Երկրաշարժի ալիքը Երեւանում մարդկանց խուճապահար է արել. Թուրքիայում հաղորդվում է ավերածությունների եւ զոհերի մասին

Երկրաշարժի ալիքը Երեւանում մարդկանց խուճապահար է արել. Թուրքիայում հաղորդվում է ավերածությունների եւ զոհերի մասին
Երկրաշարժի ալիքը Երեւանում մարդկանց խուճապահար է արել. Թուրքիայում հաղորդվում է ավերածությունների եւ զոհերի մասին

Ժամեր առաջ արեւելյան Թուրքիայում գրանցված 7.2 մագնիտուդով հզոր երկրաշարժը ավերածություններ եւ փլուզումներ է առաջացրել. հաղորդվում է անհետ կորածների, վիրավորների եւ զոհվածների մասին:
Ըստ թուրքական պաշտոնական աղբյուրների, ներկա պահի դրությամբ վիրավորների թիվը գերազանցում է հարյուրը: Մեծ վնասներ կրած Վան քաղաքում առնվազն հինգ տասնյակ մարդ հոսպիտալացվել է:

Թուրքական լրատվամիջոցները շարունակում են հաղորդագրություններ քաղաքներում եւ գյուղերում փլուզված շենքերի, վիրավորների եւ զոհերի մասին: Թուրքիայի կառավարության նախարարների մեծ մասը շտապում է Վան: Հաղորդվում է, որ աղետի վայր է մեկնել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Երկրաշարժն ուժգին է եղել Վան քաղաքում եւ հարակից բնակավայրերում,-հայտարարել է Թուրքիայի վարչապետի գրասենյակը` տեղեկացնելով որ վնասի չափերը ճշտվում են:

Երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում: Մայրաքաղաքի շատ թաղամասերում իսկական խուճապ է սկսվել երկրաշարժի ալիքներից: Ըստ ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) տվյալների Երեւանի տարբեր` Նորքի, Ավանի, Հարավ-արևմտյան թաղամասի, Արաբկիրի, Կենտրոնի թաղամասերում եւս հստակ զգացվել է երկրաշաժ` 3–4 բալ ուժգնությամբ:

Առավել ընդգծված ալիքները զգացել են այն թաղամասերում ուր բարձրահարկ շենքեր կան: Խուճապի ալիքը մարդկանց փողոցներ է հանել:

Քիչ առաջ Հանրային հեռուստատեսության եթերում խոսելով` Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը մայրաքաղաքի բնակիչներին հորդորել է խուճապի չմատնվել:

Այնուամենայնիվ Պետրոսյանը երկրաշարժի դեպքում հիշեցրել է այն միջոցառումների մասին, որոնց պետք է հետեւել. անհապաղ դուրս գալ շենքերից` աստիճաններով, այլ ոչ թե վերելակով, կամ էլ պատսպարվել բնակարանի առավել անվտանգ վայրերում՝ հիմնապատերի մոտ, սեղանների կամ աթոռների տակ։

Հիշեցնենք, որ չնայած ժամեր շարունակվող խուճապային տրամադրություններին, հանրային հեռուստատեսությունը շատ մեծ ուշացումով է արձագանքել հարեւան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին, որը ուղղակիորեն ազդեցություն է ունեցել Հայաստանի` մասնավորապես մայրաքաղաքի բնակիչների տրամադրությունների վրա:

Այս ամենին քննադատաբար է անրադարձել «Չենք լռելու» նախաձեռնությունը:

«Հայրենի հեռուստաընկերություններն էլ, այդ տեղեկատվությունը (թեկուզ` վազող տողով) հաղորդելու փոխարեն, իրենց ամենօրյա աղբն են ցուցադրում` ձև բռնելով, թե ոչինչ տեղի չի ունենում,-իր հաղորդագրության մեջ նշել է «Չենք լռելու»-ն,- անկազմակերպվածության այս օրինակը դիտարկում է որպես հայկական հեռուստաընկերությունների` պահի հրամայականին դիմակայելու անկարողության ցայտուն արտացոլում»:

Medialab.am