Իրազեկում. «Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով

«Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով։ Առարկայի չափորոշիչը կազմվել է գիտական ժամանակակից հետազոտությունների հիման վրա. սահմանվել են չափելի վերջնարդյունքներ:

Երկրորդ դասարանում ծրագիրը բեռնաթափվել է. մարտավարական հնարքները և մատ թագուհիով և մատ նավակով թեմաները տեղափոխվել են երրորդ դասարան։ Երկրորդ դասարանի ծրագրում հիմնականում թողնվել են խաղային, մինի խաղային և շախմատային գործնական խաղերի թեմաները։

Ներառվել են մեկքայլանի խնդիրների լուծման մրցույթներ (5 ժամ), մատային դիրքերի ստեղծում (5 ժամ), որտեղ սովորողն ինքն է ստեղծում մատային դիրք` իրեն տրված խաղաքարերով։ Նախատեսվում է, որ կուսուցանվեն խաղը վարելու հիմունքները, որը թույլ կտա սովորողին ավելի հմուտ լինել գործնական խաղերի ժամանակ։

Երրորդ դասարանում պարզեցվել է «Շախմատ» առարկայի ամբողջ ծրագիրը. ներառվել են մարտավարական հնարքներ, ռազմավարական թեմաներ, պրակտիկ դասերի համադրումը իրականացվել է տեսականի հետ փոխներգործուն սերտ կապով։ Թեմաներում ներառվել են նախագծային առաջադրանքներ, որոնք նախկինում չեն եղել:

Փոխվել են մեթոդները. առաջադրանքները ոչ թե ուսուցիչը բացատրում է, այլ ուղղորդում է աշակերտներին բացահայտել դրանք։ Շախմատային ռազմավարական դիրքերի ուսուցումն իրականացվում է քննարկումների, բանավեճերի միջոցով, որի նպատակն է զարգացնել սովորողների քննադատական մտածողությունը։

Չորրորդ դասարանի ծրագիրը նախատեսվում է անփոփոխ թողնել, քանի որ բեռնաթափվել էր 2019 թ.-ին։ Այն փոփոխվել է մեթոդապես, մարտավարական հնարքներն իրականացվում են իրավիճակի գնահատման և վերլուծության հիման վրա սովորողին ուսուցչի տված ուղղորդող հարցերի միջոցով։

Այս մասին իրազեկում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։