Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնել է՝ ովքեր են իր 5 խորհրդականները 

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը չափազանց կարևոր է համարում թիմային աշխատանքը և այնպիսի մարդկանց ներգրավումը թիմում, ովքեր Արցախի ապագայի ու զարգացման հարցերը համարում են իրենց առաջնահերթ նպատակը և ովքեր պատրաստ են այդ նպատակին հասնելու համար ամեն ինչ անել:

Այս մասին Արցախի նորանշանակ Պետական նախարար Ռուբեն Վարդանյանը նշել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման մեջ՝ հայտնելով իր 5 խորհրդականների անունները:

«Որպես Արցախի Հանրապետութան պետնախարարի խորհրդականներ` ինձ հետ միասին աշխատելու են նախկին պետնախարարներ Արտակ Բեգլարանը և Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի մշակույթի և կրթության նախկին նախարար Նարինե Աղաբալյանը, Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը և գործարար Արման Հակոբջանյանը:

Ուրախ եմ, որ Արտակ Բեգլարյանն ընդունեց իմ առաջարկը և մնաց թիմում: Մյուս բոլոր խորհրդականներն աշխատելու են հասարակական հիմունքներով։

Նրանք մարդիկ են, որ համախմբվել են Արցախի ապագայի ու զարգացման ընդհանուր գաղափարի շուրջ։

Շնորհակալ եմ ձեզ և թիմի մյուս անդամներին, որ իմ կողքին եք, և հաջողություն եմ մաղթում այս պատասխանատու աշխատանքում:

Ի ԳՈՐԾ», -նշել է Վարդանյանը: