամեն ինչ, որ ՀՀԿ-ն անցողիկ շեմը չհաղթահարի․ «Փաշինյանն ամեն ինչ արեց, որ 0․2, 0․3%-ը մեզ չհերիքի»։

ՀՀԿ ընտրական շտաբի հայտարարության մեջ էլ ասվում է, որ ընտրությունները անցան «այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրտ ճնշումների և այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ»: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ այս ընտրությունները ժողովրդավարական էին «իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ»։

Նախորդող բոլոր ընտրությունների վերաբերյալ խոսելիս՝ ՀՀԿ-ն ավանդաբար հիմնվել է միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցների վրա, որոնցում տարեց տարի նշվել է, որ տվյալ ընտրությունները «նախորդներից մեկ քայլ առաջ էր»։

Ավանդույթը չխախտելու սկզբունքին հավատարիմ մնալով՝ ներկայացնում ենք միջազգային դիտորդական առաքելությունների եզրակացությունները դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների վերաբերյալ։

Հայաստանում ամենակարևոր միջազգային դիտորդական առաքելություններից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավար Ուրսուլա Գաչեկը հայտարարել է, որ մարդու հիմնարար ազատությունների իրավունքը պաշտպանվել է, և ընտրողների վստահությունը շատ բարձր էր ընտրական գործընթացի նկատմամբ։ Նա հավելել է, որ, ի տարբերություն նախորդ ԱԺ ընտրությունների, այս ընտրությունների ընթացքում չեն եղել հետապնդումներ ընտրողների ու թեկնածուների նկատմամբ։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդներից Պետեր Օսուսկին էլ նշել է, որ լուրջ խախտումներ՝ մասնավորապես քվեների առևտուր և ճնշումներ, չկային։ «Խախտումների ընդհանուր բացակայություն է եղել, այդ թվում՝ քվեների առք ու վաճառք չի եղել, ճնշումներ տեղի չեն ունեցել, ինչն ապահովել է իրական մրցակցություն»,- նշել է նա։

Եվ վերջապես, ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացության, ընտրությունների օրն ընթացել է «հանգիստ, խաղաղ, առանց ընտրողների վրա ճնշում գործադրելու կամ նրանց ահաբեկելու»։

Դրական կարծիք են հայտնել նաև ԵԽԽՎ դիտորդները։ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հեյդի Հաուտալան նշեց, որ ընտրություններն ընթացել են նվազագույն խախտումներով և առանց ընտրողների վրա ճնշումների։ Նմանատիպ հայտարարությունեն արել անգամ ԱՊՀ երկրներից ժամանած դիտորդները։

Ըստ ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի՝ ENEMO-ի, դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողները կարողացել են արտահայտել իրենց կամքը։ Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավին, այն անցել է հանգիստ պայմաններում։

Դրական կարծիք են հայտնել նաև տեղական դիտորդական առաքելությունները։ «Ականատես» դիտորդական խմբի անդամ Սոնա Այվազյանը նշել է, որ ընտրությունները եղել են խաղաղ, բացառությամբ մի քանի միջադեպերի, և արտահայտում են ժողովրդի կարծիքը։

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի նախնական եզրակացությունների մեջ նշվում է, որ նախընտրական քարոզչության ընթացքում բռնությունների և ճնշումների դեպքեր չեն գրանցվել։ Իսկ քվեարկությունն ընթացել է նվազագույն խախտումներով և քվեարկողների ազատ կամարտահայտման հնարավորության պայմաններում:

Այս դիտորդական առաքելությունների հայտարարություններից պարզ է դառնում, որ Հանրապետական կուսակցությունը փորձ է անում վարկաբեկել ընտրական գործընթացը՝ ի հեճուկս դիտորդական բոլոր առաքելությունների եզրակացությունների։

Հատկանշական է, որ այս ընտրությունների արդյունքներն ընդունել են մասնակից քաղաքական բոլոր ուժերը և նույնիսկ ընտրություններին չմասնակցած ուժերը, ինչպիսին է, օրինակ, Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ

Հովհաննես Նազարեթյան

fip.am