Պետական համակարգում պարգևավճարներ չնախատեսելու հանձնարարական է տրվել

Պետական կառավարման համակարգի մարմիններում, մարզպետարաններում սեպտեմբեր ամսվա պարգևատրումը աշխատողներին տրվել է մինչ ռազմական դրության հայտարարման սկիզբը:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ինչ վերաբերում է հոկտեմբեր ամսվա պարգևատրումներին, ապա հայտնում ենք, որ պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին, մարզպետներին տրվել է համապատասխան հանձնարարական՝ չնախատեսել պարգևատրումներ ինչպես ղեկավար կազմի, այնպես էլ աշխատողների մասով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցներից ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ 1 միլիարդ 24.8 միլիոն ՀՀ դրամ ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ»,- ասված է պարզաբանման մեջ: