«Ո՞ւր է Տիգրանաշենը»՝ Պարույր Սևակ համայնքի կազմում․ FIP.am

Սեպտեմբերի 9-ին Panorama.am-ը հրապարակում էր տարածել «Ո՞ւր է Տիգրանաշենը» վերնագրով՝ գրելով, որ համայնքը ներառված չէ համայնքների խոշորացման ծրագրի որևէ փնջում։ Կայքը պնդել էր, թե կառավարությունը պատրաստվում է «անկլավը» հանձնել Ադրբեջանին։

Panorama.am-ը հղվում էր կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում  հավանության արժանացած՝ համայնքների խոշորացման մասին որոշմանը, որի հիմնավորման մեջ Արարատի մարզի Արարատ համայնքի կազմում ներառվում են 12 բնակավայրեր։ Դրանք են՝ քաղաք Արարատ, գյուղ Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Պարույր Սևակ, Սուրենավան, Վարդաշատ, Ուրցալանջ (թվով 12)։ 

«Ուշագրավ է, որ բուն նախագծերում խոշորացվող այս փնջում Տիգրանաշեն գյուղը ներառված է եղել։ Եթե չլիներ համայնքներին հաջորդող փակագծում նշված 12 թիվը, կարելի էր կարծել, որ կառավարությունում անմեղ սխալ են թույլ տվել։ Սակայն հաշվի առնելով՝ նախօրեի Տիգրանաշենը թշնամուն հանձնելու վերաբերյալ մամուլի երեկվա ու ավելի վաղ արված հրապարակումները, կարող ենք ենթադրել, որ Հայաստանի իշխանություններն արդեն կայացրել են թաքուն որոշում Արարատի մարզի այդ գյուղն Ադրբեջանին հանձնելու մասին»,- նշված է հոդվածում։ 

Իրականում, սակայն, ըստ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի՝ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը չունի առանձին համայնքի կարգավիճակ և որպես բնակավայր ներառված է մարզի Պարույր Սևակ համայնքի կազմում։ 

Այսինքն՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի կազմում իսկապես 12 համայնքներ են ներառվում, որոնցից մեկը, այս դեպքում՝ Պարույր Սևակը, իր կազմում ներառում է մեկ այլ բնակավայր՝ Տիգրանաշենը։ 

Տիգրանաշեն բնակավայրը որպես Արարատի մարզի Արարատ խոշորացող համայնքի մեջ ներառվող բնակավայր ներկայացված է օրենքի նախագծի փաստաթղթերից մեկում, մինչդեռ հիմնավորման մեջ այն Պարույր Սևակից առանձնացված չէ, որն էլ Panorama.am-ը ներկայացրել է որպես ապացույց՝ պնդելով, թե «թաքուն որոշում է կայացվել Արարատի մարզի այդ գյուղն Ադրբեջանին հանձնելու մասին»։ 

Փաստերի ստուգման հարթակ