Ֆրանսիան զորք չի ուղարկի Ուկրաինա․ հայկական լրատվամիջոցները սխալվում են․ FIP.am

Երեկ հայկական մեդիադաշտում տեղեկություն տարածվեց, ըստ որի, իբր, Ֆրանսիան պատրաստվում է մոբիլիզացնել և Ուկրաինա ուղարկել 9․5 հազար զինվոր և ռազմական տեխնիկա։ Տեղեկությունը քննարկումների առիթ դարձավ նաև սոցիալական մեդիայում։ Նշված լուրը տարածել են shantnews.amarmday.ammediahub.am և infoport.am լրատվական կայքերը։

Վերոնշյալ լրատվականները հոդվածում հղում են անում ֆրանսիական Le Parisien օրաթերթին։ Սակայն, իրականում, հայկական լրատվամիջոցները հոդվածն ամբողջությամբ չեն ներկայացրել՝ համատեքստից կտրելով տեղեկությունը։ 

Ըստ Le Parisien-ի հոդվածի, մասնավորապես, Ֆրանսիան որոշել է ավելի շատ ռազմական տեխնիկա մատակարարել Ուկրաինային՝ ռուսական հարձակմանը դիմակայելու համար։ Ֆրանսիայի գլխավոր շտաբի տվյալներով՝ հաջորդ շաբաթվա վերջին կմոբիլիզացվի ավելի քան 9.5 հազար ֆրանսիացի զինվոր։ «Մենք կունենանք ավելի քան 1500 ֆրանսիացի զինծառայողներ, որոնք անմիջականորեն կմասնակցեն ՆԱՏՕ-ի առաքելություններին՝ ուժեղացնելու դիրքերը արևելյան թևում»,- AFP-ին հայտնել են շտաբում:

Հայկական լրատվամիջոցները հրապարակել են հոդվածի միայն այս պարբերությունը։ Թեև այստեղ էլ Ուկրաինա զորք ուղարկելու մասին խոսք չկա․ ընդամենը նշվում է, որ զորքը մասնակցելու է ՆԱՏՕ-ի առաքելություններին։

Հայկական լրատվամիջոցները ֆրանսիական օրաթերթի հոդվածից դուրս են թողել հաջորդ հատվածները, որտեղ նշվում է, թե մոբիլիզացված զորքը որ հատվածներում պետք է տեղակայվի։ Ըստ հոդվածի՝ ֆրանսիական 500 զինվոր կտեղակայի Ռումինիայում։ Ի լրումն 300-ի՝ ևս 100-ը կտեղակայվեն Էստոնիայում և ևս 600-ը՝ Լեհաստանում։ Մոբիլիզացված զորքից մոտ 8000-ը պետք է պատրաստ լինեն որպես ՆԱՏՕ-ի արագ արձագանքման խումբ։ 

Ընդ որում, պետք է նշել, որ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի կազմում ներկայացված է և զորք ունի վերոնշյալ երկրներից Էստոնիայում և Լեհաստանում, այսինքն՝ նոր զորք է տեղակայվում միայն Ռումինիայում։

Ֆրանսիական լրատվամիջոցը վերնագրում գրել է, որ «Փարիզը համաձայնել է ավելի շատ պաշտպանական տեխնիկա մատակարարել ուկրաինացիներին, մոբիլիզացվել է 9500 ֆրանսիացի զինվոր», ինչը կարող է շփոթություն առաջացնել, սակայն եթե հայկական լրատվամիջոցները հոդվածը ներկայացնեին ամբողջությամբ, նման շփոթություն չէր առաջանա, քանի որ հենց հոդվածում նշվում է, թե զորքը որտեղ պետք է տեղակայվի։

Այսպիսով՝ հայկական լրատվամիջոցներից մի քանիսում տարածված տեղեկությունը, թե Ֆրանսիան պատրաստվում է 9․5 հազար զինվոր ուղարկել Ուկրաինա, իրականությանը չի համապատասխանում։

Փաստերի ստուգման հարթակ