Շուշան Պետրոսյան. «Կեցցե Էմմին, շնորհավորում եմ իրեն լավ կատարման համար»

Շուշան Պետրոսյան. «Կեցցե Էմմին, շնորհավորում եմ իրեն լավ կատարման համար»
Շուշան Պետրոսյան. «Կեցցե Էմմին, շնորհավորում եմ իրեն լավ կատարման համար»

Երգչուհի Շուշան Պետրոսյանի համար թեև անսպասելի էր այն, որ նախօրեին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած «Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմիին չհաջողվեց նվաճել շաբաթ օրը եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունքը, այդուհանդերձ նա դրա մեջ ոչ մի ողբերգություն չի տեսնում:
«Որ չի եղել, ողբերգություն չէ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց երգչուհին:
Նշենք, որ չնայած մեծ սպասումներին, 19 երկրների մեջ քվեարկության արդյունքում Էմմին իր Boom-Boom երգով չկարողացավ հավաքել բավականին ձայներ և իր տեղն ունենալ եզրափակիչ փուլ անցած Սերբիայի, Լիտվայի, Հունաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Շվեյցարիայի, Հունգարիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի և Իսլանդիայի մասնակիցների կողքին:
Արդեն 56-ամյա պատմություն ունեցող «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը մասնակցում էր վեցերորդ անգամ: Մինչ այժմ Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասը զբաղեցրել է 7-րդ, երգիչներ Անդրեն և Հայկոն` 8-րդ, Ինգա և Անուշ Արշակյան քույրերը` 10-րդ տեղը: Լավագույն արդյունքն առ այսօր Սիրուշոյի 4-րդ հորիզոնականն էր:

Ըստ միջազգային բուքմեյքերների գնահատականների` Էմմիի հաղթանակի հնարավորությունները բավական բարձր էին, և, փաստորեն, Հայաստանի մասնակիցն առաջին անգամ է ձախողում եզրափակիչ փուլ անցնելու հնարավորությունը:

Շուշան Պետրոսյանն ասում է, որ Էմմին շատ պատշաճ է ելույթ ունեցել:

«Լավ ելույթ էր, արտաքինը, հագուկապը: Եվ ինձ դուր եկավ, որ դա մեր հայ վարպետների ձեռքի աշխատանքն էր: Նաև դուր եկավ Վանա Քոչարու անսպասելի հայտնվելը»,- ասում է երգչուհին:

Իսկ նրանք, ովքեր մրցույթից հետո սկսել են քննադատել Էմմիի ելույթը, ըստ երգչուհու, անգամ Էմմիի` կիսաեզրափակիչ անցնելու դեպքում էլ կսկսեին քննարկել, որովհետև «նրանք, ովքեր վարկաբեկում են, կարող են բոլորին էլ վարկաբեկել»:

Շուշան Պետրոսյանն ասում է, որ սա առաջին անգամ չէ, որ «Եվրատեսիլում» իր համար անսպասելի արդյունքներ են արձանագրվում. երգչուհին հիշեցնում է, որ «անցած անգամ մոլդովացի աղջիկը, ով հրաշալի երգեց, բայց չանցավ, կամ նախորդ անգամ հույն երգչուհին, որն էլի շատ հրաշալի երգեց, էլի չանցավ»:

Ի վերջո, Շուշան Պետրոսյանը հիշեցնում է, որ «Եվրատեսիլում» նման արդյունքներ ունեցան այնպիսի հայտնի երգչուհիներ, ինչպիսիք են Ալլա Պուգաչովան և Պատրիսիա Կաասը:

«Էլ մենք ինչի՞ մասին ենք խոսում: Ուղղակի սուբյեկտիվորեն ափսոս էր, որովհետև էմմին շատ ծանր փորձություններ անցավ»,- ասում է Շուշան Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե սփյուռքը պասիվ գտնվեց և պասիվ քվեարկեց, այդ հարցում Շուշան Պետրոսյանը ևս համամիտ է:

«Այո, սփյուռքը այս վերջին երեք տարիներին պասիվ է: Միանշանակ` սփյուռքը պետք է ավելի ակտիվ լիներ»,- ասում է երգչուհին:

Էմմիի ելույթից հետո սոցիալական ցանցերում տարբեր քննարկման մասնակիցները նաև նշում էին այն մասին, որ հայաստանցի մասնակիցը բեմում ներկայանալով բոքսի թեմատիկայով և Արթուր Աբրահամի անունը շոշափելով, փորձել է Գերմանիայում հայտնի հայ չեմպիոնի անունով իրեն PR անել: Շուշան Պետրոսյանը, սակայն, կարծում է, որ դա նորմալ է:

«Շատ լավ էր, լավ PR ոճ էին գտել Արթուր Աբրահամի պահով»,- ասում է Շուշան Պետրոսյանը:

Երգչուհին նաև Հայաստանից իր խոսքն ուղղեց դեռևս Գերմանիայում գտնվող Էմմիին:

«Կեցցե ինքը, շնորհավորում եմ իրեն լավ կատարման համար, իսկ միակ բանը, որ ինձ դուր չեկավ, բեք վոկալն էր»,- նշեց Շուշան Պետրոսյանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am