«Իրական կապիտուլյացիան Ադրբեջանի այս առաջարկներն են». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանին են ուղարկել հինգ կետից բաղկացած առաջարկ՝ հարաբերությունների կարգավորման համար: Ադրբեջանական մամուլում կամ պաշտոնական աղբյուրներում կա՞ն մանրամասներ այս առաջարկության վերաբերյալ:

– Մինչ այս Ադրբեջանը բազմիցս ասել է, որ իրենք խաղաղության պայմանագիր են առաջարկում Հայաստանին և այդպես են պատկերացնում խնդրի վերջնական փակումը: Գիտենք նաև, որ ադրբեջանական կողմի համար ղարաբաղյան հարց այլևս գոյություն չունի, ու այդ տրամաբանության մեջ, իրականում, քիչ թե շատ գծագրվում է, թե ինչպիսին է Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը, որովհետև Ալիևի ու տարբեր պաշտոնյաների հրապարակային ելույթներում դա տեղ է գտել:

Նրանց համար առաջնահերթը, իհարկե, Արցախի հիմնահարցի փակումն է, այսինքն՝ ապագա կարգավիճակի վերաբերյալ որևէ քննարկման բացառում, և Հայաստանը, ըստ էության, պետք է ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում: Վստահ եմ, որ սա այդ փաթեթի կարևոր բաղադրիչներից է: Նրանք նաև հետագայում բարձրացնելու են ու դա մի քանի անգամ արել են տեղեկատվական դաշտում, այսպես կոչված, «անկլավների» հարցը, որովհետև եթե պետք է առաջնորդվեն խորհրդային քարտեզներով, փորձելու են դա դարձնել շահարկման առարկա:

Նրանք, իհարկե, չեն հրաժարվելու նաև «Զանգեզուրի միջանցքից», որովհետև վերջերս կրկին ակտիվացավ այդ մասին խոսակցությունը:

Այս «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված՝ մշտապես հիշում եմ Վազգեն Սարգսյանի այն խոսքը, որ ասում էր՝ մեր տան Մեղրին աշխարհի մեծերին մեր դուռն է բերելու, այսինքն՝ դրա նշանակությունը շատ ավելի հսկայական ու կարևոր է, քան մենք գիտակցում ենք: Ադրբեջանի նպատակն է վերածել Հայաստանը իրենից ոչինչ չներկայացնող պետության, որը չի ունենա ուժ ու կարողություն:

– Ադրբեջանական կողմը նշել է նաև, որ շուրջ մեկ տարի է՝ առաջարկներ են ներկայացրել Հայաստանին, իսկ վերջինս այսքան ժամանակ չի պատասխանել դրանց: Այս ընթացքում ադրբեջանական կողմը երբևէ խոսե՞լ է այս մասին: Եթե հավատանք Ադրբեջանի արտգործնախարարի այս պնդմանը, ինչ եք կարծում՝ ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը գաղտնի պահել այդ հանգամանքը հանրությունից:

– Միգուցե, հուսով եմ, իրենք էլ են գիտակցում այդ առաջարկի կործանարար լինելը հայկական պետության ու պետականության համար, բայց միևնույն ժամանակ վախեցել են հրապարակային դիրքորոշում արտահայտելուց՝ փորձելով լռել այդ մասին:

Հիշում եմ նմանօրինակ հայտարարություններ, որ իրենք խաղաղության պայմանագրի առաջարկություններ ներկայացրել են, բայց կետեր չեն թվել:

Ենթադրում եմ, որ մեր արտգործնախարարության այն հայտարարությունից ելնելով, որ Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով, որոշեցին իրենց պատասխան քայլն անել՝ ասելով, որ այդ պայմանագիրը ոչ թե պետք է բանակցվի, այլ դրված է սեղանին, ու Հայաստանը պետք է ստորագրի: Սա հենց այն կապիտուլյացիան է, որ որոշ ընդդիմադիր գործիչներ շարունակ ասում են, իրականում սա է կապիտուլյացիայի առաջարկը:

Երբ կողմերը նշում են, թե պատրաստ են խաղաղության հաստատման, բայց նույն Ադրբեջանը, մասնավորապես վերջին շաբաթվա ընթացքում, Արցախի Հանրապետությունում ինտենսիվորեն խախտում է հրադադարը, մարդիկ հումանիտար աղետի առաջ են կանգնած, ինչպե՞ս է հնարավոր այդ խաղաղությունը:

– Ադրբեջանի առաջարկած խաղաղությունը ոչ մի առնչություն չունի իրական խաղաղության հետ: Մինչև վերջին պատերազմը խաղաղությունը քիչ թե շատ       բանակցությունների գործընթացում առաջարկվող փոխզիջումային լուծումներն էին, երբ կողմերն իրենց նախնական դիրքորոշումներից հետքայլեր էին անում: Դա ու դրանից հետո հնարավոր խաղաղության պայմանագիրը հնարավոր էր պատկերացնել, դիտարկել, բայց այն ժամանակ էլ դրան հասնելու խնդիրներից էր Ադրբեջանի կողմից պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը:

Ադրբեջանի նպատակն այնքան պարզ է. նրանք ուզում են հայաթափել Արցախն ու ոչ միայն՝ նաև սահմանամերձ շրջանները, նրանք նպատակային ահաբեկչական քաղաքականություն են իրականացնում, այսինքն՝ նրանք խաղաղության չեն պատրաստվում, ուղղակի ամեն լսարանի համար ունեն իրենց սցենարներն ու պատրաստի առաջարկները ու աշխատում են:

Խաղաղության օրակարգի մեր ամենամեծ բացը համարում եմ բովանդակության, տեսլականի, կարմիր գծերի բացակայությունը ու նաև աշխատանքի բացակայությունը: Եթե ընդամենը հետևեք նույն Ադրբեջանի արտգործնախարարության ու տարբեր պատվիրակությունների ակտիվությանը Իրանում և այլ երկրներում ու նայեք մեր գործունեությանը, ամեն ինչ ավելի քան պարզ կլինի:

Ադրբեջանական կողմի ոտնձգություններն Արցախում Հայաստանին ճնշելու նպատակո՞վ են արվում, որպեսզի վերջինս ընդունի այդ առաջարկները:

– Դժվարանում եմ ասել, որովհետև այդտեղ, ըստ էության, շահագրգիռ այլ կողմեր էլ կան, սա միայն Հայաստանի ու Ադրբեջանի հարցը չէ, սա աշխարհաքաղաքական ենթատեքստ ունեցող հարց է, բայց, կարծում եմ, որ իրենք, իհարկե, օգտվում են հանգամանքից, որ ռուսական կողմը բավականին զբաղված է այլ ճակատներում:

Ադրբեջանը մի կողմից ահաբեկում է խաղաղ բնակչությանը, մյուս կողմից էլ, իմ դիտարկմամբ, նրանք ռազմավարական նպատակ էլ են դրել. այդ գյուղերի թիրախավորումը պատահական չէ: Հատկանշական է, որ այդ գործողությունները նաև ուղեկցվում են տեղեկատվական շատ լուրջ գրոհներով: Ամբողջ ադրբեջանական մամուլում հսկայական գրոհ է սկսվել, երեկ էլ Արցախի Ազգային ժողովի պաշտոնական էջը կոտրեցին: Այսինքն՝ մարդկանց ահաբեկելու համար նրանք նաև տեղեկատվական արշավ են սկսել:

Ձեր տպավորությամբ՝ խաղաղության պայմանագրի կնքումը կամ այդ ուղղությամբ բանակցությունների մեկնարկը հնարավո՞ր է, տիկի՛ն Հայրապետյան:

– Չեմ կարող կանխագուշակել մեր իշխանությունների և իմ նախկին գործընկերների քայլերը, որովհետև դրանք, ցավոք սրտի, ընդհանուր տրամաբանական շղթայի մեջ չեն մտնում, որի հիման վրա մենք կարողանանք ենթադրություններ անել: Հաճախ շատ ավելի հեշտ է կանխատեսել ադրբեջանական կողմի քայլերը, քան մեր գործողությունները, ցավով եմ ասում, բայց այդպես է, որովհետև նրանք ունեն ընտրած ձեռագիր, գործելաոճ, որին հավատարիմ մնալով առաջ են գնում՝ բոլոր հետևանքներով հանդերձ:

Մեզ մոտ չկա բովանդակություն, չկա աշխատանք, անհասկանալի հայտարարություններ են ու շատ հաճախ՝ մեկը մյուսին հակասող: Պետության ղեկավարն ամբողջությամբ իրար հակասող հայտարարություններ կարող է անել կես ժամ տարբերությամբ, իսկ այդ պարագայում դժվար է կանխատեսել հետագա գործողությունները:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am