Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու հինգ կետից բաղկացած առաջարկ է ուղարկել․ Բայրամով

Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու հինգ կետից բաղկացած առաջարկ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,- ասել է Ջեյհուն Բայրամովը թուրքական «Անադոլու» գործակալությանը։

Ըստ Բայրամովի՝ խոսքը մեկ էջանոց փաստաթղթի մասին է, որը բաղկացած է հինգ կետից։

«Ադրբեջանական կողմը վերջերս նոր առաջարկ է արել Հայաստանին։ Առաջարկը համապարփակ փաստաթուղթ է։ Մենք հայկական կողմին առաջարկել ենք մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք ըստ էության ներառում են Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը։ Մենք արտահայտել եւ հաստատել ենք մեր կարծիքը՝ պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման հիմնարար սկզբունքներին եւ ավանդույթներին համապատասխան»,- ասել է նա։