43 օր անց Ադրբեջանը չի հասել իր նպատակներից և ոչ մեկին. Արցախում նման դիմադրության նրանք չէին սպասում. Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանն արդեն 43 օր է՝ շրջափակման մեջ է պահում Արցախը ու, կարծեք թե, Լաչինի միջանցքը բացելու նպատակ էլ չունի։ Ի՞նչ հիմնական նպատակներ էր դրել իր առաջ Ադրբեջանը, որին պետք է հասներ այս ճանապարհով։ Հասե՞լ է այդ նպատակների իրականացմանը, թե՞ չէ։

– Իրականում Արցախում այսքան ժամանակ շարունակվող դիմադրությունը ու որոշումը, որ իրենք գնալու են այս ճանապարհով, այլ ոչ թե հերթական միակողմանի զիջումների, իսկապես բավականին բարդ կացության մեջ է դրել Ադրբեջանին։

Ադրբեջանը միջազգային առումով բավականին ոչ միանշանակ վիճակում է հայտնվել, որովհետև մենք տեսնում ենք, որ գնալով աճում են կոչերը, հայտարարությունները, ընդունված բանաձևերն ու այլն, ճիշտ է, մենք չենք տեսնում գործողություններ, ասենք՝ պատժամիջոցների կիրառման հետ կապված, բայց, միևնույն է, այս ամենը լրջորեն անհանգստացնում է Ադրբեջանին, որովհետև հարցը միջազգայնացվում է ու միջազգայնացվում է այն տեսանկյունից, որ Ադրբեջանը էթնիկ զտման կամ տեղահանման քաղաքականություն է իրականացնում Արցախում ապրող հայերի նկատմամբ։ 

Ադրբեջանի նպատակները մի քանիսն էին․ առաջանահերթ՝ իհարկե, հանք մտնել, հետո տեղադրել ստուգման անցակետեր, ու նաև՝ իրենց կարևոր խնդիրներից է հասնել Ռուբեն Վարդանյանի հեռացմանը: Ադրբեջանական աղբյուրները պարզ գրում են այդ պահանջների մասին, բայց, ըստ էության, այս պահին իրենք որևէ խնդիր չեն լուծել: Դժվարանում եմ ասել, թե այս վիճակը դեռ որքան կշարունակվի, ճիշտ է, միջազգային ճնշումն ավելանում է, բայց դեռ այն ազդեցությունը չի ունենում, որ Ադրբեջանը գնա միջանցքի բացմանը։

– Ո՞ր պահանջի կամ պահանջների դեպքում Ադրբեջանը կբացի միջանցքը։ 

– Հետաքրքրական է, որ վերջին շրջանում շատ ինտենսիվ ընթանում են Իրան-Թուրքիա-Ռուսաստան բանակցություններ և՛ մեր տարածաշրջանի, և՛ Սիրիայի ու այլ տարածաշրջանների հետ կապված, և ինձ համար շատ հետաքրքրական էր, որ իր վերջին հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը մի քանի ակնարկ արեց, որ ոչ ոք այդպես էլ բացատրություն չի տվել, թե ինչպես են, ըստ իրենց, Իրանի քաղաքացիները հայտնվել Արցախում: 

Մյուս ակնարկն այն էր, որ իրենք ունեն տեղեկություններ, որ Արցախի հանքերը ոչ միայն հայերն են շահագործել, այլ նաև այլ պետություններ, ու ես ենթադրում եմ, որ ակնարկում էր ռուսական կողմին։

Ես շանտաժի տարր զգացի նրա խոսքում, ուստի գուցե նրանք մտավախություն ունեն, որ այս եռակողմ խոսակցությունների շրջանակներում նաև քննարկումներ են ընթանում միջանցքի հետ կապված ու, օրինակ՝ կարող են փոխադարձ պայմանավորվածություններ լինել, որոնք այնքան էլ Ադրբեջանի սրտով չեն լինի: Կարծում եմ՝ առնվազն այս մտավախությունը կա Ադրբեջանում, դրա համար էլ Բայրամովն իր խոսքում կիրառեց այդ, ըստ էության, շանտաժի տարրը։

– Ռուբեն Վարդանյանի անձի շուրջ ադրբեջանական ուշադրության հիմնական պատճառն այն է, որ իրենք ի սկզբանե հայտարարեցին, որ իբր նա Ռուսաստանի կողմից է նշանակված, թե՞ Ադրբեջանում այլ խնդիր են տեսնում՝ պայմանավորված Վարդանյանի անձով։

– Ամենամեծ խնդիրը, որն իրենք նաև նշում են իրենց ներքին քննարկումների ժամանակ, Ռուբեն Վարդանյանի հայտարարություններն են առ այն, որ Արցախը չի լինի Ադրբեջանի մաս։

Իրենց ներքին քննարկումներում ասում են, որ կային մարդիկ, որոնց հետ իրենք աշխատում էին, այսինքն՝ կենցաղային մակարդակով հարցեր էին լուծում, ու ասում են, որ իրենց պետք է մարդ, որն աշխատանք կտանի հօգուտ Ադրբեջանի հետ ինտեգրման, իսկ Ռուբեն Վարդանյանի աշխատանքն ամբողջությամբ դրա դեմ է, ու նա ամբողջ աշխարհի հետ կոմունիկացնում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս, և դա իրենց մեծ մտահոգություն ու անհանգստություն է պատճառում։ 

Նրանց ներքին դաշտի տրամաբանությունը սա է, որ Ռուբեն Վարդանյանը դեմ է որևէ ինտեգրման, դա համարում է Արցախի համար կործանարար ու իր աշխատանքն ուղղում է այդ ամբողջի դեմ, իսկ դա շատ է անհանգստացնում ադրբեջանցիներին, որովհետև, իրենց բնութագրմամբ, իրենք կարող էին գործընկերներ գտնել Արցախի ներսում, եթե Ռուբեն Վարդանյանը չլիներ։

– Այսինքն՝ իրենք Արցախում ուզում են պաշտոնյա, որը ադրբեջանական թեզե՞րն առաջ կտանի, տիկի՛ն Հայրապետյան։

– Պաշտոնյա, որը լուռ կլինի, որևէ հրապարակային խոսք չի հնչեցնի, միջազգայինների հետ կապի դուրս չի գա, ու, այդպիսով, խնդիրը կփոքրանա և կհայտնվի Ադրբեջանի ներքին դաշտում, որովհետև երբ դու խնդրի մասին բարձրաձայնում ես, Եվրոպական խորհրդարանն է բանաձև ընդունում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է քննարկում հարցը, միջազգային լրատվականների հետ ես դու շարունակ խոսում, հայտնի հայերն են դրա մասին գրում, խնդիրը գնալով ավելի է միջազգայնացվում։ 

Ճիշտ է, այս ամենի արդյունքում մենք դեռ ճանապարհի բացում չունենք, բայց նաև Ադրբեջանը չունի իր նպատակների իրականացում 43 օր անց, իսկ դա մեծ ժամանակահատված է, ու ես չեմ կարծում, թե նրանք հաշվարկել էին, որ նման դիմադրության էին հանդիպելու։

– Ձեր տպավորությամբ՝ եթե չլիներ Ռուբեն Վարդանյանը, Արցախում կլինե՞ր այս դիմադրությունը, թե՞ ոչ։

– Դժվարանում եմ պատասխանել, բայց իմ տպավորությամբ՝ ավելի շատ ոչ, քան այո, Վարդանյանի այնտեղ լինելը, իր կապերն օգտագործելու փորձերը, հանրությանը դրա շուրջ մոբիլիզացնելը։ Եթե Ռուբեն Վարդանյանի այն խոստումը, թե ժողովրդի մեջքի հետևում որևէ բան չի արվի, պահվի, ապա դա իսկապես լուրջ դեր կխաղա հանրություն-իշխանություն կապը վերականգնելու համար։

– Տիկի՛ն Հայրապետյան, Արցախի խնդրի միջազգայնացմանը որքանո՞վ են նպաստում Ռուբեն Վարդանյանի տված հարցազրույցները օտարերկրյա լրատվամիջոցներին։

– Ռուբեն Վարդանյանի գործոնը իսկապես մեծ դեր է խաղացել, ու կարող եմ ասել նաև, որ միջազգային ներկայացուցիչների հետ իմ ունեցած տարբեր հանդիպումների ժամանակ նրա հետ կապված հարցերն ու հետաքրքրությունները շատ են, բայց նաև նշեմ, որ այդ հետաքրքրության մեծ մասը հենց Ադրբեջանն է ստեղծել, այսինքն՝ տարբեր հանդիպումների ժամանակ իրենք այնքան են խոսել Ռուբեն Վարդանյանի մասին, որ իրենց կամքից անկախ միջազգայինների շրջանում մեծացնում են նրա հանդեպ հետաքրքրությունը։ Բնականաբար, Վարդանյանի կապերը կան, ու ակնհայտ է, որ շատ բաներ հենց այդ կապերի շնորհիվ են։

– Ստացվում է, որ Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանի անձի շուրջ կենտրոնացումը շատ ավելին է, քան կարո՞ղ էր լինել։

– Միանշանակ, սկսած դեռ այն օրվանից, երբ նա տեղափոխվեց Արցախում ապրելու։ Սկզբում, ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, շեշտվում էր, թե Ռուսաստանի կողմից է ուղարկված, բայց ներքին դաշտում դիսկուրսն այլ ուղղությամբ է գնում։ Նրան ու նրա կապերը դիտարկում են որպես խոչընդոտ իրենց ծրագրերի իրականացման համար, ու պատահական չէ, որ նրա հեռացումը դրել են պահանջ։ 

Ուշադրությունը շատ-շատ մեծ է, անընդհատ գրում են նրա մասին։ Ադրբեջանական հաղորդումները որ նայեք, դրանց մի 80%-ը Ռուբեն Վարդանյանի ու Արցախի ներքաղաքական կյանքի մասին է առհասարակ։ Ներքին դաշտում նույնիսկ համեմատություն են անցկացնում, թե իբր Ռուբեն Վարդանյանը իրենց համար նույնն է, ինչ եղել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am